Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Ուժն Աստված տվեց, և ոչ միայն. oպերային երգիչ Արտակ Կիրակոսյանը վերադառնում է

Նոյեմբերի չորսին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա օպերային երգիչ Արտակ Կիրակոսյանի վերադարձի համերգը, որը իրականում երախտիքի խոսք է բոլոր նրանց, ովքեր 9 տարի առաջ Արտակին օգնեցին մեկնել Գերմանիա՝ դժբախտ պատահարից հետո վերականգնողական բուժօգնություն ստանալու: Արտակն իր ընտանիքով այսօր ապրում է Գերմանիայում, ինչպես ինքն է այսօր նշել, միայն առողջական խնդիրներից ելնելով: Արվեստագետն իր հայացքով ու երազանքներով Հայաստանում է, Երևանի օպերային թատրոնում:   Ծանր դիպվածը Արտակի կյանքը փոխեց 2008-ին. Սարդարապատում  Անկախության 90-ամյակին նվիրված համերգի գլխավոր փորձն էր: Հանկարծակի բարձրացած քամին 3.5 տոննա կշռող լուսարձակը շրջեց բեմում գտնվողների վրա: Իսկ բեմում շուրջ 120 մարդ կար՝ հիմնականում երեխաներ: Մի քանի դպրոցահասակ  երեխաների կյանքը փրկելով, այդ օրը լուրջ վնասվածքներ ստացավ նաև օպերային երգիչ Արտակ Կիրակոսյանը: Ընկերների ու բարեգործների շնորհիվ Արտակը մեկնեց Գերմանիա, որտեղ էլ մինչ օրս ապրում ու շարունակում է բուժումը: Հայաստանում ապրելու մասին առայժմ չի  կարող մտածել, քանի դեռ չի ապաքինվել վերջնականապես: «Մեծ որդիս 11 տարեկան էր, երբ մեկնեցինք Գերմանիա: Ի տարբերություն փոքր որդուս, նա ոչ մի կերպ չկարողացավ համակերպվել: Այնտեղ ամեն ինչ խորթ է նրա համար: Արտերկրում ինձ պահում են միայն իմ առողջական խնդիրները: Ես վստահ եմ՝ եթե Երևանում լինեի, անգամ այս վիճակով, Օպերային թատրոնի բեմում կլինեի»: Երևանյան առաջիկա համերգը Արտակի  վաղեմի երազանքն էր, որը իրականություն է դառնում շնորհիվ նրա  ընկերների ու մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի: Երգիչը  մինչ օրս անվասայլակով է, բայց չի հանձնվում. վստահ է՝ մի օր ամուր ոտքերի վրա է կանգնելու ու բեմ է բարձանալու՝ ամուր քայլերով: Իսկ երգեցողությունից երբեք չի կտրվել. հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ: Առանց անվասայլակ Մեծ բեմ վերադառնալու մեծ հույսը Ինչը՞ ուժ տվեց՝ հաղթահարելու այդ դժվարությունները.  հարցին Արտակը պատասխանեց. «Առաջին հերթին հավատքն առ Աստված:Ես «Նարեկ»-ով եմ սկսել «կյանքի գալ»: Դեպքից հետո շաբաթներ շուրանակ ինձ տանջում էր մի հարց՝ ինչու՞, բայց հետո աստիճանաբար հասկացա, որ ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել: Բացի այդ, ինձ շատ մեծ ուժ տվեց ընտանիքս, հատկապես կինս, և իհարկե ընկերներս, որոնք անընդհատ կողքիս էին, ինչպես և այսօր:  Օրս այնպես էին լցնում, որ թվում էր՝ ոչինչ էլ չի պատահել, ընդամենը վերևի դարակից չեմ կարող վերցնել բաժակը»: Արտերկրում ամենից շատ Արտակը հենց ընկերներին է կարոտում: Կարոտում է նաև Երևանի իր հարազատ օպերային թատրոնը, որը, ինչպես պնդում է, անփոխարինելի է, իսկ երևանյան հանդիսատեսը՝ ամենաջերմը: Արտակը պատմեց, որ իր հարազատ բեմում վերջին անգամ հանդես է եկել 2008-ի մայիսի 3-ին, չարաբաստիկ դեպքից ընդամենը օրեր առաջ: Սարոյի դերերգով էր բեմում… Հանդիպմանը ներկա Արմեն Ամիրյանը վստահեցրեց. «Երևանի օպերային թատրոնի բեմում Արտակին մենք  տեսնելու ենք ամենատարբեր դերերգերով: Ես վստահ եմ դրանում, և ամենակարևորը՝ Արտա՛կն է վստահ դրանում»:

Հայաստանի հանրային ռադիո