Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Սարյանի տուն-թանգարանը նորից դարձել է մայրաքաղաքի ամենաակտիվ մշակութային օջախներից մեկը

Տարեկան 6 հազարի փոխարեն միայն կիսամյակում 16 հազար այցելու. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում հիմնանորոգումից  հետո իրավիճակը կտրուկ փոխվել է: «Սարյանի թանգարանն այսօր իսկապես վերագտել է իր նախկին հրապույրն ու դարձել մայրաքաղաքի ամենաակտիվ մշակութային օջախներից մեկը»,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է Վարպետի ծոռնուհին՝ թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանը: Մարտիրոս Սարյանի հիմնանորոգված տուն-թանգարանն իր դռներն այցելուների առջև բացեց 2016-ի նոյեմբերին՝ ամրացված հիմքով, պատերով, միջոցառումների համար նախատեսված  առանձին դահլիճով, լրացուցիչ 4-րդ հարկով, ջրամատակարարման, ջրահեռացման, հոսանքի սնուցման նոր համակարգերով,  հենաշարժական խնդիրներ ունեցող այցելուների տեղաշարժն ապահովող հնարավորություններով: Նախկին բաց պատշգամբը վերածվել է գրադարանի: Այժմ այցելուների առջև բաց է նաև Վարպետի տան բնակելի հատվածը:Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանն ասում է, որ հիմնանորոգումից հետո իրավիճակն այստեղ կտրուկ փոխվել է:«Մարդիկ գալիս են  տեսնելու իրականացված փոխոխությունները: Իրոք ստեղծվել է թանգարանային մթնոլորտ: Մեր այցելուների մեծ մասը դպրոցականներն են, ուսանողները, պարզապես Սարյանի արվեստով հետաքրքրվողները: Շատերն իրենց արտասահմանցի հյուրերին սիրով թանգարան են բերում: Մեծ է զբոսաշրջիկների հոսքը՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպական երկրներից: Սարյանի թանգարանն այսօր իսկապես վերագտել է իր նախկին հրապույրն ու դարձել  մայրաքաղաքի ամենաակտիվ մշակութային օջախներից մեկը»: Եթե մինչև վերանորոգումը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի այցելուների թիվը  չէր գերազանցում տարեկան 6 հազարը, ապա 2017-ի միայն առաջին կիսամյակում այդ թիվը հատել է 16  հազարի սահմանը: Միայն «Թանգարանային գիշերվա» ընթացքում Սարյանի թանգարանն ունեցել է 8 հազար այցելու:Սարյանի թանգարանում սրճարան ունենալու և Վարպելի սիրելի այգին նաև այցելուների առջև բացելու գաղափարն այստեղ խմորումների փուլում է: Ինչպես նկատում է Սարյանի ծոռնուհին՝ դա միայն ժամանակի հարց է: Օրակարգում այժմ թանգարանում իրականացվելիք  աշնանային ծրագրերն են: «Սեպտեմբերի 21-ին մենք ծրագրում ենք համերգ՝ նվիրված Անկախության տոնին: Այդ առիթով կցուցադրվի նաև Հայկական ազգային դիվիզիային  նվիրված մեծ նկարը, որը Սարյանը ստեղծել է 1932 թվականին: Սեպտեմբերի 26-ին ծրագրում ենք գերմանական երաժշտության համերգ: Սեպտեմբերի 30-ին նախատեսված համերգը նվիրված է Ղազարոս Սարյանի ծննդյան օրվան: Կհնչեն նրան նվիրված ստեղծագործություններ, այդ թվում նաև Տիգրան Մանսուրյանի երկու նոր գործերը, որոնք մաեստրոն նվիրել է իր ուսուցչին»: Թանգարանի գիտական քարտուղար Ժաննա Մանուկյանից տեղեկացանք, որ նորաբաց 4-րդ հարկում սեպտեմբերի 16-ից կգործի «Սարյան» արվեստի ստուդիան: Նկարչությունից զատ այստեղ նաև կավագործություն, մետաքսի նկարչություն կուսումնասիրեն 5-65 տարեկանները: Նախապատրաստում են նաև նոր ծրագիր՝ «Սարյանի հետքերով դեպի հայկական եկեղեցիներ»: Ծրագրում կընդգրկվեն դպրոցականները։Թանգարանի այցելուների թվում մենք հանդիպեցինք ԱՄՆ-ից ժամանած Էլլադա Վարդանյանին՝ ամուսնու, դստեր և փոքրիկ թոռնիկի հետ: Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի նախկին դերասանուհին (Ֆրունզե Դովլաթյանի «Երկունք» ֆիլմում Սուսաննա Տերյանի դերակատարուհին) ասաց, որ 88-ին են հեռացել Հայաստանից, մինչ այդ երկար տարիներ ապրել են այստեղ, բայց երբևէ չի այցելել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, իսկ այսօր հուզմունքը պարզապես թույլ չի տալիս արտահայտելու թանգարանում ստացած տպավորությունները: Դերասանուհու՝ արվեստագիտություն ուսումնասիրող դուստրը խոստովանեց.«Շատ հաճելի է Արշիլ Գորկուց բացի ծանոթանալ նաև մեկ այլ այսպիսի մեծության հայ նկարչի գործերին՝ հենց Երևանում»:

Հայաստանի հանրային ռադիո