Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ստացվեց ինչպես միշտ, երբ անջատվեց անալոգային հեռարձակումը

Նոր որակ, նոր պատկեր և նոր ձայն. սրանք այն առաջին դրական փոփոխություններն են, որոնք ընկած են թվային հեռուստահեռարձակման հիմքում: Գործընթացը ՀՀ-ում սկսվել է 2009 թվականին՝ Հեռարձակողների միջազգային միության հորդորով ու պահանջով, ու ավարտվել այս տարվա հոկտեմբերի 26-ին՝ մայրաքաղաքային հեռուստահեռարձակման համակարգն ամբողջությամբ թվայնացնելով: Դեռ մեկ ամիս չկա, բայց անալոգայինից թվայնացում հեռարձակումը խնդիրներ է ստեղծել սոցիալապես անապահով բնակչության համար՝ կցորդ սարք ձեռք բերելու հարցում, ինչպես նաեւ անկառավարելի են դարձել շուկայում վաճառվող կցորդ սարքերի գնային տատանումները։ Խնդիրները բազմիցս բարձրաձայնվեցին ու համապատասխան մարմինների կողմից պարզաբանվեցին: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նշեց, որ 108 հազար անապահով ընտանիք, որոնք ներառված են եղել սոցիալական տարբեր ծրագրային փաթեթներում, ստացել են կցորդ սարքեր, 2 հազար սարք էլ ուղարկվել է Արցախ։ Իսկ թե ի՞նչ պետք է անեն սոցիալապես անապահով, բայց անապահովության ծրագրերում չընդգրկված քաղաքացիները, հայտնի չէ, քանի որ սոցապահովության նախարարությունը պարզաբանեց՝ ծրագիրն արդեն ավարտված է: «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանն օրերս տեղեկացրեց, որ պետությունը ի զորու չէ վերահսկելու գնային տատանումները, սակայն հավելել էր՝ գնային տատանումները պայմանավորված են վաճառողների կողմից արհեստական դեֆիցիտի ստեղծմամբ: Քաղաքացիների իրավունքների խախտում է նկատում այս ամենում Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը՝ մեղադրելով վերահսկող մարմիններին։ «ՀՀ-ում տեսչական հսկողության աշխատանքը հավասար է չաշխատելուն: Այն ապրանքը, որը սոցիալապես եւ նյութապես մարդուն պետք է ապահովի ամենանվազագույն պահանջը, որոնք հանրավորություն չունեն շրջելու աշխարհում, դիտել հեռուստացույց եւ հայտնվել են ծուղակում»: Խնդիրը ներկայացվել է նաեւ ՀՀ վարչապետին, ով զայրացել ու զարմացել է: Դրա կարգավորման ընթացքի մասին սպառողների շահերի պաշտպանը խոստացավ լրացուցիչ տեղեկացնել: Այժմ մեկ այլ տեսանկյունից մոտենանք խնդրին՝ արդյո՞ք հնարավոր էր կցորդ սարքերի ներդրման, ինչպես նաեւ թվային հեռուստացույցներով հները փոխելու այլընտրանքային տարբերակներ գործեին՝ հարցին սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց է. «Կարող էին, սակայն հայկական իրականության մեջ ցանկացած նոր ու հեռանկարային բարեփոխում պարտադրվում է, որն էլ հարուցում է քաղաքացիների դժգոհությունը»: Որքա՞ն մարդ է այսօր զրկված կապույտ էկրանը վայելելու հաճույքից՝ հետազոտություններ դեռ արված չեն, փոխարենը Ադիբեկյանը ներկայացրեց՝ ՀՀ քաղաքացիների սոցիալական ապահովության վիճակագրությունը:«Մենք խմբեր ունենք, որոնց մեկ շնչին ամսական բաժին է հասնում 40 հազար դրամ, կան նաեւ 15 հազար դրամ եկամուտ ունեցողներ, որոնց մեկ շնչին օրական 500 դրամ է բաժին հասնում: Հարկավոր էր ներդնելուց առաջ գների մարման հիմունքներով ամսական վճարելու եղանակ կիրառել»։ Այսօր ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության տնօրեն Գրիգոր Ամալյանը պարզաբանում էր տարածել՝ ՀՀ քաղաքացիների ահազանգերին ի պատասխան, որում մասնավորապես ասված էր. «Ընկերության թեժ գծով ստացված զանգերը հիմնականում պայմանավորված են մի քանի հանգամանքներով. ոչ բոլոր քաղաքացիներն են կարողանում ընդունիչ սարքերը ճիշտ կարգավորել, կամ էլ անորակ ալեհավաքների ու հաղորդալարերի պատճառով դրանք չեն միանում։ Սակայն ընկերության մասնագետների կողմից տրված ցուցումներից հետո  սարքերը հիմնականում նորմալ աշխատում են»։ Ինչ վերաբերում է պետության կողմից տրամադրված սարքերի որակին, ապա ներկրող կազմակերպության հետ կնքված է պայմանագիր, որի համաձայն նրանք 1 տարվա երաշխիքային սպասարկում են իրականացնում: Եվ վերջում,  ըստ Ադիբեկյանի, ՀՀ քաղաքացին տեղեկություն ստանալու տարբերակներից գերադասում է զրույցները։

Հայաստանի հանրային ռադիո