Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Փորձագետները գրեթե չեն կասկածում, որ ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը կստորագրվի

Վաղը Բրյուսելում մեկնարկելու է Արևելյան  գործընկերության գագաթաժողովը: Նախատեսված է, որ այնտեղ ստորագրվելու է  Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին նոր համաձայնագիրը: Համաձայնագրի կարեւորության եւ որոշ առանցքային կետերի մասին այսօր խոսել են հայաստանյան փորձագետները՝ Ֆրիդրիխ Նաումանիի հիմնադրամի ու Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ: Փորձագիտական շրջանակներում գրեթե կասկած չկա, որ ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը կստորագրվի: Հայաստանի համար դրա կարեւորությունն էլ, կարծես թե, դուրս է կասկածից, իսկ, ահա, ստորագրվելիք համաձայնագիրը կյանքի կոչելու հարցում փորձագիտական շրջանակների մոտեցումները միանշանակ չեն:       ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիրը լրացուցիչ գործիք է լինելու. հասարակական գործիչ, նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանն առանձնացրեց համաձայնագրում տեղ գտած մարդու իրավունքների, մասնավորապես արժանապատիվ աշխատանքի վերաբերյալ դրույթները, որոնք եթե իրականում կիրառվեն՝ լրջագույն արդյունք կարող են արձանագրել այդ ոլորտներում: «Լուրջ քայլ է, որ կկատարվի: Բայց ինչպիսին կլինի կիրառումը՝ կախված է նաեւ հասարակության պահանջատիրությունից, քաղաքացիական հասարակության պահանջատիրությունից»: Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը նույնպես համոզված է, որ համաձայնագրից ստանալիք օգուտների 90 տոկոսը կախված է լինելու հենց դրա իրականացումից ու եթե ինչ-որ բան այնպես չլինի, ուրեմն պետք է մեղադրենք ինքներս մեզ: «Այժմ հստակ է, որ մենք ունենք մի փաստաթուղթ, որը համարվում է Հայաստանի արդիականացման հենք կամ ծրագիր: Վստահեցնում եմ Ձեզ, որ 400 էջի վրա հեքիաթ չէ, որ գրված է, հռչակագրային ձևակերպումներ չեն, որ արված են»: Համաձայնագիրը բավականին մեծ դիապազոն է ստեղծում Հայաստանի և Եվրամիության միջև արտաքին ու անվտանգության հարցերում երկխոսության ծավալման համար, ինչը Ստեփան Սաֆարյանի կարեւորում է։ Քաղաքագետի դիտարկմամբ՝ համաձայնագրում նաեւ ԵՄ-ն ի դեմս իր անդամ 28 երկրների համաձայնեցնում է ղարաբաղյան քաղաքականությունը, որպեսզի թույլ չտրվի հետագայում խնդրի տեղափոխում այլ ատյաններ, ինչին ձգտում է Ադրբեջանը: «Պատահական չէ, որ Ադրբեջանը վերջին ճիգերն է գործադրում հռչակագրում դրանից տարբերվող ձևակերպումներ տալու: Հուսով եմ, որ Եվրոպայում հրաշալի հասկանում են, որ Ալիևին այս պահին գոնե պետք է ոչ թե քաղաքական մոտեցումների փոփոխություն, այլ տեղեկանք՝ պատերազմի գործողություններն արդարացնելու համար: Ես հուսով եմ, որ վաղը չի գրվի այնպիսի դրույթ հռչակագրում, որը Ալիևի կողմից կմեկնաբանվի որպես տարածքային ամբողջականության գերակայություն, որպես պատերազմի իրավունք տվող տեղեկանք»: Այս հարցի հետ կապված փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը այսօր լրագրողներին հորդորել է սպասել եւս մեկ օր՝ բոլոր հարցերի պատասխաններն ստանալու համար: ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը Համաձայնագրի կարեւորությունը շեշտեց եվրոպական ինստիտուտներին մոտ գտնվելու առումով: «Այս փաստաթուղթն իր խորությամբ թեև զիջում է Ասոցացման համաձայնագրին, ամեն դեպքում համապարփակ է և արտացոլում է երկկողմ հարաբերություններն ու դրանց մակարդակը: Այն նաև նախանշում է երկխոսություն ու համագործակցության զարգացում տարբեր ոլորտներում: Պայմանագրի մեծ մասը ներառում է ԵՄ ստանդարտ ձևակերպումներ՝ մարդու իրավունքների, զանգվածային ոչնչացման զենքի, ահաբեկչության դեմ պայքարի հարցերում: Նախատեսում է համագործակցություն տրանսպորտի, տուրիզմի, հարկային քաղաքականության, մշակույթի և այլ ոլորտներում: Կարևոր է նաև, որ այս փաստաթղթով Հայաստանը ստանձնում է պարտավորություններ, մեր օրենսդրությունը որոշ ոլորտներում մոտեցվելու է եվրոպականին»: Համաձայնագրով նախատեսվում է երկխոսություն սկսել մուտքի արտոնագրի ազատականացման պայմանների շուրջ, որը վիզաների տրամադրման դյուրացման մասին է: Վլադիմիր Կարապետյանի ձեւակերպմամբ՝ ստորագրվելիք պայմանագիրը, չլինելով ոչ մի հարցում հեղափոխական, նոր, քաղաքական, իրավապայմանագրային հիմք է ստեղծելու հարաբերություններին նոր որակ հաղորդելու, զարգացնելու համար: Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը սխալ համարեց ստորագրվելիք նոր համաձայնագիրն Ասոցացման պայմանագրի հետ համեմատելը: Նա շեշտեց նաեւ, որ ստորագրելով Եվրամիության հետ համագործակցության մասին համաձայնագիրը, Հայաստանն օգտագործում է սուվերեն պետությանը հարիր գործիքներից մեկը: Փորձագետը, սակայն, մտահոգություն ունի համաձայնագրի իրականացման մասով. «Չկա պարտավորությունները չկատարելու համար քաղաքական կամ իրավական պատասխանատվություն, նշանակում է, որ դրա կատարումը թողնված է կողմերի բարի կամքին: Ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու համար հարկավոր է քաղաքական ու հասարակական աջակցություն, որոնք պետք է ինչ-որ կերպ ճնշում գործադրեն: Ես կասկածամիտ եմ, սակայն, այս հարցում, որովհետև մեր խորհրդարանականներին այդքան էլ չի հետաքրքրում ԵՄ-Հայաստան համագործակցությունը»: Մենք կճնշենք, բարեփոխումները կիրականան, չենք ճնշի, չեն իրականանա:  Հասարակությունից է կախված՝ որքանով հետամուտ կլինենք դրա իրականացմանը: Հակառակ դեպքում՝ թուղթ սևացնելով մեր կյանքը չի լավանա՝ եզրափակեց Արթուր Ղազինյանը:

Հայաստանի հանրային ռադիո