Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ովքեր են հեռանում, ովքեր են գալիս. 6-րդ գումարում

Վաղը առավոտյան ժամը 10-ին կմեկնարկի  6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Խորհրդարանի նոր կազմը նիստերի դահլիճում կհավաքվի առաջին անգամ ու հանդիսավորությամբ կտա հնգամյա աշխատանքի մեկնարկը:  Նոր գումարման պատգամավորներին կողջունեն  հանրապետության   նախագահ Սերժ Սարգսյանը և  Ամենայն Հայոց կաթողիկոսը: Իսկ առաջին  օրը խորհրդարանի նորընտիր կազմի համար հիմնականում աշխատակարգային կլինի. կձևավորվի  ԱԺ նախագահությունը, պատգամավորները հանձնաժողովների նախագահներ, փոխնախագահներ կընտրեն, կորոշվեն խմբակցությունների ղեկավարները: Թեկնածություններին վերաբերող որոշումների մի մասը կկայացվի այսօր: Ամենամեծ երկու խմբակցությունները ՝ ՀՀԿ-ն ու Ծառուկյան դաշինքը,  այսօր նիստեր են նախաձեռնել, որոնց ընթացքում քննարկելու են խմբակցությունների ղեկավարների, հանձնաժողովների նախագահների  թեկնածությունները: Հանրապետական խմբակցությունը գործադիր մարմնի նիստում քննարկելու է նաև  ԱԺ նախագահի, փոխնախագահների թեկանծուների  հարցը:  Իսկ խորհրդարանի  նոր ուժը՝ «Ելք» դաշինքը,  արդեն որոշել է, որխմբակցության ղեկավարը լինելու է Նիկոլ Փաշինյանը, քարտուղարը՝ Գևորգ Գորգիսյանը: Մյուս  որոշումների մասին կխոսենք վաղը, իսկ այսօր մեկ անգամ ևս ամփոփենք ՝ որքանով է նոր խորհրդարանը տարբերվելու նախորդից,  ովքեր են հրաժաշետ տալիս, ովքեր են սկսում օրենսդրական աշխատանքը: Նոր՝ 6-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը կսկսվի պատմական իրադարաձությամբ: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Ազգային ժողովի  նիստը կվարի ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովը: Նա ամենատարեց պատգամավորն է , իսկ ԱԺ կանոնակարգը առաջին նիստը վարելու իրավունքը վերապահում է հենց տարիքով ամենամեծ պատգամավորին: «Շատ մեծ ուրախությամբ ու պատասխանատվությամբ սպասում եմ»: Իսկ ամենաերիտասարդ պատգամավորը  խորհրդարանում «ամենատարեց» կուսակցության՝ Դաշնակցության խմբակցությունում է՝ Սուրեն Մանուկյան: Օրենսդրական էստաֆետը նախորդ գումարման խորհրդարանից շարունակում է 54 պատգամավոր: Այսինքն՝ նոր կազմի  կեսից ավելին  ոչ թե սկսում,  այլ շարունակում է աշխատանքը: Նրանց թվում նախորդ գումարման  և ամենապասիվ, և ամենաակտիվ պատգամավորներն են: Հաջորդ խորհրդարանում լինելու են օրենսդրական ակտիվության ամենաբարձր ցուցանիշները գրանցած պատգամավորների երկուսը՝ Խոսրով Հարությունյան, Միքայել Մելքումյան: Օրենսդրական աշխատանքի նոր փուլ են սկսելու նաև նախորդ 5 տարիներին  լռությամբ առանձնացած պատգամավորները: Լռակյացներից նոր խորհրդարանում կլինեն Արտակ սարգսյանը, Արթուր Գևորգյանը, Ռոբերտ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Մուրադ Մուրադյանը և այլք: Նրանց խորհրդարանում դեռ կտեսնենք, կլսենք թե ոչ ՝ հարց է: Ում չենք տեսնի նոր խորհրդարանում: Օրենսդիր աշխատանքին հրաժեշտ տվածների շարքում պատգամավորներ կան, որոնց ներկայությունը նախորդ խորհրդարանում այսպես ասենք աննկատ չի եղել:  Օրինակ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյան: Կամ Առաքել Մովսիսյան,  Մհեր Սեդրակյան, որոնց  ամենից շատ անդրադարձել է էթիկայի հանձնաժողովը: Նրանք նոր գումարման խորհրդարանում չեն, բայց հիշողությունները պահպանվել են: Ովքեր են գալիս խորհրդարան: Նորերի շարքում  քիչ չեն լինելու  նախկինները: Խորհրդարան են գալիս արդարադատության նախկին նախարարներ Հրայր Թովմասյանն ու Արփինե Հովհաննիսյանը, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, բնաև բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյան: Նախկին մարզպետերի  ու քաղաքապետերի պակաս ևս չի զգացվի:  Նոր խորհրդարանում կլինեն Շիրակի մարզի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:  Եթե Գևորգ Կոստանյանը մանդատից չհրաժարվի, կլինի այս խորհրդարանի միակ նախկին գլխավոր դատախազը:  6-րդ գումարման խորհրդարանն ունի նաև իրավապաշտպան՝ Արտակ Զեյնալյանը: Այս խորհրդարանում ավելացել է գեներալների թիվը՝ Մանվել Գրիգորյանից ու Սեյրան Սարոյանից բացի գեներալ է նաև Միհրան Պողոսյանը: Նոր խորհրդարանում օրենսդրական գործունեությամբ են զբաղվելու երկու նախկին վարչապետ՝ ամենամեծ կառավարող և ամենափոքր ընդդիմադիր խմբակցություններում. Խոսրով Հարությունյանը՝ ՀՀԿ-ում և Արամ Սարգսյանը՝ «Ելք»-ում: Նախկինների մեջ նաև ՀՀԿ-ական կա: Կարինե Պողոսյանը  նախորդ խորհրդարանում ՀՀԿ խմբակցությունում էր, հիմա լիենլու է ընդդիմադիր Ծառուկյան դաշինքում: Ընդհանուր առմամբ կունենանք կազմով կիսով չափ փոփոխված, բայց լիազորություննները նկատելիորեն ընդլայնած  խորհրդարան: Այս առաջինն է լինելու, որ աշխատելու է խորհրդարարանական կառավարման համակարգում և դառնալու  է  իշխանության ամենակրևոր օղակը:

Հայաստանի հանրային ռադիո