Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Խորհրդարանում քննարկում են զինծառայողների սոցապահովության՝ 1000 դրամի նախաձեռնությունը

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջին օրենսդրական նախաձեռնությունը, որն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել հասարակության մեջ, արդեն քննարկվում է խորհրդարանում: <<Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին>> ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախաձեռնության քննարկման ժամանակ նախարարը նշել է, որ լավատեղյակ է դժգոհություններից եւ շրջանառվող հակափաստարկներից: Մի շարք հարցերի պատասխանները Վիգեն Սարգսյանը փորձել է տալ նախապես՝ չսպասելով հարցերին։ Նախարարը փորձել է բաց խոսել,   բացատրել է, թե ինչով է պայմանավորված շտապողականությունը եւ ինչ են նախատեսել ստեղծվելիք հիմնադրամի վերահսկողական մեխանիզմներն ուժեղացնելու համար:   Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո առայսօր Աժ պատգամավորների եւ աշխատակազմի աշխատավարձերից պահվող 1 տոկոսից գոյացող գումարը դեռ հայտնի չէ, թե ուր է գնում եւ ինչպես է ծախսվում: Հարցի պատասխանը չգիտի նույնիսկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այս ճակատագիրը չի սպառնում քաղաքացիներից հավաքագրվող հազար դրամներին՝ խոստանում է պաշտպանության նախարարը: Ասում է՝ փոխանցումները, ծախսերը եւ բաց ինֆորմացիայի համար անհրաժեշտ ամբողջ տեղեկությունը կարտացոլվի առաջիկայում ստեղծվելիք հիմնադրամի կայքում: Նախարարը լավատեղյակ է իր օրենսդրական առաջին նախաձեռնության հանդեպ բացասական, երբեմն սուր քննադատություններին: Դրանք հնչեցին նաեւ հենց ԱԺ դահլիճում: Նախարարի անկեղծությանը, թե բյուջեի միջոցներն իրականում չեն բավարարում մարտական գործողությունների ժամանակ զոհված եւ վիրավորված զինծառայողների ընտանիքների սոցիալական խնդիրները հոգալու համար, առաջարկները սպասեցնել չտվեցին: <<Հազար ավելորդ մեքենա կա ամեն տեղ, կրճատեիք, տայիք զինվորին>>,- առաջարկեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ Ըստ Էդմոն Մարուքյանի՝ կա եւս մեկ աղբյուր. ՊԵԿ կառուցած Դիլիջանի դպրոցի շենքի վաճառքից գոյացած գումարները թույլ կտան, որ երկու տարի շարքային քաղաքացիներից չհավաքվեն հազարական դրամները: Ի վերջո՝ շատերի մոտ կա համոզմունք՝ բյուջեն հափշտակողներին է անհրաժեշտ կանչել պատասխանատվության: Թեեւ այս տարբերակին նախարարը տեսականորեն կողմ է, բայց գործնականում չի կարծում, որ բանակի հաշվին կարող են լինել հարստացածներ: Ասում է, դա <<բարոյական եւ բազմաթիվ այլ տեսանկյուններից հնարավոր չէ>>: Նախարարի լավատեսությունը իրականության դաշտ փորձեց վերադարձնել պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Զոհրաբյան. Երբ որ պաշտոնանկ եղան տարբեր պաշտոնյաները մատակարարման, գնումների ոլորտներում, պաշտոնանկ չեղան նրա համար, որ լավ էին աշխատել: Պաշտոնանկ եղան, որ թալանի մասնակից էին: Եվ, ի դեպ, Լեհաստան, որ հասավ <<զինվորի պայոկը չի վաճառվում>>, դրա հետքերը ո՞ւր տարան: Սարգսյան. Պայոկները ես չգիտեմ, բայց լսել եմ մի վարկած, որ դա խանութ է, որը կենտրոնացել է տարբեր երկրների ռազմական տարբեր նմուշների վաճառքով <<կոլեկցիոներների>> համար եւ ինչ- որ մեկն իր պայոկը մեկ կամ երկու օրինակից հասցրել է այնտեղ վաճառքի:   Նախարարը խոստացավ այս հարցը լրացուցիչ ճշտել եւ չորեքշաբթի՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անպայման պատասխանել հարցին, եթե իհարկե, այդպիսին հնչի: Իսկ այսօր նախարարը գրեթե ողջ օրվա ընթացքում ստիպված էր պատասխանել բացառապես հազար դրամներին վերաբերող հարցերին: Օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց 2017 թվականի հունվարից գանձել հազար դրամ, բայց այդ վճարումներից կազատվեն մինչ այս բանակում զոհված կամ խեղում ստացած զինվորների ընտանիքները: Փոխհատուցման կարգը սկսելու է գործել հաջորդ տարվա հունվարի 28-ից հետո առաջացող դեպքերի համար: Մահվան կամ առաջին կարգի հաշմանդամության դեպքում միանվագ վճար 10 մլն դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում՝ միանվագ վճար 5 մլն դրամ, այնուհետեւ ամեն ամսյա վճարներ: Սպայական անձնակազմի դեպքում ամսական մահվան եւ առաջին կարգի հաշմանդամության պարագայում 300 հազար դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում՝ 200 հազար դրամ: Ենթասպայական անձնակազմի համար համապատասխանաբար 250 հազար եւ 150 հազար դրամ եւ շարքային անձնակազմի համար՝ համապատասխանաբար 200 հազար եւ 100 հազար դրամ: Նախագիծը, ի դեպ, հետադարձ ուժ չունի, բայց այս առումով ինչ- որ բան հնարավոր կլինի անել միայն մի դեպքում, ասում է նախարարը:  «Եթե կուտակվի, լինի գումար եւ դրա անհրաժեշտությունը չառաջանա առաջին տարիներին եւ լինի կուտակված գումար հիմնադրամի խորհուրդը կկարողանա հետադարձ հայացք նետել նաեւ նախկինում զոհվածների կամ շահառու խմբերի կարիքներին»: Որքան էլ նախարարը փորձում էր դրական կողմից ներկայացնել օրենսդրական նախաձեռնությունը, ամեն դեպքում նախագծի հանդեպ կա անվստահություն: Եվ հասարակության մեջ առկա անվստահության պատճառները քննարկման ընթացքում փորձում էին փոխանցել պատգամավորները: Նրանցից էին օրինակ՝ Զարուհի Փոստանջյանն ու Լեւոն Զուրաբյանը: Շտապողականության առումով նախարարը պարզաբանեց՝ այո, կա այդպիսի միտում: Բայց շտապում են ոչ այն պատճառներով, ինչի կասկածները կան հանրության եւ որոշ պատգամավորների մոտ: Վիգեն Սարգսյանի ներկայացմամբ՝ ավարտին է մոտենում 5-րդ գումարման ԱԺ 10-րդ նստաշրջանը, դրան կհաջորդեն նախընտրական շրջանը, ընտրություններն ու նոր խորհրդարանի աշխատանքը: Իսկ դա նշանակում է՝ եթե հարցը չքննարկվի այս պահին, ապա մյուս հնարավորություն կստեղծվի հաջորդ աշնանը: Նման հետաձգումները նախարարն անիմաստ է համարում: Այսպիսի շտապողականությանը, համենայնդեպս, դեմ չէ խորհրդարանական մեծամասնությունը: Քննարկվող հարցը կարեւորագույններից է համարում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: «Սրանով մեկ անգամ ամբողջ ժողովուրդը ցույց է տալիս իր միասնական գաղափարախոսությունը բանակի, ԶՈՒ նկատմամբ»: Ստեղծվող հիմնադրամի հանդեպ վստահությունը բարձրացնելու նպատակով արդեն մշակվել է նաեւ այդ կառույցի ղեկավարման մեխանիզմը: «Գումարները գնալու են պետբյուջե եւ այնտեղից նոր՝ հիմնադրամին»,- տեղեկացրեց նախարարը՝ նշելով, որ  հիմնադրամի վերահսկողական մարմինները բաղկացած են լինելու կառավարության, ԿԲ եւ քաղհասարակության երեքական անդամներից: Ընդ որում՝ նախատեսվում է, կառավարության երեք անդամից մեկին նշանակել ընդդիմության ընտրությամբ: Պաշտպանության նախարարն այսօր հնարավորություն ունեցավ անդրադառնալ աղմկահարույց թարմ մեկ այլ լուրի: Նա հերքեց, որ այս տարի ՊՆ-ն պատրաստվում է 50 միլիոն դրամ վճարել Բանակի օրվան նվիրված համերգ կազմակերպելու համար: Ճշտեց, որ այդպիսի հատկացում եղել է 2016-ին՝ 9 ամիս առաջ: Տոնական օրվա համար հատկացումներ առաջիկայում կլինեն, համերգը նույնպես կկազմակերպվի՝ դա քարոզչական աշխատանքի բաղկացուցիչ մասն է, բացատրեց նախարարը, բայց հստակեցրեց՝ որեւէ մրցույթ դեռ չի հայտարարվել: Հատկացվելիք գումարի չափն էլ դեռ չնշեց:

Հայաստանի հանրային ռադիո