Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ստեղծվում է պետական կոմիտե. այն ավելի լա՞վ կպաշտպանի անտառները

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Հայաստանի բնապահպանության նախարարության համակարգում ստեղծվում է անտառային պետական կոմիտե՝ որպես նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին: Ըստ հրամանագրի՝ կառավարությունը եռամսյա ժամկետում պետք է ընդունի սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ: Նախաձեռնելով նման կառուցվածքային փոփոխություն՝ կառավարությունում այն պայմանավորում էին ոլորտում առկա խնդիրների արդյունավետ լուծմամբ: Այդպիսի առաջարկով հանդես էին եկել նաեւ բնապահպանները՝ հորդորելով առավել ինքնուրույնություն ապահովել «Հայանտառ»-ի համար: Հիմա, սակայն, բնապահպանները կարծում են, որ կատարված փոփոխությամբ դա չի ապահովվում, հետեւաբար որոշումը կիսատ է ստացվում: Միակ դրականն այն է, որ ՊՈԱԿ-ի կարգավիճակը փոխվում է պետական կոմիտեի, իսկ գործառնական առումով որեւէ բան չի փոխվելու՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանը: Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը եւ միջոցառումների ցանկին կառավարությունը հավանություն տվեց մոտ մեկ ամիս առաջ: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը պարզաբանեց. «Նախագծի ընդունումը պայմանավորված է անտառային ռեսուրսների վերականգնման, անտառածածկի ավելացման, անտառների բնապահպանական, սոցիալական եւ տնտեսական նշանակության գործունեության պահպանման եւ զարգացման անհրաժեշտությամբ: Հիմնական փոփոխությունն այն է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը վերակազմավորվի որպես կոմիտե եւ տեղափոխվի բնապահպանության նախարարության ենթակայության տակ՝ հաշվի առնելով, որ Հայաստանում անտառներն ավելի շատ բնապահպանական եւ սոցիալական դեր ունեն: Դա չի նշանակում, թե չենք կատարելու գյուղատնտեսական ծրագրեր, եթե լինեն»: Հայաստանի անտառներ ՀԿ տնօրեն Նազելի Վարդանյանը, մինչդեռ, մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ խնդիրը Հայանտառի ինքնուրույնությունն ապահովելն էր: Իրենք առաջարկել էին դա, սակայն, ստացվում է, որ այսպիսով կառավարությունը խնդրին կիսատ լուծում է տվե: Կոմիտեի կարգավիճակը կնպաստի ճիշտ կառավարմանը եւ հնարավորություն կստեղծի պահպանման եւ կառավարման ծառայությունների բաժանում կատարել՝ իր խոսքում այսպես էր ասել գյուղատնտեսության նախարար  Իգնատի Առաքելյանը, ապա հստակեցրել. «Այսինքն, աշխատանքային խումբը, որն այսօր պատասխանատու է ե՛ւ անտառի կառավարման, ե՛ւ պահպանման համար. այդ պատասխանատվությունները կտարանջատվեն, որը թույլ կտա կառավարման մակարդակն ավելի բարձրացնել»: Նազելի Վարդանյանի կարծիքով՝ եթե վերահսկողությունը դուրս բերվի բնապահպանության նախարարության գործառույթներից, ապա, ինչ-որ չափով խնդիրը կլուծի: Սակայն, նա նկատեց, որ մյուս կողմից բնապահպանության նախարարությունն է իրականացնում փորձաքննություն, որը չի հանվում նրա գործառույթներից: Վարչապետ Կարեն Կարապետյանը կատարված փոփոխության արդյունքում  իր ունեցած ակնկալիքներն ու հանձնարարականն էր հասցեագրել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին: Նշենք նաեւ, որ Անտառային պետական կոմիտե ստեղծելու մասին նախագահի հրամանագրով կառավարությանը հանձնարարվել է եռամսյա ժամկետում ընդունել հրամանագրից բխող համապատասխան որոշումներ: Հենց դրանց առկայությամբ հնարավոր կլինի արդեն խոսել, թե ինչպիսի լուծումներ են ձեւակերպվել բնապահպանների ունեցած մտահոգությունների հետ կապված:

Հայաստանի հանրային ռադիո