Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ռուս զինվորականը ցանկալին շփոթել է իրականության հետ. վերլուծաբան

Հայաստանի կողմից Սիրիայում ականազերծման աշխատանքներ իրականացնելու պատրաստականության մասին ՌԴ բարձրաստիճան զինվորականի հայտարարությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Սիրական խնդրում բավականին զգուշավոր Հայաստանն իրո՞ք նման որոշում է կայացրել: «Ռադիոլուրն» արձագանքի է սպասում ՊՆ- ից, իսկ մինչ այդ՝ քաղաքագետներն են կարծիք հայտնում՝ վտանգավոր համարելով նման համագործակցությունը: Ռուսաստանի Գլխավոր շտաբի անօդաչու թռչող սարքերի կիրառման համակարգի զարգացման վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Նովիկովը հայտարարում է, որ Հայաստանն ու Սերբիան պատրաստակամություն են հայտնել իրենց զորամիավորումներով մասնակցել Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվող միջազգային կոալիցիային։ Նպատակը Սիրիայում ականազերծման աշխատանքների իրականացումն է: Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը, որն արվել է Մոսկվայում կայացած Армия-2017 միջազգային ֆորումի ժամանակ, և որքանով է  հավանական Հայաստանի կողմից Սիրիայում միջազգային այս կոալիցիային միանալը։ Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, «Ռադիոլուրի» հարցին ի պատասախան, կարծիք հայտնեց, որ նման համագործակցությունը քիչ հավանական է. «Իրականում Հայաստանն ասել է, որ բավականին զգուշավոր է սիրիական հակամարտության հարցում, հասկանալի պատճառներով…  հակամարտությունը թեժ է, և այն ուղիղ ձևով  կարող է անդրադառնալ Հայաստանի վրա: Իհարկե՝ Ռուսաստանի հետ ՀՀ-ն  համագործակցում է շատ տարբեր ոլորտներում: Հայ խաղաղապահները առաքելություն են իրականացրել նաև Լիբանանում, սակայն այդ հարցում չեմ կարծում, որ այսօր կարող է որևէ լուրջ  համագործակցություն լինել»: Տեղեկության հավանականությունը ճշտելու նպատակով «Ռադիոլուր»-ը դիմել է նաև պաշտպանության նախարարություն, առայժմ որևէ հստակեցում այս գերատեսչությունից չկա։ Փոխարենը խնդրի մասին հակիրճ խոսել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը։ «Երբ որոշում կայացվի և բոլոր հարցերը հստակեցվեն, այդ ժամանակ էլ հանրությունը պատշաճ կարգով կտեղեկացվի»,- ասել է Վլադիմիր Հակոբյանը։ Նման արձագանքը, ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի, պարզորոշ վկայում է, որ ՀՀ-ն նման որոշում դեռ չի կայացրել,  իսկ ՌԴ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներն էլ ցանկությունը պարզապես շփոթել են իրականության հետ ու դրա մասին բարձրաձայն հայտարարել: Սիրիայում ականազերծման աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը, քաղաքագետի համոզմամբ, բավականին ռիսկային է. Գրիգորյանն առաջարկում է լավ մտածել՝ նման որոշում կայացնելուց առաջ: Որևէ միջամտություն Հայաստանի կողմից Սիրիայում, լինի դա խաղաղապահ առաքելության իրականացում, թե հումանիտար աջակցություն, լուրջ վտանգեր է պարունակում՝ պնդում են վերլուծաբանները:

Հայաստանի հանրային ռադիո