Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Նրա երգերը հաճախ փոխարինում էին փամփուշտներին. գուսան Հայկազունը 65 տարեկան է

Արցախյան պատերազմի օրերին նրա երգերը փոխարինում էին մեր սուղ փամփուշտներին` բարձրացնելով հայ ֆիդայու մարտական ոգին ու կորովը:  Գուսան Հայկազունի երգերը նաև ամրագրեցին մեր հաղթանակն ու գոյության իրավունքը: Պատերազմի ողջ ընթացքում նա հայ զինվորի կողքին էր: Արցախյան պատերազմում  գուսան Հայկազուն դարձած  մասնագիտությամբ շինարար-ճարտարագետ Գագիկ Նազարյանը երեկ տոնում էր ծննդյան 65-րդ տարեդարձը: Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած ՝«Ի զեն հայեր» խորագիրը կրող համերգին հնչեցին նրա հին ու նոր երգերը։   Գուսան Հայկազունի երգն է, որը հնչում է  Արամ Խաչատրյան համերգասրահի ոչ միայն բեմից, այլև՝ դահլիճից:  Գետաշեն», «Պիտի գնանք վաղ թե ուշ», «Հպարտ գնացեք», «Հայեր, միացեք». դեռ 88-ից ծնված ու արցախյան պատերազմում հայ զինվորին ու մեր ողջ ժողովրդին ուժ ու ոգի պարգևած  այս երգերը գիտեն ու անգամ կատարում եմ շատերը, բայց հեղինակին, ավաղ՝ շատերը չեն ճանաչում: Գուսան Հայկազուն. փոքրամարմին այս մարդու մասին գեներալ-մայոր Արկադի Տեր- Թադևոսյանն ասում էր. «Սա միայն նրա անտենան է, ինքը գետնի տակ է, իր  արմատներով հայ ժողովրդի մեջ է խրված»: Գուսանի երգերի մասին այսօր ասում է՝ պատերազմի տարիներին դրանք զենք էին մեր ձեռքերում։ «Սկզբում նա կռվում էր Արցախում, բայց հետո հրամանատարն ասաց՝ կարող է զոհվես, ավելի լավ է՝ գնա, երգ գրիր»,-հիշում է Մահապարտներ գնդի 5-րդ դասակի հրամանատար Սպարտակ Մաթևոսյանը։ Պատերազմ եք գնում, բարով գնացե՛ք, Վարդանի արյունն է Ձեր մեջ, իմացե՛ք, Նոր կազմավորված Հայոց բանակի, Առաջին զինվորն եք, հպարտ գնացե՛ք: Գուսանի ՝ «Հպարտ գանացեք» հայտնի երգը նվիրված է արցախյան պատերազմի հերոս Դուշման Վարդանին : Հերոսի մոր՝ տիկին Զարիկի համար գուսան Հայկազունի երգերը կորստի դեմ պայքարելու ուժի  ու զորության աղբյուր են։ Գուսանի երգը և որդեկորույս մորն  է կանգուն պահում, և արգանդում զավակ կրող մորն է ուժ տալիս: Հայ  զինվորի համար այդ երգը  ոգու, հավատի անսպառ աղբյուր է: Հենց այդ ոգով ու հավատով նրանք պահեցին ու շարունակում ենք պահել մեր սուրբ հողը: Եզակի և մեծատառով մարդ, որը ժամանակին եկավ իր հայրենիքը պաշտպանելու   նախ զենքով, ապա՝  գրչով ։ «Այս տարի իրականացան իմ երեք մեծ նպատակները. նախ՝ անձնագրում  փոխեցի ազգանունս ու դարձա  Գագիկ Հայկազուն, բոլորովին վերջերս  ծնվեց 5-րդ զավակս՝ Անահիտը, ստացա բնակարան Երևանի քաղաքապետարանից»,-  ասում է գուսանը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում ծննդայն 65-ամյակին նվիրված համերգն էլ համարելով  տարվա լավագույն իրադարձություններից մեկը: Գուսան Հայկազունի նոր երգերից մեկը կոչվում է ՝ «Լավագույն տղերքը մենք ենք, մենք, որ կանք ու ապրում ենք մեր երկրում, դժվարություններից չենք փախչում, մենք, որ կարող ենք ուս ուսի տալ, միանալ ու համառորեն առաջ շարժվել»: 88-ին ծնված գուսանի  առաջին երգը  ժամանակի ու իրավիճակի ծնունդ էր, այն  միացման կոչ էր՝ ուղղված մեր ողջ ժողովրդին: «Հայեր միացեք» երգն այսօր էլ արդիական է, որովհետև միասնականության մեջ է մեր գոյատևման ամենամեծ գաղտնիքը։

Հայաստանի հանրային ռադիո