Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Թուրքիան՝ «սուլթանիզացիայի» կամ «ադրբեջանիզացիայի» ճանապարհին

Տարածաշրջանում ընթանում են իրադարձություններ, որոնք արտակարգ կարեւորություն եւ հետաքրքրություն ունեն: Այս կարծիքն է այսօր հայտնել «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Սիրիայում, Թուրքիայում եւ Իրաքում տեղի ունեցող զարգացումներին: Նրա գնահատմամբ՝ ինչպես ռազմական իրադրությունը, այնպես էլ քաղաքական իրավիճակը բավականին բարդ է: Քաղաքագետի խոսքով՝ մեզ համար այդ ամենը շատ  կարեւոր է: Բացի նրանից, որ տարածաշրջանը մեզ բավականին մոտ է, նաեւ՝ կարեւոր է, թե որքանով Հյուսիսային Իրաքում կարող է ձեւավորվել քրդական պետություն: Քաղաքագետը, մասնավորապես, առանձնացրել է նաեւ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Թուրքիայում՝ դրանք գնահատելով որպես ամենահետաքրքիրը: Քաղաքագետն անդրադարձել է նաեւ հայ-ադրբեջանական սահմանի վրա այդ զարգացումների հնարավոր ազդեցությունների:   Թուրքիան գնալով ավելի ու ավելի է մոտենում սուլթանիզացիայի ճանապարհին՝ համոզված է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետն այդ գործընթացն անվանում է նաեւ «ադրբեջանիզացիա»: «Էրդողանական Թուրքիան վերածվում է Ադրբեջանի: Ես նկատի ունեմ իշխանությունների կառուցվածքով: Թուրքիան ունի որոշակի ժողովրդավարական մեխանիզմների առկայություն, ինչը կարծես արդեն անցյալում է»: Վերջին ընտրություններից եւ հեղաշրջման փորձից ու դրան հաջորդած իրադարձություններից հետո Թուրքիան այդ որոշակի ավանդույթներից  ավելի է հեռանում եւ այդ մասին են վկայում նաեւ քրդամետ կուսակցության պատգամավորների եւ այդ շրջապատին մոտ քաղաքացիական հասարակության այլ անդամների ձերբակալությունները: «Ամենակարեւորը ոչ այնքան այդ ձերբակալություններն են, որքան այն, որ կարծես չկան ոչ մի ընդդիմադիր գործողություններ: Արդեն չկա որեւէ մեկը, որ ընդդիմանա»: Հետեւաբար, ըստ քաղաքագետի, արդեն գարնանը Թուրքիայի Սահմանադրությունը լիովին կփոփոխվի, ինչը կնշանակի մի շատ պարզ բան՝ սուլթանն այլեւս իշխանության է, որից չի գնա: Սրանով Թուրքիան կնմանվի հարեւան թյուրքական պետություններին, ինչը պատմության ծաղր է: Քաղաքագետը կարծում է, որ այն, ինչ կատարվում է Թուրքիայում միջազգային հանրությանը դուր գալ չի կարող, քանի որ նրանց անհրաժեշտ է քիչ թե շատ կանխատեսելի Թուրքիա:  Առավել ես, որ արեւմուտքի, մասնավորապես՝ եվրոպացիների հետ կան խնդիրներ: Բայց ամեն դեպքում, Թուրքիան առաջվա նման շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անհրաժեշտ անդամ եւ նրան փոխարինելն այսօրվա պայմաններում հնարավոր չէ: Միաժամանակ, ըստ քաղաքագետի, պետք է հասկանալ, որ Էրդողանն իր ձեռքի տակ ունի ծորակ՝ դեպի եվրոպա միգրանտների հոսքի: Դա բավականին ծանր է եվրոպացիների համար, հետեւաբար՝ Արեւմուտքը ստիպված է լինելու շարունակել համագործակցությունը, անգամ այնպիսի Թուրքիայի հետ, որն այսօր է, չնայած՝ դա ոչ մեկին դուր չի գալիս: Տարածաշրջանային զարգացումների համատեքստում անդրադառնալով հայ-թուրքական սահմանին՝ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծիք հայտնեց, որ այստեղ որեւէ բան չի փոխվի: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական եւ ղարաբաղաադրբեջանական սահմանին. «Ես հասկանում եմ, հիմա մենք տեսնում ենք որոշակի կրակոցներ: Բայց մինչեւ ապրիլ եղածի համեմատությամբ՝ իրավիճակը քիչ թե շատ հաջողվում է պահպանել»: Քաղաքագետը կարծում է, որ իրավիճակը պահպանել հաջողվում է ինչպես  քաղաքական մեխանիզմների, այնպես էլ՝ հայկական կողմի նոր սպառազինությունների ձեռքբերման շնորհիվ, որ տեղի ունեցավ ապրիլյան իրադարձություններից հետո արված եզրահանգումների արդյունքում: Հավասարակշռությունն առայժմ պահպանվում է, թե որքան կհաջողվի դա պահել, ըստ «Կովկաս» ինստիտուտի տնօրենի, մեծապես կախված է նավթի գներից: Նա համոզված է, որ առաջիկայում նավթի գները չեն կարող մոտենալ նախկին վիճակին: Ես չեմ կարծում, թե կհաջողվի ի սպառ վերացնել նոր էսկալացիաների բռնկման հնարավորությունները, բայց առայժմ պահել հաջողվում է: Ինչ կլինի հետո՝ կտեսնենք՝ եզրափակեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հայաստանի հանրային ռադիո