Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Որն էր Խոջալուի գործողության անհրաժեշտությունը

Երևանում այսօր տեղի է ունեցել «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային կոնֆերանս: Աշխատաժողովին մասնակցել են 1991-92 թթ Արցախում աշխատած հայ և օտարերկրյա ռազմական լրագրողներ, քաղաքագետներ, դիվանագետեր և միջազգային իրավունքի մասնագետներ: Միջազգային աշխատաժողովի կազմակերպիչը ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն է: Հաստատության տնօրեն Արա Սաղաթելյանի փոխանցմամբ՝ փորձագիտական աշխատաժողովն անցկացվում է Ստեփանակերտի շրջափակման ճեղքման փաստից 10 օր շուտ, քանզի կարծում է, որ այդ 10 օրվա ընթացքում պետք է ձեռնարկել բոլոր միջոցները միջազգային հանրությանը հասցնելու ճշմարտությունը, իրականությունը, թե ինչ է կատարվել Լեռնային Ղարաբաղում 1987-88 թվականից սկսած: Դրա մասին ստեղծվել է նաեւ ֆիլմ: Աշխատաժողովին մասնակցել են Ստեփանակերտի շրջափակման ականատեսներ` այդ ընթացքում Արցախում աշխատող լրագրողներ Սվետլանա Կուլչիցկայան և Կոնստանտին Վոյեվոդսկին, ռուս հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, ինչպես նաև մի շարք քաղաքագետներ ու փորձագետներ, նաեւ թալիշ լրագրող Շահին Միրզոեւը, որն ընտանիքի հետ օրերս է ապաստան ստացել Հայաստանում:   «Ես հիշում եմ, մի տղայի թույլ տվեցին պոկել ծաղիկներ, եւ նա հավաքեց ու ինձ նվիրեց վարդերի մի մեծ ծաղկեփունջ: Մենք փաթաթվեցինք, իրար համբուրեցինք …  հետո նա վերադարձավ՝ կրկին համբուրելու … Եվ այս երեխաները, հնարավոր է, զոհվել են …. Ես չեմ ուզում, որ պատերազմ լինի… Ես ուզում եմ, որ դուք գեղեցիկ ապրեք»: Արցախյան պատերազմի մասին 1990-ականներին երեք վավերագրական ֆիլմ հեղինակած ռուսաստանցի լրագրող Սվետլանա Կուլչիցկայան չկարողացավ զսպել  արցունքները՝ ելույթի ընթացքում վերհիշելով Ստեփանակերտի շրջափակման օրերին քաղաքի բնակչության ծանր վիճակն ու այն մանուկներին, ովքեր պատերազմի պայմաններում փորձել են նաև իրենց խաղերը խաղալ բակերում։ «Ես իսկապես հիշում եմ ամեն ինչ…. հիշում եմ պրակտիկորեն ամեն օր:   Գիտեք, դա  այնպիսի մի չսպիացող վերք է.… անցել է այդքան տարի, իսկ ես միշտ դրա մասին եմ հիշելու…» Մարդկանց բավականին ծանր սոցիալական և հոգեբանական վիճակ. Ադրբեջանի զինված ուժերի գնդակոծություններից պաշտպանվելու համար մարդիկ ապրում էին ապաստարաններում եւ անհրաժեշտ էր գոնե լռեցնել այդ կրակակետերը, որպեսզի քաղաքացիական բնակչությունը չենթարկվի համակարգային ոչնչացման՝ դեռ այն ժամանակ հստակորեն եզրահանգել էր ռուսաստանցի լրագրողուհին: Ներկայացնելով Արցախյան պատերազմի ուշագրավ և քիչ հայտնի դրվագները՝ Հայաստանցի և օտարերկրյա փորձագետներն ու գործիչներն իրենց վերլուծություններում հիմնավորեցին 1992 թ ձմռան ամիսներին Ստեփանակերտի ապաշրջափակման ռազմական անհրաժեշտությունը: Իրավապաշտպան Կոնստանտին Վոյեվոդսկին 1990-ականներին հայտնի «Արցախին հումանիտար օգնության Սանկտ Պետերբուրգի հանձնաժողով»-ի համահիմնադիրներից էր: Նա ներկայացրեց պատերազմի տարիներին եւ ավելի վաղ  Լեռնային Ղարաբաղի տեղեկատվական շրջափակման վերաբերյալ իր հիշողությունները։ Իրավապաշտպանը տարբեր օրինակներով պարզաբանեց, թե ինչ դժվարությունների հետ էին առնչվում մարդիկ Լեռնային Ղարաբաղի ազատության համար պայքարում իրենց ձայնը լսելի դարձնելու համար։ Առաջիկայում կհրապարակվի Արցախում եւ Ստեփանակերտում 80-ականների վերջերին եւ 90-ականների սկզբներին տիրող հումանիտար աղետի մասին պատմող ֆիլմը՝ տեղեկացրեց «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը: Նրա խոսքով՝ ֆիլմը բոլոր իրողություններն ավելի մատչելի կներկայացնի միջազգային հանրությանը. «Կարծում եմ, երբ մեր հարեւանները ապագայում կփորձեն շահարկել որոշակի պատմական իրողություններ, մի շարք մարդկանց մոտ, որոնց մենք հասու կդարձնենք մեր նյութերը, արդեն կլինի պատկերացում, առնվազն, այն մասին, որ ռազմական օպերացիան Աղդամի ուղղությամբ, այսպես կոչված, «Խոջալուի օպերացիան», այլընտրանք չուներ»: Նման նախաձեռնությունները կարեւոր են հակամարտության էությունն ու իրողությունները ադրբեջանական կեղծիքներից պաշտպանելու համար՝ իր խոսքում շեշտեց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը. «Մենք պետք է աչալուրջ լինենք Ադրբեջանի կողմից հակամարտության էության խեղաթյուրման փորձերի հետ կապված։ Այդպիսի քայլերը միտված են ընդամենը թվացյալ հակասություն ստեղծել կոնֆլիկտի վերաբերյալ միջազգային իրավական սկզբունքների և նորմերի միջև»։ Ադրբեջանը չի հրաժարվել պետական ահաբեկչության քաղաքականությունից 1988-ից ի վեր՝ հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Այսքան տարի Ադրբեջանը ձեւացնում է, որ բանակցում է և պարբերաբար հրաժարվում է իր իսկ ստորագրություններից։ Ադրբեջանի համար բանակցությունները միայն քողարկում են նոր պատերազմ սկսելու նախապատրաստությունները։ Այս իրավիճակում Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար այլընտրանք չի մնում»։ Արցախի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը նույնպես շեշտեց, որ նման մարտավարությունը չի կարող չունենալ այլ պատասխան, ինչը և փայլուն իրականացվեց արցախյան պատերազմում: «Այսօր Արցախի ցանկացած մարտական դիրք ունի պաշտպանական նշանակություն և նպատակ ունի ագրեսիվ հակառակորդին Արցախի խաղաղ բնակավայրերից հեռու պահել»: Վերլուծություններում զուգահեռներ անցկացվեցին նաեւ 2016 թ ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետ: Ռուս հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնով. «Նախորդ տարի, երբ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, ասում էին, որ դա աննախադեպ լարվածություն է։ Բայց Լեռնային Ղարաբաղը սառեցված հակամարտություն կոչելը թյուրընկալում է։ 1994-ի հրադադարի ռեժիմի խախտումներ տեղի են ունենում 2008-ից ի վեր և ամեն անգամ դրանք կոչում են «աննախադեպ»։ Այն պնդումները տարածքային ամբողջականության սկզբունքի վերաբերյալ դրանց հեղինակների կողմից ներկայացվում են իբրև բացարձակ նորմ` առանց այդ տարածքում ապրող մարդկանց իրավունքները հաշվի առնելու»։ Խոսելով Լեռնային Ղարաբաղի առանձնահատկությունների եւ դրա բարդությունների մասին՝ ռուսաստանցի վերլուծաբանը նաեւ նկատեց, որ այն չդարձավ Ռուսաստանի և Արևմուտքի շահերի բախման կետ եւ մնաց տարածաշրջանային բնույթի հակամարտություն: Դա կարևոր է հասկանալ՝ խաղաղության հեռանկարները քննարկելու առումով՝ շեշտեց Սերգեյ Մարկեդոնովը: Ռուս վերլուծաբանը նշեց նաեւ, որ բազմիցս եղել է  Լեռնային Ղարաբաղում՝ որպես հետազոտող-վերլուծաբան։ Դրա պատճառով մի հայտնի երկրում ինձ ներառել են «սև ցուցակում»։ Անհասկանալի է՝ ասաց նա։ Ես էլ սոցիալական ցանցում հումորով մի անգամ գրել եմ, արդյոք հենց ես եմ հակամարտության լուծված չլինելու ամենակարևոր պատճառը, որ ինձ էլ ներառել են այդպիսի ցուցակում»՝ հեգնեց ռուսաստանցի վերլուծաբանը։ Միջոցառմանը ներկա էր նաև թալիշ լրագրող, «Թալիշի Սադո» թերթի թղթակից  Շահին Միրզոևը: Նա  օրերս փախել է Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների, նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով և ապաստան է ստացել Հայաստանում: «Ես իմ ընտանիքով փախել եմ Ադրբեջանից` մահից խուսափելու համար»՝ իր կարճ ելույթում ասաց Միրզոևը՝ հավելելով, որ «Ադրբեջանում մոտ 2 մլն թալիշ է ապրում և նրանք, ըստ էության, հայտարարված են պետության թշնամիներ, զրկված են ԶԼՄ-ներում իրենց խնդիրները արծարծելու հնարավորությունից։ Վերջին տարիներին մոտ 300 հազար թալիշ Ադրբեջանից ուղղակի փախել է Ռուսաստան, այնտեղից էլ այլ երկրներ։ Թալիշները բանտարկվում և այլ բռնությունների են ենթարկվում Ադրբեջանում: Ես Ադրբեջանից ուղղակի փախել եմ իմ ընտանիքով` մահից խուսափելու համար: Կարծում եմ Հայաստան գալով չեմ սխալվել՝ իր խոսքը եզրափակեց թալիշ լրագրողը: Ի դեպ նա առաջիկա օրերին հանդես կգա մամուլի ասուլիսով: Աշխատաժողովում փորձագետները քննարկեցին նաև ապրիլյան պատերազմի օրերին Ադրբեջանի ԶՈւ կողմից իրագործված ռազմական հանցագործությունների միջազգային պատասխանատվության հետ կապված խնդիրները` համապատասխան ատյաններում։ Արցախի պաշտպանությունը չի կարելի թողնել միայն բանակի ուսերին՝ ասաց Արցախի նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը՝ ավելացնելով, որ աշխարհին պետք է լսելի լինի խնդիրը, քանի որ անպատիժ մնացած ցանկացած հանցագործություն ավելի է լկտիացնում Ադրբեջանին:

Հայաստանի հանրային ռադիո