Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Սփյուռքահայերը ցանկանում են դերակատարում ունենալ Հայաստանի քաղաքական կյանքում

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ավանդական դիտորդական առաքելություններին այս անգամ կմիանա նաեւ նոր նախաձեռնություն: Սփյուռքահայերը ցանկություն են հայտնել հետեւել հայաստանյան ընտրություններին՝ դրանով իսկ ավելի ակտիվ մասնակցել Հայաստանի կյանքին: Հարցն ունի եւ դրական, եւ բացասական կողմ եւ առայժմ միանշանակ չի ընկալվում հասարակության կողմից: Բայց ամեն դեպքում՝ արդեն դիտորդական առաքելության հայտ ներկայացրած սփյուռքահայերի թիվն անցնում է 200-ից: Ակնկալվում է, որ սփյուռքահայ ամենաշատ դիտորդները կլինեն Վրաստանից: Այնտեղից ավելի հեշտ եւ արագ է հասնել Հայաստան: 150 վրացահայ արդեն գրանցվել է խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար:   2016-ի ապրիլյան եւ հուլիսյան դեպքերին ակտիվորեն արձագանքելուց հետո սփյուռքահայերը կարծում են, որ եկել է ժամանակը փոխելու Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակը: Դա է պատճառը, որ ցանկանում են ակտիվորեն մասնակցել Հայաստանի ընտրական գործընթացներին: Այն սփյուռքահայերը, ովքեր ՀՀ քաղաքացիներ չեն եւ ընտրության իրավունք չունեն, մտադիր են ապրիլի 2-ին Հայաստանում իրականացնել դիտորդական առաքելություն: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունում արդեն գրանցվել է շուրջ 2 700 դիտորդ։ Նրանցից 250-ը սփյուռքահայեր են: Այս նախաձեռնության մասն են, ըստ էության, կանադահայ դերասանուհի եւ պրոդյուսեր Արսինե Խանջյանը,  կանադահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանը, ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան Սերժ Թանկյանը: Այս պահին սփյուռքահայ դիտորդների համար առաջնային խնդիրը ինքնաթիռի տոմսն է՝ ասում է  «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը: Սփյուռքահայ դիտորդները, ովքեր արդեն այստեղ են, չեն կարծում, որ իրենց մասնակցությունն ընտրական գործընթացներին կխզի Հայաստան-Սփյուռք կապը կամ կլեգիտիմացնի ընտրախախտումները: Նրանք իրենց համար սկզբունք են սահմանել՝ ապրիլի 2-ին մի կողմ դնել քաղաքական հայացքներն ու պահպանել չեզոքություն: Հաշվի առնելով հետընտրական ավանդական զարգացումները՝ սփյուռքահայ դիտորդները որոշել են զուսպ լինել նաեւ այդ շրջանում: Սարգիս Շահինյանի կարծիքով՝ դժգոհություն ունենալու դեպքում ճիշտ չէ, որ սփյուռքահայերը դիմեն փողոցային պայքարի տարբերակին: Սփյուռքահայերի դիտորդական առաքելությունը Հայաստանում շատ ավելի խորը իմաստ ունի, քան պարզապես քաղաքականությանը խառնվելու ցանկությունը։ Այս առումով Հայաստանում ապրող հայրենակիցներին հստակ «մեսիջ» ունեն «RepartArmenia» կազմակերպությունից Վարդան Մարաշլյանը, ով Ռուսաստանից է, ամերիկահայ Վահե Կեուշգուերյանը եւ շվեյցարահայ Սարգիս Շահինյանը: Իսկ որ սփյուռքահայ դիտորդները ճիշտ հասկանան եւ մեկնաբանեն խորհրդարանական ընտրությունների օրը տեղի ունենալիք զարգացումները, նրանք ընտրություններից մի քանի օր շուտ կանցնեն դասընթացներ՝ օրենսդրական եւ իրավական դաշտը իմանալու համար: Քաղաքական դաշտից, ասում են, արդեն տեղյակ են:

Հայաստանի հանրային ռադիո