Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը և ընկերները Ստեփանակերտում հանդես են եկել հայտարարությամբ

Թուֆենկյան հիմնադրամի նախաձեռնությամբ, Ստեփանակերտում նախօրեին տեղի է ունեցել անվանի սփյուռքահայ արվեստագետներ՝ Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի, Ատոմ Էգոյանի և Էրիկ Նազարյանի մամլո ասուլիսը: Նշվել է, որ արվեստագետները եռօրյա այցով ժամանել են Արցախ՝ տեղի կյանքին ծանոթանալու և ժողովրդի հետ անմիջական շփվելու համար: «Արցախպրես»-ը գրում է, որ  Արսինե Խանջյանը իր, Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի և Էրիկ Նազարյանի անունից հանդես է եկել հայտարարությամբ, որով աշխարհի արվեստագետներին կոչ է արել այցելել Արցախ և աջակցել երիտասարդ և տաղանդավոր այն արցախցիներին, ովքեր շարունակում են գրել, ստեղծագործել, նվագել և նկարել՝ անգամ այն ժամանակ, երբ պատերազմի պատճառով մեկուսացած են աշխարհից և շրջափակման մեջ են գտնվում: Ասուլիսի ընթացքում այդ արվեստագետները խոսել են դեպի Արցախ իրենց այցի և դրա առաքելության մասին, իսկ այնուհետև՝ պատասխանել լրագրողների հարցերին: «Արցախպրես»-ի թղթակցի այն հարցին, թե առաջիկայում կան արդյո՞ք մշակութային ծրագրեր կապված Արցախի հետ, Սերժ Թանկյանն ասել է, որ ինքն անցյալ տարի արցախցի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի երաժշտության վրա է աշխատել: «Իմ առաջին ստեղծագործական կապը եղավ Արցախի հետ, և շատ լավ աշխատեցինք միասին, որից էլ ես շատ ոգևորվեցի: Մտածում էի, որ նման աշխատանքներ ևս կլինեն: Եկել ենք մարդկանց հետ կապեր ստեղծելու»,- ասել է Ս. Թանկյանը և հավելել, որ մտածում է նաև Արցախում համերգ ունենալու մասին: Արսինե Խանջյանը նշել է, որ աշխարհի ճանաչված արվեստագետները պետք է անդրադառնան Արցախի թեմային, որը շատ կարևոր է: «Լավ կլինի, որ մեր արցախցիների աշխատանքներն աշխարհի տարբեր վայրերում ներկայացնենք՝ առիթն օգտագործելով, որ Արցախը ճանաչեն: Մենք միշտ ունեցել ենք Սփյուռք, և մեր գոյությունը պայմանավորված է նրանով, որովհետև ունեցել ենք հայություն, որ ապրել են աշխարհի տարբեր վայրերում: Կարևորն Արցախում կամ Հայաստանում ապրելը չէ, նրանք, ովքեր հնարավորություն ունեն շատ լավ է, որ չհեռանան այստեղից, բայց նրանք, ովքեր հնարավորություն չունեն պատմական առումով, կարող են որոշ պարտականություններ ավելի լավ կատարել՝ ապրելով այլ երկրում: Ազգությունը միայն հողի վրա լինելը չէ, այլև՝ մշակույթի արտահայտությունը, ինքնությունը, հավատքը և պատկանելությունն արտահայտելը՝ կատարած գործունեություններով: Եթե մենք այստեղ չենք ապրում, դա չի նշանակում, որ մենք պարտականություններ չունենք»,- ասել է Ա. Խանջյանը: Հանրահայտ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը նշել է, որ փնտրում է պատմություններ, որոնք իսկապես ազդեցիկ են լինելու, դրանք Արցախի մասին ֆիլմի վերածելու համար: «Օրինակ՝ Շուշիի պատմությունը բավական հզոր է: Անգամ այս թեմայով սցենար է գրված, որին պետք է մոտ օրերս ծանոթանամ»,-մասնավորապես ասել է Ատոմ Էգոյանը: Կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը նշել է, որ իրենց ցանկությունն է որևէ կերպ օգնել Արցախի հեղինակներին, երիտասարդներին, որպեսզի հենց նրանք ֆիլմ նկարահանեն Արցախի մասին, որովհետև այդ ամենը իրենք իրենց մաշկի վրա զգացել են, ինչը շատ կարևոր է ճիշտ վերարտադրության ու ներկայացման համար:

Հայաստանի հանրային ռադիո