Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ ՄԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքը

Նոյեմբերի 24-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մեկնարկել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանը, Հայկ Բաբուխանյանը, Արմեն Ավետիսյանը եւ Արաիկ Հովհաննիսյանը: Նոյեմբերի 24-ին տեղի են ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի, Քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, Գիտության եւ կրթության, Իրավական, Ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի եւ Պետական շինարարության փորձի ուսումնասիրման ու տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովների նիստերը: Քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել են հայկական պատվիրակության ղեկավար, վերոնշյալ հանձնաժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահների տեղակալների ընտրության, ԱՊՀ ՄԽՎ 45-րդ լիագումար նիստին առնչվող կազմակերպչական եւ այլ հարցեր, ընդունվել են բազմաթիվ փաստաթղթեր: ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի փոխնախագահ է վերընտրվել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել նաեւ ԱՊՀ 25-ամյակի եւ ժամանակակից իրողություններին ԱՊՀ համապատասխանեցման մասին հարցը, որի վերաբերյալ հայկական պատվիրակության ներկայացուցիչները առաջարկներ են ներկայացրել: Նույն օրը տեղի է ունեցել ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Խորհրդի նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Ի թիվս այլ հարցերի` նիստի օրակարգում ընդգրկված «Տաջիկստանի Հանրապետությունում մայիսի 22-ին կայացած Սահմանադրության հանրաքվեի մշտադիտարկմանը ԱՊՀ դիտորդական խմբի եզրակացության մասին» հարցը զեկուցել է Հերմինե Նաղդալյանը, ով դիտորդական խմբի համակարգողն էր: ՀՀ ԱԺ փոխնախագահ, պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ընդգծել է, որ հանրաքվեն անցկացվել է առավելագույն ակտիվությամբ, հանդիպումներ են տեղի ունեցել Տաջիկստանի Հանրապետության Մաջլիսի երկու պալատների խորհրդարանականների, Սահմանադրության փոփոխությունների եւ լրացումների նախագծի մշակողների հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահը Սահմանադրության փոփոխությունների եւ լրացումների նախագծի մշակման գործում կարեւոր է համարել հանրապետության քաղաքացիների հետ աշխատանքի՝ Տաջիկստանում կիրառված փորձը: Դիտորդական խումբն այցելել է ավելի քան 80 տեղամասեր: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ որպես դիտորդական խմբի համակարգող, շնորհակալություն է հայտնել ԱՊՀ ՄԽՎ անդամ երկրների խորհրդարանների ղեկավարությանը` խմբի կազմում փորձառու եւ արհեստավարժ դիտորդներ ընդգրկելու համար, որոնց շնորհիվ հաջողվել է հանրաքվեի մշտադիտարկումն անցկացնել ամենաբարձր մակարդակով: ԱՊՀ ՄԽՎ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: ԱՊՀ ՄԽՎ գիտության եւ կրթության մշտական հանձնաժողովի նիստին «ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդ գիտնականների համագործակցության մասին» որոշման վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ պատգամավոր, նույն հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Բաբուխանյանը: Մոդելային օրենքն ընդգրկվել է 45-րդ լիագումար նիստի օրակարգում: ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի հարցերով մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Արմեն Ավետիսյանը: Հանձնաժողովի նիստին քննարկվել են մոդելային օրենքների նախագծեր, ինչպես նաեւ Նեւսկի միջազգայինէկոլոգիական ութերորդ համաժողովի անցկացման մասին հարցը: ԱՊՀ ՄԽՎ պետական շինարարության փորձի ուսումնասիրման եւ տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱԺ պատգամավոր Արաիկ Հովհաննիսյանը: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել բազմաթիվ մոդելային օրենքների նախագծեր, ինչպես նաեւ ԱՊՀ անդամ երկրների միջտարածաշրջանային համագործակցության մասին համաձայնագիրը: Նույն օրը Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում տեղի է ունեցել հանդիպում Եվրասիական միության երկրների խորհրդարանների ղեկավարների հետ, որին մասնակցել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական հեռանկարներին, ԵԱՏՄ երկրների փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր: ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն նոյեմբերի 25-ին՝ ԱՊՀ ՄԽՎ 45-րդ լիագումար նիստում եւ կավարտվեն ամփոփիչ մամուլի ասուլիսով:

Հայաստանի հանրային ռադիո