Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Նոր սկանդալ՝ իսրայելական անօդաչու սարքերի շուրջ

Երկու շաբաթ առաջ Հայաստանում էր Իսրայելի տարածաշրջանային համագործակցության հարցերով նախարարի գլխավորած պատվիրակությունը: Սա լուրջ հույսեր էր առաջացրել, որ  երկկողմ հարաբերություններում նոր զարգացումներ կգրանցվեն: Այսօր արդեն իսրայելական անօդաչու թռչող սարքերն ու դրանք արտադրող ընկերությունը նոր սկանդալի կենտրոնում են հայտնվել: Պարզապես բիզնե՞ս, թե՞ թշնամական վերաբերմունք Հայաստանի հանդեպ՝ այս հարցերն անգամ այսօր փորձում են գտնել սոցցանցերի օգտատերերը: Իսրայելական մամուլի աղմկահարույց բացահայտումների հետքերով այսօր գնացել է նաեւ «Ռադիոլուր»-ը:   Հայ-իսրայելական բարելավվող հարաբերությունների ֆոնին իսրայելական մամուլը հրապարակել է մի տեղեկություն, որը լուրջ պարզաբանումների կարիք ունի՝ համապատասխան հետեւություններով: Առայժմ, սակայն, ինչպես ասվում է «գնդակը Իսրայելի դաշտում է»:  Այդ պետության պաշտպանության նախարարությունը հետաքննություն է սկսել Aeronautics Defense Systems ընկերության նկատմամբ: Այդ ընկերությունը Ադրբեջանին անօդաչու  թռչող սարքեր է վաճառում: Սակայն խնդիրն այլ է: Իսրայելական պարբերականներին հայտնի է դարձել, որ հերթական գործարքի ժամանակ ադրբեջանական կողմը խնդրել է գործընկերներին անձամբ փորձարկել անօդաչու սարքերը՝ ուղղելով դրանք հայկական դիրքերի ուղղությամբ:  Իսրայելցի շարքային օպերատորները հրաժարվել են մասնակցել այդ գործողությանը: Վերադարձից հետո, երբ նրանցից մեկը բողոք է գրել եւ հեռացել ընկերությունից, երկրորդը պատրաստվում է հեռանալ, պարզ է դարձել, որ պատվիրակության ղեկավարությունը, այնուամենայնիվ, մասնակցել է մեր դիրքերին հարվածելու գործողությանը։ Իսրայելի Պաշտպանության նախարարությունը հետաքննում է հենց այդ փաստը: Հայաստանում տարվող առայժմ մասնավոր  ուսումնասիրությունները պարզել են մի հետաքրքիր զուգադիպություն փորձարկումների եւ հայկական կողմից սահմանում տեղի ունեցածի առնչությամբ՝ «Ռադիոլուր»-ին պատմել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի ներկայացուցիչ, Ադրբեջանի հարցով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը: Մասնագետների կողմից խնդիրն արտառոց է գնահատվում, քանի որ իսրայելական ընկերությունները թեեւ զբաղվում են զենքի վաճառքով ու Ադրբեջանում իրականացնում է այդ զենքի գործարկման ուսուցումը, բայց Իսրայելի օրենքներով այդ պետության քաղաքացիներին արգելվում է մասնակցել որեւէ այլ՝ երրորդ պետության դեմ ռազմական գործողություններին: Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի կարծիքով այս միջադեպը չի կարող ազդել հայ-իսրայելական բարելավվող հարաբերությունների վրա՝ թեեւ խնդիրը լուրջ է համարում, բայց եւ համոզված է՝ իսրայելական կողմը չի ստիպի մեզ ըմբռնումով մոտենալ իրենց բիզնեսին: Ադրբեջանում իսրայելական փորձարկումների լուրն արդեն մեծ տարածում է ստացել սոցցանցերում՝ օգտատերերի մի մասը ոգեւորվել է  Ադրբեջանի առաջարկը մերժած շարքային օպերատորների մարդասիրական քայլից, մյուս մասը չի մոռանում հիշեցնել, որ իսրայելական պատվիրակության ղեկավարությունը, ամեն դեպքում, թիրախավորել է հայկական դիրքերը: Եվ ահա, թե ինչ մեկնաբանություններ են գրված սոցցանցերում. «Անձամբ ես երբեք կասկած չեմ ունեցել, որ 2016-ի ապրիլին հայկական ավտոբուսի ու շտաբի վրա հարձակում գործած անօդաչու թռչող սարքերը ղեկավարել են հենց իսրայելցի օպերատորները… » «Իսրայելի ռազմական ղեկավարությունը հետաքննություն է սկսել: …. Չեմ կարող հասկանալ պարզապես ում են պատժելու»: «Ա մեն ինչ խճճված է՝ ինչ որ մեկը հրաժարվել է, իսկ ինչ-որ մեկը, հնարավոր է նաեւ կամավորներով ավտոբուսին է փորձել հարվածել… »: «Մասնավոր լինելով հանդերձ, էդքանի իրավունք չունի, քանզի դառնում ա նայոմնիկություն»: «Այո, նայոմնիկություն ա։ Դրա համար էլ պետությունը՝ հանձին ՊՆ—ի հետաքննություն ա սկսել ու մի բան էլ հետաքննությունը գաղտնի չի անում։ Ավելին՝ եթե ՊՆ-ն էդ հետաքննությունը չսկսեր, կամ սկսեր ու գաղտնի աներ՝ էս դեպքի մասին ոչ մեկը ոչ մի բան  չէր իմանա»: Իսրայելի պաշտպանության նախարարությունը հարցի առնչությամբ նշել է. «Որպես կանոն, պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում ռազմական արտահանումներին առնչվող հարցերը: Այս դիմումն ուսումնսիրվում է նախարարության համապատասխան մարմինների կողմից»: Aeronautics Defense Systems-ի մամլո ծառայությունը նույնպես շտապել է պարզաբանել, որ «իրենց մասնագետները երբեք ցուցադրություն չեն իրականացնում կենդանի թիրախների ուղղությամբ: Նույնը վերաբերում է նաեւ տվյալ դեպքին»: Ու ամեն դեպքում իսրայելական պարբերականները հիշեցրել են, որ հենց իսրայելական անօդաչու սարքերով են ադրբեջանցիները 2016-ի ապրիլին հարվածել հայկական դիրքերեին եւ խաղաղ բնակչությանը: Երկու շաբաթ առաջ այս խնդրին անդրադարձել էր նաեւ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, որ ամենաշատ զոհերը ապրիլյան քառօրյա պատերազմում ունեցել ենք հենց իսրայելական անօդաչու սարքերի պատճառով: Ի դեպ, հուլիսի վերջում Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարի ղեկավարած պատվիրակությունը Հայաստանում էր: Հույսեր կան, որ սա մի քայլ է երկկողմ համագործակցությունը նոր  մակարդակի հասցնելու համար: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը չի կարծում, որ Իսրայելը խանդով կվերաբերվի իր դարավոր հակառակորդ՝ Իրանի հետ Հայաստանի խորացող կապերին: Քաղաքագետը  խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել կոնկրետ փաստի վրա: Իսրայելցի երկու օպերատորների կողմից Ադրբեջանի  պահանջից հրաժարվելը նա դիտարկում է իբրեւ Հայաստանի հանդեպ հրեական համայնքում վերաբերմունքի փոփոխություն:

Հայաստանի հանրային ռադիո