Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Շառլ Ազնավուրը ներկա կգտնվի իր ծննդյան առիթով կազմակերպված համերգին

Հունիսի մեկին Շառլ Ազնավուրը Երևանում ներկա կլինի իր ծննդյան առիթով կազմակերպված համերգին: 93-ամյա շանսոնիեին՝ նրա իսկ ստեղծագործություններով, կողջունեն հայ օպերային ու էստրադային արվեստի ներկայացուցիչները: Նախաձեռնությունը՝ մշակույթի նախարարությանն է: «Ռադիոլուրը» զրուցել է համերգի հիմնական «մեղավորներից» մեկի՝ շանսոնիեի արվեստի մեծ երկրպագու, երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանի հետ: Մեծ հայ, մեծ վարպետ. երաժիշտ Հայկ Պետրոսյանի բնորոշումները հասցեագրված են Շառլ Ազնավուրին: Շանսոնիեի ծննդյան առիթով, բայց ոչ ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, այլ հունիսի մեկին, ինչպես նաև 2-ին, Երևանում կայանալիք համերգին վարպետը կլինի ոչ թե բեմում, այլ դահլիճում, որտեղից և կհետևի իր երգերի մատուցմանը հայ օպերային ու էստրադային արվեստի երիտասարդ կատարողների կողմից՝ Երևանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Հայկ Պետրոսյանը, որն իրեն հումորով անվանում է Շառլ Ազնավուրի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ոչ միայն կկատարի Ազնավուրի երգերից մի քանիսը, այլև կվարի միջոցառումը՝ ներկայացնելով Ազվանուր արվեստագետին և  Ազնավուր մարդուն: «60 տարիների ընթացքում Ֆրանսիայում ծնվեցին ու մարեցին հարյուրավոր աստղեր, իսկ 93-ամյա շանսոնիեն՝ իր փայլուն աչքերով  դեռ սարի գագաթին է: Չհանձնվելու, պայքարելու, համառության հրաշալի օրինակ կարող է դառնալ Ազնավուրը ոչ միայն անհատի, այլև ազգի համար»,-համոզված է նրա արվեստի ու տեսակի մեծ երկրպագուն: Հայկ Պետրոսյանի ամենամեծ սերերի ցանկում Ազնավուրից զատ նաև Արցախն է: Արցախյան թեմային նվիրված նրա մոնոներկայացումն ընթացքի մեջ է: «Սա նման չէ իմ նախորդ ներկայացումներին, ասենք՝ Հայկը կատակներ է գրում: Սա համահայկական թեմա է, որին դիպչելիս դու պետք է չափազանց ազնիվ ու օբյեկտիվ լինես, ավելին՝ չպարտադրես քո կարծիքը: Պետք է ցույց տաս խնդիրը, իսկ որոշումը հանդիսատեսին ինքը՛ պետք է կայացնի»,-ասում է զրուցակիցս: Վստահեցնում է, որ ներկայացմանը նախապատրաստվում է  շատ լուրջ, հանդիպումներ է  ունենում զինվորականների, պատմաբանների, Մատենադարանի աշխատողների, ամենատարբեր մասնագետների, սովորական մարդկանց  հետ: Ուզում է, որ ամեն ինչ ճիշտ ու ազնիվ լինի:

Հայաստանի հանրային ռադիո