Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Խորհրդարանն ու նրա էթիկայի հանձնաժողովը. խոսուն թվեր

5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանում ձևավորվեց ԱԺ էթիկայի առաջին հանձնաժողովը: Հայաստանյան պառլամենտարիզմի պատմության մեջ առաջին անգամ կանոնակարգման առարկա դարձավ պատգամավորների էթիկական վարքագիծը: Հանձնաժողովի իրավասությունների շրջանակում հայտնվեցին նաև շահերի բախմանն  ու  ձեռնարկատիրական գործունեությամբ  չզբաղվելու արգելքին վերաբերող հարցերը: Որ միջադեպերն արժանացան էթիկայի հանձնաժողովի ուշադրությանը, ինչ ուշագրավ որոշումներ կայացվեցին և ընդհանրապես՝ ինչպես ազդեց պատգամավորների վարքագծի վրա հանձնաժողովը:   10-րդ նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը որևէ դիմում չստացավ, որևէ հարց չքննարկեց, ոչ մի որոշում չկայացրեց: Հանձնաժողովի դիտակետում կարող էր հայտնվել օրինակ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Հովհաննիսյանի միջև տեղի ունեցած միջադեպը, բայց չհայտնվեց, քանի որ հանձնաժողովը որևէ դիմում այդ միջադեպի վերաբերյալ չստացավ: Ըստ ԱԺ կանոնակարգի՝ հանձնաժողովին կարող են դիմել ԱԺ պատգամավորները և քաղաքացիները: ԱԺ մոնիտորինգ ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանի կարծիքով՝ հանձնաժողովի  ազդեցությունն ու նշանակությունը նստաշրջանից նստաշրջան  նվազել է: «Դիմումների, որոշումների նվազումը փաստում է էթիկայի հանձնաժողովի` վերջնականապես անգործության մատնվելու, որպես պատգամավորների էթիկական և շահերի բախման հետ կապված հարաբերությունների կարգավորման միակ ինստիտուտի` ձևական բնույթ ստանալու իրողությունը: ԱԺ էթիկայի հանձնաժողովի ազդեցության և հեղինակության անկման պատճառներից մեկն էլ ընդունված որոշումների գործնական և իրավական հետևանքներ չառաջացնելու հանգամանքն է»: Այն, որ հանձնաժողովի  ազդեցությունն իսկապես գնալով նվազել է, փաստում է նաև վիճակագրությունը:  5-րդ գումարման խորհրդարանի հետ իր գործունեությունը սկսած հանձնաժողովը երկրորդ նստաշրջանի ընթացքում ստացել է 13 , երրորդում` 6, չորրորդում` 2, իսկ հինգերորդում` 3 դիմում:  7-րդ  նստաշրջանի ողջ ընթացքում հանձնաժողովը ոչ մի դիմում չի ստացել, նիստ չի գումարել և որոշում չի ընդունել: Նույն  ռեկորդային ցուցանիշը հանձնաժողովը կրկնել է 10-րդ նստաշրջանում: Ընդհանուր առմամբ՝ ողջ գումարման  ընթացքում հանձնաժողովը ստացել է 29 դիմում: 16 դիմում վարույթ չի ընդունել, 5 դիմումի քննություն կարճվել է, վարույթ ընդունված 1 դիմումի քննություն կասեցվել է: 4 տարվա ընթացքում էթիկայի հանձնաժողովին դիմել է ընդամենը 3 պատգամավոր՝ Արմեն Ռուստամյանը, Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը: Ռուստամյանի դիմումը քննվել է ու մերժվել, Փաշինյանինը կարճվել է, Փոստանջյանինը վարույթ չի ընդունվել:  15 դիմում հանձնաժողովը ստացել է հասարակական կազմակերպություններից: 8 անգամ հանձնաժողովին է դիմել «Թրանսփարենսի-ինթերնեյշնլը», 2 անգամ՝ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», 2 դիմում հանձնաժողովին ներկայացրել են լրագրողները: Դիմումներից մեկը վերաբերել է Առաքել Մովսիսյանին, մյուսը՝ ուրիշի փոխարեն քվեարկած 7 պատգամավորների: Հանձնաժողովի ստացած  դիմումներ վերաբերել են 22 պատգամավորի: Առաքել Մովսիսյանի, Մհեր Սեդրակյանի և Սամվել Ալեքսանյանի վերաբերյալ  էթիկայի հանձնաժողովը դիմումներ է ստացել մի քանի անգամ: Գրեթե բոլոր դեպքերը վերաբերել են պատգամավորների թույլ տված վիրավորական արտահայտություններին կամ պահվածքին:  Երեք անգամ քննարկել է Առաքել Մովսիսյանի վարքը, երեք անգամ էլ որոշել է, որ պատգամավորը խախտել է էթիկայի կանոնները: Երկու անգամ քննարկել է Մհեր Սեդրակյանի վարքը, երկու անգամ էլ որոշել է, որ պատգամավորը խախտել է էթիկայի կանոնները: Երկու անգամ քննարկել է Սամվել Ալեքսանյանի վարքը: Առաջին դիմումին տրվել է դրական եզրակացություն, երկրորդ դիմումը վարույթ չի ընդունվել: Ուշագրավ է, որ գործունեության 4,5  տարիներին ԱԺ էթիկայի հանձնաժողովը շահերի բախման վերաբերող ընդամենը մեկ հարց է քննության առել։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրական խորհուրդը ղեկավարելու առաջարկն ընդունելու մասին դիմումն էր, որի  քննությունը, սակայն, հանձնաժողովը կարճել էր։ Հանձնաժողովը հիմնավորել էր, որ պատգամավորի ստեղծագործական կամ գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ եզրակացություն կարող է ներկայացել միայն այն դեպքում, երբ այդ աշխատանքը վճարովի է, մինչդեռ թերթի խմբագրական խորհրդում Փաշինյանի աշխատանքը լինելու էր ստեղծագործական և անվճար: Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելն արգելող դրույթի պահպանման հարցը ևս էթիկայի հանձնաժողովում քննարկվել է միայն մեկ անգամ: 3-րդ նստաշրջանում հանձնաժողովը քննության է առել  դիմում, որը վերաբերում էր ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանին առնչվող մի տեսանյութի, ըստ որի` պատգամավորը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Հանձնաժողովը կարճել է այս դիմումի քննությունը, իսկ ձեռնարկատիրությունը պատգամավորական աշխատանքի հետ զուգակցելու հարցը քննարկելու այլ առիթներ չի ունեցել:

Հայաստանի հանրային ռադիո