Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Պատգամավորները բյուջեի մասին 334 առաջարկ են ներկայացրել. կառավարության նիստում

Մինչև երեքն աշխատել ու ամփոփել են  «2017թ  պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի շուրջ ստացված պատգամավորների առաջարկություններն ու այսօր կառավարության նիստին ներկայացրել: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը  գործադիրի նիստին այսօր մասնակցել է աշխատանքն ավարտած, սակայն չհանգստացած: Սա  նկատել է  վարչապետ Կարեն Կարապետյանը: Այսօր էլ ավանդույթը չի խախտվել, կառավարության նիստը վարչապետի հանձնարարականներով է սկսվել, ավարտվել՝ մաղթանքով: Գերատեսչություններում օպտիմալացումը շարունակվում է, վարչապետի ուշադրության կենտրոնում նաև խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներն են ու նրանց առաջարկները:   Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների   բողոքի ձայնը հասավ կառավարություն:  Հիշեցնենք, տարիներ շարունակ նրանք բողոքի ակցիաներ են կազմակերպում կառավարության շենքի ու նախագահի նստավայրի առջև: Վարչապետ Կարեն Կարապետյանը  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ուշադրությունը հրավիրեց  խնդրի վրա, նշեց, որ իրեն ու  աշխատակազմ են դիմել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: «Դիմումի լավագույն ընթացքը կհանդիսանա, եթե ՀՀ գլխավոր դատախազի կողմից ընդունելություն կազմակերպվի: Նշված մոտեցումն արդարացված է այնքանով, որ ծնողների կողմից բարձրացված խնդիրները վերաբերում են կոնկրետ քրեական գործերին, որոնց մասով հսկողություն է իրականացնում դատախազությունը»։ ՀՀ-ում  ԾԻԳ-երի օպտիմալացման երկրորդ փուլն է սկսվում: Մինչ այժմ հինգ  ԾԻԳ է կրճատվել: ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին վարչապետը հանձնարարեց,  ներգրավելով ճյուղային պետական մարմինների պատասխանատուներին, բանակցել օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ և կրճատել ԾԻԳ-երի քանակը և դրանց պահպանման  ծախսերը: «Առաջարկում ենք քննարկել և նվազեցնել ԾԻԳ-երի քանակը առնվազն կիսով չափ, իսկ դրանց պահպանման ծախսերը մեկ երրորդով: Մենք նախնական հաշվարկել ենք և տասնմեկ ԾԻԳ-ից պետք է մնա հինգը։ Բոլոր կողքի կառույցները, բաժինները, ստորաբաժումները պետք է վերանան, փակ բաժնետիրական ընկերություններում այդ գործառույթներն իրականացնող կառույցներն էլ պետք օպտիմալացվեն»: Հաշվի առնելով, որ բանակցությունների գործընթացը ժամանակատար է, առաջարկեց երկշաբաթյա ժամկետում ներկայացնել աշխատանքների իրականացման ժամանակացույցը: Բնապահպանության նախարարությունում  ՊՈԱԿ-ների միավորման հետևանքով  20% հաստիքների կրճատում է իրականացվելու։ Արդեն կառավարության նիստից հետո   լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասաց. «Շատ ցավոտ տեղի կպաք, որովհետև ցանկացած գերատեսչության համար դա իսկապես դժվար որոշելիք հարց է»,- ասաց  նախարարը՝  նշելով, թե մի շարք կառուցվածքային փոփոխություններ են իրականացնելու կենտրոնական ապարատում:  «Խոսքը վերաբերում է ոչ միայն վարչություններին, այլ նաև գործակալություններին: Նախնական հաշվարկով՝ շուրջ 22 % կրճատման ծրագիր է ներկայացվել»։ Օպտիմալացվում են նաև մարզային արխիվային ծառայությունները: Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանի տեղեկացմամբ, 2017թ   կփակվի մոտ երեք տասնյակ արխիվային ծառայություն: Քաղաքացիները տեղեկատվություն կստանան սոցիալական ծառայությունների միջոցով: Ծրագրի մեկնարկը կտրվի Մեղրի քաղաքից: Կառավարությունը կստեղծի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն՝ տեղեկացրեց   ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Այն լինելու է կառավարությանը կից ու գործելու է հանրային — մասնավոր գործընկերության ձևաչափով: Կենտրոնի հիմնական գործառույթը  ՀՀ կառավարության համար երկարաժամկետ ռազմավարության ու տարբեր գերակա ուղղություններով երկարաժամկետ բարեփոխումների հայեցակարգերի ու փաթեթների մշակումն է լինելու»,- ասաց վարչապետը։ Կառավարությունն այսօր հաստատեց   2017-ի պետական բյուջեի նախագծի շուրջ  ԱԺ առաջարկությունները:  8 մլրդ դրամով կավելացվի կառավարության պահուստային ֆոնդը: Կառավարությունը շուրջ 334 առաջարկ է ստացել պատգամավորներից: Բյուջեն  պետք է բալանսավորված լինի, ծախսերը ադեկվատ  պետք է լինեն եկամուտներին՝ մեկ անգամ ևս հստակեցրեց  հանրապետության գլխավոր  ֆինանսիստը: ՀՀ կառավարությունը կլուծի Երևանի քաղաքապետարանի, «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների միջև կնքված Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման գնման պայմանագիրը: «Միաժամանակ թույլատրվում է, որ ավտոկայանատեղերի կազմակերպման  ծառայությունը ձեռք բերեն Երևանի ենթակայությամբ գործող կազմակերպությունները»,-նախագիծը ներկայացնելիս ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետի խոսքով՝ նախագծով առաջարկվում է նաև ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունները մատուցող Երևանի ենթակայությամբ գործող կազմակերպությունների հավատարմագրային կառավարման ծառայությունները ձեռք բերել բանակցային ընթացակարգով: Կառավարությունը հաստատեց նաև  ՀՀ-ում գյուղատնտեսության սուբսիդավորման ուղղությունների հայեցակարգը,. ՀՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգից բխող միջոցառումների 2017-2021 թվականների ծրագիրը:  Հայեցակարգը 14 ուղղություն է ներառում: Գյուղնախարարությունում կարծում են, որ  փաստաթղթով  մեր երկրում  կկրճատվի աղքատությունը, կբարելավվի  բնակչության կենսամակարդակը:

Հայաստանի հանրային ռադիո