Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Տիգրան Մանսուրյանը՝ Իսահակյանով ու Չարենցով. համերգային ծրագիրն առաջիկայում կվայելեն Արթիկում ու Վանաձորում

Հոկտեմբերի 1-ին՝ Վանաձորում, հոկտեմբերի 2-ին՝ Արթիկի մշակույթի կենտրոնում. «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգային երեկոներին  կհնչեն Իսահակյանի ու Չարենցի բանաստեղծությունների հիման դրա գրված Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Համերգների պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի խոսքով,  վայրի  ընտրությունը պատահականություն չէր, այլ Մաեստրոյի ցանկությունը: Մանսուրյանի  մանկության տարիներն անցել են Արթիկում: Առաջին անգամ նա դաշնամուրին մոտեցել է Արթիկի մշակույթի տան դահլիճում: «1947-ին, երբ Բեյրութից եկանք, տեղավորվեցինք Արթիկում:Այստեղ ես առաջին անգամ «հանդիպեցի» դաշնամուրի հետ ու կապվեցի այդ գործիքին մոլեռանդորեն: Արթիկում երաժշտական դպրոց չկար: Նոտաներ իմացող միակ մարդը, որին կարող էի հարցեր ուղղել, նախկին մի զինվորական էր, որը հետս խոսել անգամ չէր ցանկանում:   Բանվորական ակումբում դրված այդ գործիքի հետ ինչ-որ անեի, միայնակ  պիտի անեի փաստորեն: Չապյանը, որը ակումբի ինքնագործ թատրոնի ռեժիսորն էր ու, որին հավանաբար շատ էի տանջել իմ փորձերով,  մի օր ասաց. «Տիգրա՛ն, Արթիկից Սայաթ Նովա դուրս չի գա, մի՛ չարչարվիր այդքան»: Գուցե Չապյանը ճիշտ էր. Սայաթ Նովա դուրս չեկավ, բայց «ուրիշ ինչ-որ մի բան», այնուամենայնիվ, դուրս եկավ»: «Որպես հայաստանցի ես ինձ համարում եմ հենց  արթիկցի և ուզում եմ այս քաղաքին վերադարձնել այն, ինչ տեսել, լսել ու վայելել եմ այստեղ: Ես մշտապես պարտք եմ այս քաղաքին ու նրա մարդկանց»,-ասում է Մանսուրյանը: Հոկտեմբերի 2-ին կայանալիք համերգին Արթիկի մշակույթի տունը պաշտոնապես կանվանակոչվի նրա անունով: Վանաձոր քաղաքի ընտրությունը ևս պատահական չէ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած ասուլիսում Մաեստրոն ասաց, որ իր հոգու մեծ պարտքն է համարում համերգ ունենալ լոռեցիների համար և իր ընկերոջ` Հրանտ Մաթևոսյանի հիշատակին: Իսկ ինչու՞ Չարենց ու Իսահակյան, ծրագրի ընտրության վերաբերյալ հարցին անդրադառնալիս Տիգրան Մանսուրյանը հիշեց  երկու  Մեծերի  առաջին հանդիպման հետաքրքիր դրվագը. «Կարսում  Չարենցը առաջին անգամ հանդիպում է Իսահակյանին. հավանաբար կյանքում առաջին անգամ մեծ բանաստեղծ է տեսել՝ կենդանի, քայլող ու գնացել է հետևից:  Իսահակյանը բարկացած կանգնել, հետ է նայել ու իրեն հետապնդող «չար տղային»  մի ապտակ է հասցրել:  Իհարկե, Իսահակյանն այս պատմությունը մոռացել է, ու հետագայում, երբ հանդիպել են Վենետիկում, Չարենցը պատմել է Կարսում տեղի ունեցած այս դեպքը, իսկ Իսահակյանը  պատասխանել է.«Ուրեմն ես քեզ Վարպետի ապտակ եմ տվել, որով մկրտվել ես»: Այս երկու մեծերի միջև հետաքրքիր կապ է եղել»: Մաեստրոն նաև հավելում է.«Հայոց լեզուն իմ հոգու հայրենիքն է: Այսօր հայ  դասական պոեզիային վերադառնալու պահանջ կա :  Ես սիրում եմ հատկապես այն կոմպոզիտորներին, որոնք  հայ երաժշտության մեջ բերում են հայոց լեզու: Հայ դասական երաժշտության ու պոեզիայի հարաբերության ոլորտում լուրջ անելիք ունենք»: «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգներն իրականացվում են մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգաշարը հետագայում կհասնի Էջմիածին և Արցախ: «Լիահույս եմ, որ նման իրադարձություններն այլևս բացառիկ չեն լինի, կլինեն օրինաչափություն»,-ասում մշակույթի նախարար Արեմն Ամիրյանը: «Չափազանց շնորհակալ եմ մաեստրո Տիգրան Մանսուրյանին, որ արձագանքեց մեր որդեգրած քաղաքականությանը՝ մշակույթը պետք է գնա մարզեր: Մարզերին է, որ պետք է մշակութային հզոր ազդակներ փոխանցենք: Մենք քաջ գիտակցում ենք, որ համաշխարհային համբավ վայելող ցանկացած համերգասրահ կամ պրոդյուսերական կենտրոն կերազեր կազմակերպել ձեր համերգը: Եվ այսօր ձեր նման համաշխարհային մեծության աստղը,  թույլ տվեք հենց այդպես անվանել, որոշել է համերգներ տալ մեր մարզային քաղաքներում»: «Խորապես համոզված եմ, որ մշակութային ձեր հզոր ճառագայթներն ազգային ինքնության գիտակցությունն են արթնացնելու երիտասարդների մեջ, միաժամանակ  բացահայտելու են այն ստեղծարար միտքը,  որը, թերևս, թաքնված է շատերի մեջ»,-ասաց մշակույթի նախարարը՝ հույս հայտնելով, որ Իսահակյանի նշած՝ Վարպետի ապտակով բացմաթիվ երիտասարդներ «կմկրտվեն» հենց այդ համերգների ժամանակ:

Հայաստանի հանրային ռադիո