Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ստամբուլ. Գումգափին կրկին հայաբնակ է դառնում՝ հայաստանցիների շնորհիվ

  Ստամբուլ, կամ ինչպես հայերն են սիրել անվանել Կ.Պոլիս. մշակութային խառնարան։ Սկսենք թերևս սկզբից.  Հյուրանոցը, որտեղ մենք  բնակվում էինք,  գտնվում էր Աքսարայ թաղամասում։ Թաղամասի ողջ երկայնքով խանութներ են ու սննդի կետեր։ Մինչ հյուրանոցից դուրս ես գալիս և որոշում որ կողմ քայլել, քեզ մոտենում են առևտրականները ու սկսում համոզել, որ իրենց ապրանքը գնես՝ շատ լավն  է, որակյալ։ Ուշադրություն չեմ դարձնում նրանց վրա, սկսում են վազել հետևիցս ու սկզբնական գնից բավական ցածր գին առաջարկում։ Օրինակ՝ կարող են վերնաշապիկ առաջարկել ասենք հինգ լիրայով, որը համարժեք է 1000 դրամին։ Քայլերս ուղղում եմ դեպի հայաբնակ Գումգափի թաղամաս։ Հյուրանոցից գտնվում է մի քանի մետր հեռավորություն վրա։ Թաղամասը Պոլսո Հայոց պատրիարքարանի և Սուրբ Աստվածածին մայր եկեղեցու հարևանությամբ է գտնվում։ Այսօր  Ստամբուլում  ոչ պաշտոնական տվյալներով  ապրում է  80 հազարից ավելի հայ։ Վերջին մի քանի տարիներին շատ են նաեւ Հայաստանից մեկնածները։  Վերջիններն ապրում են հենց այդ թաղամասում, քանի որ  կարևոր պատճառ ունեն` տան վարձերը մատչելի են:  Ինձ 10 րոպեն էլ բավական էր հանդիպելու համար առաջին հայաստանցուն։ Նարինե Մարգարյանը  Վանաձորից է, արդեն վեց տարի է ապրում եւ աշխատում է Ստամբուլում։ Ասում է, որ սոցիալական պայմանների պատճառով է այստեղ հայտնվել։ Իսկ ահա մյուս զրուցակիցս ,ով չցանկացավ ներկայանալ, նշեց, որ պարզապես օրերն է   հաշվում, թե երբ պետք վերադառնա  հայրենիք։ Միաժամանակ նշեց՝ այս պահին Ստամբուլը եկամուտ վաստակելու միակ ճանապարհն է։ Նշենք, որ  հայ միգրանտները Թուրքիա են մեկնում զբոսաշրջության 30-օրյա վիզաներով, բայց նրանցից շատերն արդեն 15 տարուց ավելի է` ապօրինի բնակվում են այս երկրում: Պոլսահայերը պատմում են՝ սկզբնական շրջանում գալիս էին տարեցները, բայց հիմա արդեն այստեղ հաստատվում են երիտասարդները` ընտանիքներով: Կանայք աշխատում են ընտանիքներում որպես դայակ, հիվանդապահ, կոշիկի ու պայուսակի ֆաբրիկաներում, խանութներում, տղամարդիկ` ֆաբրիկաներում, շինարարությունում, զբաղվում են նաև ոսկերչությամբ: Ամսական վարձատրվում են 800-1200 դոլարի սահմանում: Հայաստանցի երեխաներն այցելում են Հրանտ Դինքի անվան դպրոց, որը դարձել է հայաստանցիների հավաքատեղին: Չնայած դպրոցը պաշտոնապես գրանցված չէ, սակայն Թուրքիայի իշխանությունները չեն խոչընդոտում դպրոցի գործունեությանը։ Այնտեղ բոլոր առարկաները դասավանդում են հայերեն` ըստ ՀՀ   կրթական ծրագրի։ Դասագրքերը ստանում են Սփյուռքի նախարարությունից։ Դպրոցի հատկացրած վկայականով աշակերտները ուսումը կարող են շարունակել Հայաստանում։ Ամբողջացնելով՝ կարող ենք ասել, որ  անցած դարասկզբի Գումգափի հայաբնակ թաղամասն այսօր կրկին հայաբնակ է դառնում, բայց այս անգամ` հայաստանցիներով: Պոլսահայերը մեզ  հետ մասնավոր զրույցներում  նշում էին, որ Հայաստանից եկածներից մեծամասնությունը   չգիտես ինչու իրենց  տանը, երեխաների հետ շփվելիս խոսում են թուրքերենով, որը, ինչ խոսք, ցավալի է, բայց  սա է  իրականությունը։ Ի դեպ՝  ինձ հանդիպած պոլսահայերը չգիտես ինչու խուսափում են խոսափողից։ Երբ սկսում էինք հարցուփորձը՝ միանգամից ասում  էին՝ ի՞նչ կուզեք,մեր մոտ ամեն ինչ ալ լավ է։ Պատրիարքարանից դուրս եմ գալիս ու քայլերս ուղղում դեպի Թաքսիմի հրապարակ։ Իսկ ահա  Ստամբուլի եվրոպական մասի Բեյօղլու թաղամասի սրտում գտնվում է աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի  «Արա-սրճարանը»։ Երկու քայլ այն կողմ հայտնի Իսթիքլյալ պողոտան է։ Փողոց, որը  կարծես երբեք չի քնում:  Արդեն երեկոյան ժամը 10- ն է, հնչում է երեկոյան նամազի հրավերի ձայնը։ Ու թերևս մեկ  նորություն՝ Ստամբուլի գրեթե բոլոր խանութներում, փողոցներում կարելի էր անընդհատ լսել  հայաբառ մի երգ։ Երբ մի փոքր լարում էիր լսողությունդ՝ հասկանում էիր՝ այն բացարձակ աղերս չունի հայկական երգի ու երաժշտություն հետ։ Սպիտակցի Հայկոյի այդ երգը մեծ ժողովրդականություն էր վայելում Բոսֆորի ափերին, թուրքերի մոտ։ Պոլսահայերը հումորով նկատում էին՝ նամազին զուգահեռ ամենուր մեկ էլ այդ երգն է  հնչում։

Հայաստանի հանրային ռադիո