Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ով է մեղավոր «Հաց բերողի» մահվան մեջ

Հասարակության կողմից «Հաց բերող»  անունը ստացած Արթուր Սարգսյանի մահվան մեջ քաղաքականն ուժերը  մեղադրում են իշխանություններին։ Դեռ երեկ, երբ հայտնի դարձավ, որ «Արմենիա»  ԲԿ-ում մահացել է «Հաց բերող»-ը, այնտեղ հավաքվեցին հարազատներ, շարքային քաղաքացիներ,  քաղաքական գործիչներ: Այնուհետ Ազատություն հրապարակում կազմակերպեցին բողոքի երթ՝ ի հիշատակ Արթուրի ու այդ ամբողջ ընթացքում մեղադրանքներ հնչեցնելով իշխանության հասցեին. քաղաքական  մի քանի ուժեր շտապեցին հայտարարել որ դադարեցնում են իրենց քարոզարշավը: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը կալանավորվել էր «Սասնա ծռեր» զինված խմբի գործով. նա սննդով բեռնված մեքենայով ճեղքել էր իրավապահների պատնեշն ու կրակահերթի տակ մուտք գործել «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավված Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք: Նա մեղադրվում էր «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ։ Դեկտեմբերի վերջին դատարանը փոխել էր կալանքի որոշումն ու նրան ազատ արձակել։ Մի քանի ամիս անց՝ փետրվարի 9-ին, դատարանը կրկին փոխել էր խափանման միջոցն ու երկու ամսով կալանավորել նրան։ Արթուր Սարգսյանը 49 տարեկան էր, մասնագիտությամբ` քանդակագործ: Ի՞նչու Արթուր Սարգսյանի հետ այսպես վարվեցին՝ հարցադրում է անում « Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը, ու նույն պահին պատասխանում՝ նրանք  հետեւողականորեն  խոշտանգեցին Արթուրին՝ ՀՀ-ում հուսահատության մթնոլորտը ավելի խորացնելով: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու Անահիտ Բախշյանն էլ ասում է, որ  այս դեպքը ցանկացածիս հետ կարող էր լինել,  քանի որ սա անարդար պետության, անարդար համակարգի, ու ոչ մարդակենտրոն պետության մասին է խոսում: Նշենք, որ երեկվանից մի քանի կուսակցություններ, այդ թվում՝  «Ծառուկյան» դաշինքը դադարեցրել են իրենց քարոզարշավը: Դաշինքի  թեկնածու Մանուկ Սուքիասյանը ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում է պատասխանել երկու հարցի. «Ի՞նչ հրատապություն կար երկրորդ անգամ կալանավորել նրան և ինչի՞ն պետք է խանգարեր Արթուրը, եթե շարունակեր մնալ ազատության մեջ: Պահանջում եմ պարզաբանումներ քննչական կոմիտեից, դատախազությունից»: «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածու Էդգար Առաքելյանն էլ հավելում  է, որ Արթուր Սարգսյանի մահվան հետ կապված ամեն ինչ պարզ էր, սակայն չի մանրամասնում, ինչ էր պարզ: «Ելք» դաշինքը չի պատրաստվում քարոզարշավը դադարեցնել: Դաշինքի թեկնածու Գևորգ Գեորգիսյան: Քաղաքական  գրեթե բոլոր ուժերի սլաքները ուղղված էին իշխանությանը: Ւշխանության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն ասում է՝ թե չլիներ նախընտրական շրջան, ապա իշխանության հասցեին այդքան մեղադրանքներ  չէին հնչի: Երբ երեկ հայտնի դարձավ, որ մահացել է  «Հաց  բերողը»,  համացանցում տարածվեց  ձեռագիր նամակ` գրված այս  տարվա փետրվարի 10-ին, որի հեղինակը, ըստ մեկնաբանությունների, Արթուր Սարգսյանն է: Նամակում  նա  հացադուլի դիմելու մեջ մեղադրում է քննիչին և դատավորին։ Այսօր արդեն  Քննչական կոմիտեն տարածեց հայտարարություն՝ հարուցվել է քրեական գործ՝ Արթուր Սարգսյանի մահվան դեպքի առթիվ.  ըստ այդմ՝  Սարգսյանի հարազատներին կամ նրանց կողմից առաջարկած մասնագետներին հնարավորություն կընձեռնվի, ցանկության դեպքում, մասնակցել դատաբժշկական փորձաքննությանը՝ գործող օրենսդրության շրջանակներում: Բավարարվել է նաև միջազգային փորձագետներ ներգրավելու միջնորդությունը:

Հայաստանի հանրային ռադիո