Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Նոր վարակ ձեռք բերելու ռիսկերը ՀՀ հիվանդանոցներում կառավարելի՞

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում այս տարվա հուլիսի 10-ին ծնված 2 երեխաների մոտ արյան վարակի առաջացման աղմկահարույց թեման շարունակվում է: Ինչպե՞ս ստացվեց, որ կենտրոնում մեկ օրում 2 ժամվա տարբերությամբ ծնված երկու երեխա միանգամից արյան վարակ ստացան, ինչու են ծնողները շարունակում դժգոհել թե հիվանդանոցային պայմաններից, թե իրենց հանդեպ անտարբերությունից: Ինչու մայրերը տեղյակ չեն եղել իրենց վարակի մասին, եթե նրանք, ինչպես առողջապահության նախարարն է պնդում, ունեցել են վարակ: Ի վերջո՝ ինչու են այս հարցոմ միմյանց հակասում հենց բժիշկների եզրակացություններն ու տեղեկանքները:     Փարվանյանների ընտանիքը շարունակում է փնտրել իրենց պատուհասած խնդրի պատճառն ու մեղավորներին: Հուլիսի 10-ին ընտանիքի համալրման երջանիկ լուրին մեկ-երկու օր անց հաջորդեց բժիշկների հաղորդած տեղեկությունը՝ նորածինն արյան վարակ ունի: Մհեր Փարվանյանը՝ նորածնի հայրը, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում վստահություն է հայտնում՝ երեխան վարակը ձեռք է բերել ծննդաբերությունից հետո՝ հիվանդանոցում: Պնդումը զրուցակիցս հիմնավորում է այսպես՝ «Մեզ հենց առաջին օրն են ասել՝ երեխայի ծնվելուց հետո ԲԱԿ անալիզ են վերցրել, ու ամեն ինչը նորմի մեջ է եղել: Մեզ դա ասել են բանավոր, մեզ չեն տվել այդ մասին որեւէ թուղթ»: Հղիությունը վարել եւ ծնունդն ընդունել է Հանրապետականի գինեկոլոգ Արա Դրամփյանը: Նրանից ծնողները դժգոհ չեն: Բողոքն ուղղում են այլ մասնագետների, իսկ հիվանդանոցային պայմանները՝ նորածնին պահելու անփութություն, նորածինների մոտ բոլորի մուտքն անարգել թույլ տալ, զրուցակիցս առնվազն անթույլատրելի է համարում: Մհեր Փարվանյանի փոխանցմամբ՝ երեխայի ծնունդից հետո՝ 1-2 օրվա ընթացքում, մայրը նկատել է երեխայի մաշկի գույնի անսովոր փոփոխություն: Բժիշկները նախ բացատրել են՝ թթվածնային անբավարարություն է, քանի որ երեխան վաղաժամկետ ու թերքաշ է ծնվել: Մորը երեխայի մոտ չեն թողել,  իսկ երբ մայրը նկատել է, որ երեխայի սնուցումն արդեն անջատված է, իսկ երեխայի մաշկի գույնը՝ արտառոց, բժիշկներին խնդրել է բացատրել՝ ինչ է կատարվում: «Մոտենում է բաժնի վարիչը՝ Սերինե է անունը, ազգանունը չեմ հիշում, ասում է՝ ձեր երեխան ինֆեկցված է, չե՞ք տեսնում՝ թույլ է:  Կինս հարցնում է՝ ի՞նչ երաշխիք կա կյանքի եւ առողջության, եթե էսպես մնա: Հնչում է պատասխան՝ կարո՞ղ է գառանտիյնի կտրոն էլ ուզեք»: Երեխային շտապ տեղափոխել են «Մուրացան» բուժկենտրոն: Ամսից ավելի բուժման  արդյունքում փոքրիկն առողջ է, ծնողները՝ գոհ: Երեխայիս փրկեցին՝ պատմում է շնորհակալ հայրը, բայց միաժամանակ բարձրացնում հարց հարցի հետեւից՝ ինչպե՞ս հանկարծ պարզվեց, որ 9 ամիս մշտական հսկողության տակ գտնվող իր կինը վարակակիր է, ու եթե անգամ վարակակիր է՝ ինչո՞ւ բուժում չի ստացել: «էպիկրիզները կան հղիության ընթացքի եւ կեսարյան հատման մասին: Դրանցում ոչ մի տող չկա ինֆեկցիայի մասին: Բնականաբար, ինֆեկցիա չի էլ եղել: Եթե նույնիսկ եղել է ինֆեկցիա ու թղթերի մեջ չկա, բնականաբար, մայրերն այդ դեպքում պետք է համապատասխան բուժում ստանային, բայց նրանք այդպիսի բուժում չեն ստացել: Նման բուժման մասին էլ որեւէ տեղեկություն չկա»: Ծնողների մեղադրանքը հանրապետական հիվանդանոցից մեկնաբանել են՝ անհիմն է, «հիվանդանոցային պայմանները կապ չունեն»: Ներհիվանդանոցային ինֆեկցիայի փաստ չի ֆիքսվել երկու երեխաների դեպքերում էլ՝ օրեր առաջ էլ հայտարարեց առողջապահության նախարարն ու հավելեց՝ մինչև ծննդաբերելը երկու մայրն էլ ունեին ներարգանդային ինֆեկցիա: Երկու ծնունդն էլ վաղաժամ է եղել: «Այսինքն, եթե նույնիսկ բժիշկները նշանակել են ներարգանդային ինֆեկցիայի բուժում, ուղղակի ժամանակ չի եղել այդ բուժումը հասցնելու ավարտին»,-նշեց Լեւոն Ալթունյանը: Բայց որ ներհիվանդանոցային ինֆեկցիայի առումով Հայաստանը շատ անելիք ունի՝ նախարարը չի հերքում: «Մենք չունենք մեծ քանակությամբ ներհիվանդանոցային ինֆեկցիաներ՝ շնորհիվ  հակաբիոտիկների լայնածավալ օգտագործման։ Այս ոլորտում մենք շատ ու շատ անելիքներ ունենք»։ Ներհիվանդանոցային վարակի դեպքեր Հայաստանում էլի են գրանցվել: Քաջարանի հիվանդանոցում 7 քաղաքացի հեպատիտ C-ով վարակվեց: Քրեական գործ հարուցվեց  սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու համար: «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետա Զոփունյանը, վկայակոչելով սեփական հետազոտությունը, հայտարարում է՝ առողջապահական ոլորտի կարգավորող օրենքները լավն են, միայն թե օրենքների կիրառումն է կասկածելի: Ի՞նչ պարբերականությամբ են ստուգվում բուժհաստատությունները, խնդիրների դեպքում ի՞նչ պատասխանատվություն են կրում դրանք՝ հարցեր են, որոնք պատասխան են փնտրում՝ ասում է «Ռադիոլուր»-ի զրուցակիցը: «Ամենամեծ թերացումը վերահսկողությունն է: Օրենսդրական մակարդակով կա պահանջ բուժհաստատության վրա,  որ պետք է սանիտարահիգիենիկ պայմանները պատշաճ լինեն, հիվանդի անվտանգության իրավունքը պահպանվի:  Բայց թե դրա նկատմամբ ինչ վերահսկողություն կա, այդ մասով բաց է: Հարցը պետք է դիտարկվի սանկցիաների եւ վերահսկողության տեսանկյունից»: Որպես խնդրի լուծում՝ Հայաստանն ընդունել է ներհիվանդանոցային վարակների վերահսկման եւ կանխարգելման ծրագիր։ Դրանում թվարկված խնդիրներն ու անելիքները առնվազն հաստատում են՝ անելիք շատ կա: Բժշկությունը զարգանում է, բայց այդ վարակների 2/3-ը շարունակում է մնալ անհաղթահարելի: Ներհիվանդանոցային վարակները ողջ աշխարհում են շատանում ու ավելի մահաբեր դառնում՝ վիճակագրությունն է փաստում: Զարգացած երկրների նույնիսկ ժամանակակից հիվանդանոցներում բուժվողների 5-12%-ի մոտ զարգանում են բուժման հետ կապված վարակներ: Զարգացող երկրներում հիվանդների ավելի քան 25%-ն է ներհիվանդանոցային վարակակիր դառնում։ Պատճառը  հակահամաճարակային նորմերի խախտումն է, բժիշկների անփութությունն ու գրագիտության պակասը: Առավելի խոցելի են  նորածինները, տարեցները, հղիները: Վերադառնանք հայաստանյան դեպքին: Արյան վարակ ձեռք բերած երեխայի հայրը  շարունակում է վրդովվել՝ ինչու անգամ հասարակ նկատողություն չեղավ մեղավորներին: Իրենք պատրաստ են դատարան էլ հասնել՝ միայն թե պատճառն ու մեղավորը պարզվեն: Թող այլ երեխաների այս խնդիրը չպատուհասի՝ ասում է:

Հայաստանի հանրային ռադիո