Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Վերջին սադրանքը չի խանգարի ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիմանը

Պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է Աժ արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ունենալով 9 հարց: Գրեթե ողջ օրը պատգամավորները հատկացրեցին 2016 թվականի պետական բյուջեի հաշվետվության քննարկմանը: Սակայն թե լիագումար նիստերի դահլիճում, թե  խորհրդարանի միջանցքում կար առանցքային մեկ հարց: Նիստերի դահլիճում բոլոր զեկուցողներից պատգամավորները փորձում էին հասկանալ, թե ինչու հաշվետվության մեջ չի երեւում ապրիլյան քառօրյա պատերազմի ազդեցությունը բյուջեի վրա: Դահլիճից դուրս՝ միջանցքներում արդեն քննարկվում էր օրերս՝ հուլիսի 4-ին Ադրբեջանի կողմից նախաձեռնված սադրանքը:     Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում, որ Ադրբեջանի վերջին սադրանքից հետո անգամ կմեկնի Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպման: Դրա մասին նա ասաց Աժ-ում, լրագրողների հետ զրույցում: Նախարարը, ի դեպ, պատրաստվում էր մտնել նիստերի դահլիճ եւ այս հարցին պատասխանելու համար շրջվեց ու մի քանի քայլ հետ դարձավ: Նախնական տեղեկությունների համաձայն, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը հնարավոր է տեղի ունենա հուլիսի 11-ին ավստրիական Մաուէրբախ քաղաքում՝ ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում: Երկու օր առաջ Կիեւում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի սեմինարի ընթացքում Ադրբեջանի պատվիրակն արդեն  աշխատանքային սեղանների շուրջ կրկին փորձել է սադրել եւ խեղաթյուրել իրողությունը: Աժ պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը վստահեցնում է՝ համարժեք հակահարված տվել է: Երկու օր առաջ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախաձեռնելով հերթական սադրանքը Ադրբեջանը կիրառեց ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ, որոնք, ի դեպ, լռել էին նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Ակնկալելով ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հասցեական հայտարարությունները՝ ընդդիմադիրները շեշտում են, որ հարկավոր է ունենալ միջադեպերի բազա՝ ապացուցելու, թե ով է սադրանքները նախաձեռնում: Կորյուն Նահապետյանը վստահեցնում է, որ «յուրաքանչյուր կոնկրետ դեպք փաստագրվում է»: Պահից թելադրված անհրաժեշտ գործողություններն իրականացվել են հենց հուլիսի 4-ից սկսած: Սա պնդում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա հատուկ շեշտում է, որ ադրբեջանցի երկամյա երեխայի մահը ադրբեջանական կողմը շահարկում է: Հուլիսի 4-ի դեպքերից հետո Ադրբեջանի խորհրդարանում Հայաստանի վրա հարձակվելու կոշտ հայտարարություններ հնչեցին: ԱԺ այսօրվա արտահերթ նիստի համար խորհրդարան եկած պատգամավորները նույն ոճով հարեւաններին պատասխանելը նպատակահարմար չեն համարում: Ըստ Կորյուն Նահապետյանի՝ Հայաստանի քաղաքական օրակարգն այլ է: Հայաստանի խորհրդարանի այսօրվա աշխատանքային օրակարգում նախորդ տարվա պետական բյուջեի կատարողականի քննարկումն էր: Հենց հաշվետու տարում էին տեղի ունեցել քառօրյա պատերազմի դեպքերը, որոնց արտացոլումը պետական բյուջեում պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չտեսավ: Պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը պարզաբանեց՝ հանձնաժողովի դռնփակ նիստում ՊՆ բարձրաստիճան ներկայացուցչից ստացել են անհրաժեշտ տեղեկությունները՝ ծախսերի եւ ձեռքբերումների մասով: Դրանց կարող են ծանոթանալ նաեւ հանձնաժողովի ոչ անդամ պատգամավորները, բայց այս դեպքում կարեւորվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկության չտարածումը: Այդպիսի փաստաթուղթ պատգամավորները ստորագրում են, բայց անցյալ տարի դեպքեր եղել են, երբ խախտվել է այդ պարտավորությունը: Կորյուն Նահապետյանը հատուկ նշեց, որ դրանից դասեր է պետք քաղել եւ այսօրվա լարված իրավիճակում պահպանել զգոնությունը:

Հայաստանի հանրային ռադիո