Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ստեփանակերտում նշվեց Արցախի հերոս Գեւորգ Աբաջյանի 20- ամյակը

Լուսինե Ավանեսյան «Ռադիոլուր»- Ստեփանակերտ Ապրիլի սկզբին հակառակորդի սանձազերծած պատերազմում հերոսաբար զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան 20-րդ տարեդարձին նվիրված  հանդիսավոր միջոցառում է տեղի ունեցել Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում: Պաշտպանության բանակի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը   ներկա էին նրա մարտական ընկերները, պապն ու եղբայրը,   Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Ի դեպ՝ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Ռոբերտ Աբաջյանի հարազատներին: Նա նշել է, որ Ռոբերտ Աբաջյանի եւ մյուս հերոսների սխրանքը ոսկե տառերով է գրվել մեր պատմության մեջ՝ մարմնավորելով հայ ժողովրդի անպարտ ոգին, հայրենասիրությունն ու անձնվիրությունը: Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատը նման հանդիպումներ շատ է տեսել, արցախյան ազատամարտի հերոսների հիշատակի միջոցառումները սովորաբար այս դահլիճում են կազմակերպվում. այս մեկն առանձնանում էր. հերոսը ոչ թե 50 կամ 70 տարին է բոլորում այլ  ընդամենը՝ 20:  Սակայն տարիքով չի չափվում հերոսությունը։ Պապը՝ Գեւորգ Աբաջյանն իր ծնկներին մեծացած տղեկին է հիշում. ցավն ու  նրա անձնազոհության ծնած հպարտությունը չեն տեղավորվում նույն հարթության մեջ: Ռոբերտի ընկերներին դահլիճը լսում է համակ ուշադրությամբ: Մուշեղը հիմա էլ նույն դիրքն է պահում: Ասելիքը շատ է: Թղթին հանձնված տողերից աչքը կտրվում է՝ ապրիլի առաջին օրվա դրվագները խանգարում են: Մի գիշերվա մեջ մեծացան։ Փոխվեց ամեն ինչ՝ ընկերներ կորցրին, հակառակորդ ասվածը դարձավ թշնամի: «Վախենում է մեզնից»,-  վստահաբար ասում է Մուշեղը: Ռոբերտի արածից է վախենում, որ կռիվն ու  մահը նախընտրեց գերի հանձնվելուց: Հիմա էլ նույն դիրքում է ծառայում: Ամեն ինչ  հիշեցնում է տղաներին: Նրանք երբեք  բացակա չեն: Դահլիճում հայրենասիրական երգեր են, խրոխտ ռազմապարեր, հուշեր ու պատգամներ: Նոյեմբերի 16-ին հերոսի ծննդյան քսանամյակին նվիրված միջոցառում տեղի է ունեցել նաեւ Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղում, որի դպրոցը կրում է Ռոբերտ Աբաջյանի անունը:

Հայաստանի հանրային ռադիո