Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Պատգամավոր. Կուսակցությունները որդեգրել են ցուցակների ինտրիգը պահելու մոտեցում

Հասարակության մեջ տարակուսանք է նկատելի, որ մեր դաշինքում դանդաղկոտություն կա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Հիշեցնենք, որ ԱԻՄ-ը որոշել է միանալ Օսկանյան-Օհանյան-Սարգսյան դաշինքին: Հայրիկյանը շեշտել է, որ դաշինքում դանդաղկոտությունը վերաբերում է հատկապես հանրությանը ներկայացնելիք որոշակի հարցերի: Խոսքը մասնավորապես դաշինքի ցուցակի մասին է նաեւ: ԱԻՄ նախագահը համաձայն է լինել ցուցակում 10-րդը, միայն թե դաշինքը սկսի գործել միասնական: Հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանի գնահատմամբ՝ առաջիկա ընտրություններում լուրջ գաղափարական հենքի վրա կազմված ցուցակներ մենք չենք տեսնելու եւ դա բնական է, քանի որ բոլորն էլ ընտրություններին մոտենում են սառը քաղաքական հաշվարկներով: Ինչպես հայտնի է՝ ԱԻՄ-ը հայտարարել է Վարդան Օսկանյան-Սեյրան Օհանյան-Արամ Սարգսյան դաշինքին միանալու մասին: Դաշինքը անուն պիտի ունենա եւ ներկայացվի ժողովրդին՝ ասաց Պարույր Հայրիկյանը: Օսկանյան-Օհանյան-Սարգսյան դաշինքում, որին միացել է նաեւ ԱԻՄ-ը, անվան շուրջ քննարկումներում, ինչպես հասկանալի դարձավ Պարույր Հայրիկյանի խոսքից, համաձայնություն չկա: Պարույր Հայրիկյանը նման դանդաղկոտությունը գնահատում է ինքնաքննադատաբար: «Դաշինքի անվան ձգձգումը, իհարկե, ցույց է տալիս, որ պատշաճ պատասխանատվությամբ էս գործընթացին մենք չենք կարողանում վերաբերել»: Պարույր Հայրիկյանը պարզաբանեց, թե ինչու է միանում այդ դաշինքին՝ որոշակի հստակ հարցադրումների շուրջ քաղաքական շեշտադրումները համընկնում են: Սակայն, Հայրիկյանը դժգոհեց, որ դաշինքի կայացումն ու կատարելիք աշխատանքները հրապարակայնորեն չեն ներկայացվում: «Պիտի արագացվի ամեն բան: Կամ պիտի արագացվի, կամ ԱԻՄ-ը վերադառնալու է իր նախնական դիրքորոշմանը»: Այսինքն, եթե հնարավոր չէ միասնական ուժերով հաղթական դաշինք ձեւավորելը, ապա անիմաստ է մնացյալը եւ ԱԻՄ-ը կարող է հայտարարել, որ այդտեղ անելիք չունի՝ հստակեցրեց ԱԻՄ նախագահը: Նրա խոսքով՝ դաշինքում ընդունված է գաղտնի պահել ինչ-որ հարցեր, մինչդեռ, եթե դու գործ ես անում հանրության համար, ժողովրդի համար, ապա ի՞նչ իմաստ ունի գաղտնիությունը՝ ասաց: «Այդ տեսակետից՝ հարկ եմ համարում մեր հանրությանն ասել, որ մեր դաշինքն ունի դժվարություններ՝ հիմնականում ցուցակների ձեւավորման հարցում, ինչպես բոլոր ուժերում: Գզվռտո՞ց է սկսված տեղերի համար: Եթե մենք գնում ենք միասնական թիմով հաղթելու, էդ ի՞նչ կարեւոր է դու կլինես առաջինը, երկրորդը, երրորդը, թե չորրորդը»: Հայրիկյանը տեղեկացրեց, որ դաշինքում խնդիրները լուծելու տեսանկյունից ինքը հրաժարվել է ցուցակում առաջնային տեղերում լինելուց: Կլինի 10-րդը՝ միայն թե դաշինքն սկսի միասնական աշխատել՝ հանուն ավելի բարձր նպատակների: Նա կարծում է, որ եթե դաշինքը սկսի գոնե վաղվանից լուրջ աշխատել, ապա կարող է իրականացնել ժողովրդի վստահության քվեն ստանալու ծրագիրը եւ արմատական փոփոխություններ կատարել: ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի արտահայտած  մտահոգությունների հետ կապված մենք զրուցեցինք նաեւ հիշատակված դաշինքի անդամ «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանի հետ: Նա նախ հիշեցրեց, որ Դաշինքի ձեւավորման վերաբերյալ հայտարարությամբ նշվել է, որ այն բաց է բոլոր ուժերի, անհատների, ՀԿ-ների առջեւ, որոնք կիսում են դաշինքի գաղափարները: Նաեւ հայտարարվել է, որ ովքեր միանում են դաշինքին՝ դա «Հիմա՝ կոնկրետ այս փուլում, ընթանում են քննարկումները տարբեր ուժերի՝ հասարակական միավորումների, քաղաքական ուժերի հետ՝ դաշինքը ընդլայնելու առումով: Այդ պատճառով դաշինքի անվանման, ցուցակների եւ մնացած այլ տեխնիկական հարցերի հետ կապված որեւ հստակեցում չկա՝ այս պահին: Երբ որ արդեն ամբողջական տեսքը պարզ լինի, թե կոնկրետ որ ուժերը, անհատներն ու հասարակական միավորումներն են միացել մեր դաշինքին, այդ ժամանակ էլ արդեն մենք մնացած տեխնիկական հարցերը կբարձրաձայնենք, կորոշենք»: Ուշանալու հարցով էլ դաշինքում մտահոգություն չկա, քանի որ ժամանակ դեռ կա բավականին՝ շեշտեց Արեգնազ Մանուկյանը: Հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը ցուցակների հարցում նույնպես հորդորեց ընդամենը մի քանի օր սպասել: Նրա դիտարկմամբ, սակայն, ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն էլ, պարզապես որդեգրել են, այսպես ասած, ցուցակների ինտրիգը հնարավորինս ուշ բացահայտելու քաղաքականություն: «Կարծում եմ, որ համենայնդեպս մինչեւ ամսի 16-ը, մենք լիարժեք պատկերացում չենք ունենա, թե կոնկրետ որ կուսակցություն կամ դաշինք ինչպիսի ցուցակ է ներկայացնում՝ ըստ հերթականության, ըստ ընդգրկվածների, հանրապետական ցուցակում ովքե՞ր կլինեն եւ տարածքային ցուցակներում ովքե՞ր կլինեն»: Արտակ Դավթյանը բնական է համարում, որ շատ դեպքերում դաշինքները զուտ գաղափարական հենքի վրա չեն ձեւավորվում: Նա նաեւ ցուցակների մասով կարծիք հայտնեց, որ բնական է, եթե որեւէ մեկի ցուցակում լինեն գաղափարապես տարբեր ուղղվածություններ ունեցող անհատներ: Դրա պատճառը սառը քաղաքական հաշվենկատություն է լինելու՝ եզրափակեց հանրապետական պատգամավորը:

Հայաստանի հանրային ռադիո