Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Զինծառայության մասին օրինագիծը ԱԺ-ում՝ երկրորդ ընթերցմամբ. թեժ մթնոլորտը պահպանվել է

Խորհրդարանում այսօր սկսվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի» մասին աղմկահարույց նախագծի երկրորդ ընթեցումը։ Առաջին ընթերցմամբ ԱԺ- ն այն ընդունել էր հոկտեմբերի 27- ին՝ 89 կողմ ձայներով։ Տարկետման իրավունքի վերացման հետ նույնականացվող օրինագիծը բարելավելու նպատակով առաջին ընթերցումից մինչ այսօր գրավոր որեւէ առաջարկություն պաշտպանության նախարարությունը չի ստացել, բայց այսօր խորհրդարանում հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ կրկին պահպանվել է թեժ մթնոլորտը: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնակցում է ՄԱԿ- ի խորհրդաժողովին, ուստի սկզբունքային ծրագրերը, որոնք ներառված են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի» մասին նախագծում երկրորդ ընթերցմամբ, խորհրդարանում ներկայացնում էր պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը: Խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումներն անփոփոխ են հարցի առնչությամբ՝ հակառակ ուսանողների տեւական դասադուլին, մեկնարկած հացադուլին, տարբեր հանդիպումներին եւ քննարկումներին: Հանրապետական խմբակցությունից պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, մի կողմ թողնելով առարկայական քննարկումներն ու դժգոհությունները, փորձեց բացահայտումներով հանդես գալ՝ պարզաբանելով, թե ինչու իրականում բարձրացավ բողոքի ալիքը: Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցչի դժգոհությունը տեղին չհամարեց «Ելք»-ից Նիկոլ Փաշինյանը՝ հուշելով, որ եթե վտանգը իրոք կա, ապա նմանատիպ վտանգավոր կառույցների կասեցումն ու արգելումը հենց մեծամասնության՝ իշխանության ձեռքում է: Օրինակներ կան այլ պետություններից: Բայց «Ելք» խմբակցության անդամների համար այս հարցը չէր առաջնային: Այս խմբակցությունից պատգամավորների համար սկզբունքորեն ընդունելի չէ ներկայացված նախագիծը: Նիկոլ Փաշինյան եւ Արարատ Միրզոյան Ծառուկյան խմբակցության անդամների դիրքորոշումն այս վիճահարույց նախագծի առնչությամբ չի փոխվել, հայտարարեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Հոկտեմբերին 27-ին այս խմբակցության անդամները կողմ էին նախագծին առաջին ընթերցմամբ քվեարկության ժամանակ: Իսկ այս անգամվա թեժ քննարկումներից հետո անգամ խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումը չփոխվեց: Դրա մասին հայտնեցին պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը եւ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Հարցի քննարկումն այսօր խորհրդարանն ավարտեց, նախագիծը քվեարկության կդրվի վաղը:

Հայաստանի հանրային ռադիո