Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Զարգացո՞ւմ ապահովող, թե՞ փոփոխություն չենթադրո՞ղ. ԱԺ- ում քննարկում են 2018- ի բյուջեն

Խորհրդարանն այսօր սկսել է 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումը: Հիմնական զեկուցող, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մոտ մեկ ժամ ներկայացրել է բյուջեի կարևոր ցուցանիշերն ու  դրանց հիմքում ընկած գաղափարախոսությունը: Կառավարության նպատակը  հաջորդ տարվա ընթացքում  4.5 տոկոս տնտեսական աճ ապահովելն է, երկրի անվտանգություն կայունացմամբ՝ ներդրումներ ներգրավելը  և նպատակային սոցիալական քաղաքականություն վարելը: Եթե կառավարության համար  2018-ի բյուջեն  կայունացնող ու զարգացում ապահովող բյուջե է, ապա  խորհրդարանի համար այն փաստաթուղթ է, որն  աշխատավարձերի ու թոշակների բարձրացում չի նախատեսում, սոցիալական ցուցանիշների փոփոխություն չի ենթադրում: Կառավարությունը  կարծում է, որ սոցիալական խնդիրների լուծման ճանապարհը ներառական տնտեսական աճ ապահովելն է: Այսինքն՝  մարդուն ոչ թե ձուկ, այլ կարթ տալու քաղաքականությունը, ըստ ֆինանսների նախարարի, լինելու է գլխավոր ուղենիշը: «Մենք կարծում ենք, որ սոցիալական խնդիրների լուծման լավագույն տեսլականը ներառական տնտեսական աճ ստեղծելն է: Դա ոչ միայն սոցիալապես անապահով մարդուն աջակցելն է, այլև պայմանների ստեղծումը, որպեսզի այն մարդիկ, ովքեր ունակ են եկամուտներ գեներացնել, հնարավորություն ունենան գեներացնել այդ եկամուտները»: Ընդդիմությունը  բյուջեի վերաբերյալ իր պնդումներն է ներկայացնում ՝  չեն ավելանում թոշակները, նպաստները, նվազագույն աշխատավարձը, նվազում են առողջապահության, կրթության, սոցիալական ծախսերը:  Զուգահեռաբար աճում են գները:  Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ  2018 -ը գնաճի առումով ավելի  ծանր տարի  է լինելու, քան նախորդները: Փաշինյան. «Այս արձանագրումը նշանակում է, որ աղքատության ծավալը չի կրճատվելու, աղքատներն ավելի են աղքատանալու, և մարդիկ 10 տոկոսով ավելի վատ են ապրելու 2018 թվականին»։ Արամյան. «Սովորաբար բյուջեն մեկ տարով չի ծրագրվում, պետք է 4-5 տարվա տեսլական ունենաս: Միջին թոշակը 2013 թվականին եղել է 30 հազար դրամ, այսօր 41 հազար դրամ է, աճը շուրջ 30 տոկոս է, բավարա՞ր է դա արդյոք, որ մեր թոշակառուները իրենց նորմալ զգան, իհարկե բավարար չէ: Նվազագույն աշխատավարձը 2012-ին եղել է 32500 դրամ, այժմ 55 հազար դրամ է: Սոցիալական խնդիրները լուծելու համար պետք չի միայն թոշակ ու նպաստ տալ, պետք է պայմաններ ստեղծել, որ մարդն այդ իրավիճակից դուրս գա»: Տոնավաճառներից՝ ԱԺ. առևտրականները դժգոհ են հարկային տեռորից Տոնավաճառների առևտրականների հարցը այսօր էլ չմոռացավ «Ծառուկյան» խմբակցությունը: Այն,  ինչ արվում է փոքր և միջին ձեռներեցության հանդեպ, ադեկվատ հարկային վարչարարություն չէ՝ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով: «Տեղերը նշեցինք՝ 20 հազար ապրանքատեսակ ներկրում է 7 անձ, հարկ եղած դեպքում կհրապարակենք անունները։ Ինչո՞ւ է ձեր ադեկվատությունը բռնել ՓՄՁ-ների վրա, որոնք ընդամենը օրվա հաց են վաստակում, ձեր դուխը չի՞ հերիքում մտնել այնտեղ, որտեղ կան արտոնյալներ»։ «Դուխներս հերիքում է, և մի քանի անգամ հայտարարել ենք, որ խաղի կանոնները բոլորի համար պետք է լինեն նույնատիպ, հակառակ դեպքում մենք շատ լավ գիտակցում ենք, որ եթե չլինեն հավասար պայմաններ, չեն կարող հավակնել տնտեսական բարձր ցուցանիշների, ներդրումների արտոնյալ միջավայր չեն ունենա: Մի բան էլ պետք է հաշվի առնել, անկախ նրանից՝ տնտեսվարող սուբյեկտը մե՞ծ է, թե փոքր, հարկային պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ կերպով»։ 2018 թվականի բյուջեի նախագծով կառավարությունը խոստանում է 4.5 տոկոս տնտեսական աճ: Նախատեսում է  ստանալ 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ եկամուտ, ծախսել՝ 1 տրիլիոն 464 միլիարդ: Ամենաշատ գումարն ուղղվելու է սոցիալական պաշտպանության ոլորտին՝ մոտ 409 մլրդ դրամ։ Հաջորդ խոշոր ուղղությունն ընդհանուր բնույթի հանրային ծառայություններն են՝ 272 մլրդ դրամ, երրրոդը  պաշտպանության ոլորտն է  247 մլրդ դրամով: Կան ոլորտներ, որոնց նախորդ տարվանից նկատելիորեն ավելի շատ գումար է ուղղվելու՝ օրինակ բնակարանային շինարարությունը և կոմունալ ծառայություններին հատկացվող միջոցները հաջորդ տարի  կաճեն 20%-ով, պաշտպանության ոլորտինը՝ 15%-ով: Փոխարենը նվազելու են գիտությանը, կրթությանը, առողջապահությանն ուղղվող բյուջետային միջոցները: 20 մլրդ դրամով ավելանալու  է պետական պարտքի սպասարկման բեռը։ 2018-ին մոտ 140.5 մլրդ դրամ է ուղղվելու պարտքի սպասարկմանը: Այս գումարը   բյուջեի ընդհանուր ծախսերի մոտ 10%-ն է,  կառավարությունը, սակայն,  պնդում է, որ անհանգստանալու կարիք չկա։ Խորհրդարանական խմբակցությունները գլխավոր ֆինանսական փաստաթղթի նկատմամբ իրենց դիրքորոշումները կձևակեպեն վաղը:

Հայաստանի հանրային ռադիո