Եղանակը Երևանում

19°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Տիգրան Մանսուրյան

Այսօրվա հիշատակումները

Հայերեն

Գյումրու «Սև բերդ» ամրոցում կկայանա Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Բարեկամ» մշակույթի, արվեստի և սպորտի զարգացման կենտրոն» ՀԿ-ն և «Պրոֆ» պրոդաքշնը` ս. թ. նոյեմբերի 18-ին, ժամը 18:30-ին, Գյումրու «Սև բերդ» ամրոցում ներկայացնում են ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, մաեստրո Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն:

Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները կհնչեն Գյումրու «Սև բերդ» ամրոցում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Բարեկամ» մշակույթի, արվեստի և սպորտի զարգացման կենտրոն» ՀԿ-ն և «Պրոֆ» պրոդաքշնը` ս. թ. նոյեմբերի 18-ին, ժամը 18:30-ին, Գյումրու «Սև բերդ» ամրոցում ներկայացնում են ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, մաեստրո Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն: Երեկոյի ընթացքում կհնչեն հեղինակի «Ռեքվիեմ», «Տարվա եղանակներ», «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունները: Համերգի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան: Մասնակցում են` Հայաստանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան, Հայաստանի պետական կամերային նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան, Երևանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հարություն Թոփիկյան, Գյումրու «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան: Մենակատարներ` երեկոյի հատուկ հյուր, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյան (սոպրանո), Հենրիետտա Հարությունովա (սոպրանո), Հովհաննես Գրիգորյան (բարիտոն), Յանա Դարյան (ալտ), Արթուր Ավանեսով (դաշնամուր): Ստեղծագործական երեկոյի իրականացմանն աջակցել են նաև Շիրակի մարզպետարանը և Գյումրու քաղաքապետարանը:

Ա. Ամիրյան. Փորձելու ենք ակտիվացնել հասարակության հոսքը. Սարյանի արդիականացված տուն- թանգարանը բացեց դռները

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի մոտ երեք տարի տևած վերանորոգման աշխատանքներն ավարտված են: Թանգարանը համապատասխանեցվել է  ժամանակակից պահանջներին ու ապահովվել անհրաժեշտ բոլոր պայմաններով՝ այցելուներին որակյալ սպասարկելու և գիտական ու կրթական ծրագրեր իրականացնելու համար: Կատարված աշխատանքի արդյունքն այսօր  գնահատել են   երկրի նախագահն ու մշակույթի ոլորտի պատասխանատուները: Նշենք, որ  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը Երևանում բացվել է 1967 թվականին՝ նկարչի կենդանության օրոք:  Թանգարանի շենքը բաղկացած է 1932 թվականին կառուցված երկհարկանի առանձնատնից և այդ տանը կից 1967-ին կառուցված եռահարկ պատկերասրահից: Սարյանի տան հատակագծի հեղինակն է   Մարտիրոս Սարյանը, թանգարանային հատվածը կառուցվել է Մարկ Գրիգորյանի նախագծով:   <<Հեքիաթն այսօր, իսկապես, դարձավ իրականություն: Թանգարանի 50-ամյակի շեմին մենք ստացանք մի բացառիկ նվեր Հայաստանի կառավարությունից ու նախագահից: Դա Սարյանի թանգարանի արդիականացված շենքն է, որն ունի բոլոր այն հարմարությունները, որոնց մասին երազում էինք և թվում էին անիրական>>, – ասում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզաննա Սարյանը: Վերաբացումից հետո այցելուներին առաջին անգամ  հասանելի կլինի  նաև այն տարածքը, որտեղ ապրում էր Մարտիրոս Սարյանը, այսինքն՝ թանգարանի ոչ աշխատանքային հատվածը՝ շեշտում է նա։ Նոր հարկաբաժին, թանգարանների համար նախատեսված ջեռուցման, օդափոխության, ինչպես նաև հակահրդեհային համակարգեր: Գրադարանային նոր տարածք, որը հետագայում կծառայի որպես գիտական կենտրոն: Վերելակ՝ նախատեսված մասնավորապես տեղաշարժի խնդիր ունեցող այցելուների համար: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով՝ թանգարանի հիմնանորոգման ընթացքում կարևորվել է  նաև տնտեսական բաղադրիչը: <<Թանգարանում կգործի սրճարան, որը կդառնա կարևոր հանգույցներից մեկը: Տնտեսական բաղադրիչի աշխուժացմամբ՝ մենք փորձելու ենք ակտիվացնել հասարակության, մասնավորապես, երիտասարդների ու  դպրոցականների հոսքը դեպի թանգարան>>,- ասում է նախարարը։ Նման հարստություն թանգարանում երբևէ չի ցուցադրվել՝ մաեստոր Տիգրան Մանսուրյանն է վստահեցնում: Մարդ, որը Սարյանների ամենասիրելի հյուրերի թվում էր: Հարստությունն իր ժողովրդին պահ տված Վարպետն այսօր  ունի իրեն արժանի թանգարան, որի համար մեծ  միջոցներ են ներդրվել: Թանգարանի վերանորոգման և վերազինման նպատակով պետական միջոցներից տրամադրվել է շուրջ 460 միլիոն դրամ, ևս 55.5 միլիոն դրամ տրամադրվել է արտաբյուջետային միջոցներից: Նա սովորեցրեց մեզ Հայաստանը  տեսնել այնպիսին, ինչպիսին իր կտավներում էր այն՝ տաք, լուսեղ ու գունավոր: Սարյանի կտավների տաքությունն այսօր աշխարհին է պետք:

Տեղի կունենա Տիգրան Մանսուրյանին նվիրված համերգ.կհնչեն նոր ստեղծագործություններ

ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, մաեստրո Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն տեղի կունենա նոյեմբերի 18-ին Գյումրու «Սև բերդ» ամրոցում: Այս առիթով լրագրողների հետ հանդիպեցին համերգի մասնակիցներն ու կազմակերպիչները: «Գյումրու համերգն ինձ համար շատ նշանակալի է և կարևոր, քանի որ արմատներով այնտեղից եմ և լավ հիշողություններ ունեմ: Համերգի առաջին մասում ներկայացված ստեղծագործություններից շատերն առաջին անգամ կհնչեն Հայաստանում, իսկ երկրորդ մասում կներկայացվի «Ռեքվիեմը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Տիգրան Մանսուրյանը:

Մանսուրյանի երաժշտությունը կհնչի Գյումրիի Սեւ բերդում

Նոյեմբերի 18-ին Գյումրի Սեւ բերդ ամրոցում մշակույթի նախարարության աջակցությամբ կայանալու է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հեղինակային համերգ-երեկոն: Ստեղծագործական երեկոյի ընթացքում հնչելու են հեղինակի «Ռեքվիեմ», «Տարվա եղանակներ», «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունները: Համերգի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է Ռոբերտ Մլքեյանը: Հատուկ համերգին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:   Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական սպասված երեկոյին մնացել են հաշված օրեր: Հնչելու են հեղինակի «Ռեքվիեմը», «Տարվա եղանակները», «Զուգահեռ երգերը»։ Համերգին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել նաև աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, ում համար բացառիկ առիթ է ելույթ ունենալ Գյումրիում  մաեստրո Մանսուրյանի հետ միասին: Համերգին Հասմիկ Պապյանի մասնակցությունը շատ է արժևորում հատկապես Տիգրան Մանսուրյանը: Առհասարակ՝ Գյումրիում կայանալիք համերգը նշանակալի իրադարձություն է իր համար, քանի որ ինչպես Պապյանը, այնպես էլ Մանսուրյանը արմատներով սերտորեն կապված են Գյումրիի հետ: Ստեղծագործական համերգ-երեկոյին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան, Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան, Երևանի պետական կամերային երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյան, Գյումրիի «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան: Համերգ-երեկոյի պրոդյուսեր  Տիգրան Վիրաբյանը վստահ է, որ այս և նմանատիպ համերգների շնորհիվ դասական երաժշտությունը կվերադառնա Գյումրի:

Համահայկական սիմֆոնիկ նվագախումբն արդեն իրականաություն է

Համահայկական նվագախմբի ( All Armenian Orchestra )  գաղափարն  արդեն իրականություն է դառնում: Նվագախմբի ստեղծման նպատակը Հայաստանի սահմաններից դուրս ապրող և ստեղծագործող հայ երաժիշտներին համախմբելն է: Առաջին  համերգը  նախատեսվում է  2017թվականի  ապրիլի 24-ին։ Համահայկական նվագախումբը համերգներ կունենա նաև արտերկրում: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ու  Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանն այսօր խոսել են նվագախմբի ստեղծման ուղղությամբ իրականցված քայլերի  մասին:   Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ձևակերպմամբ` համահայկական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման գաղափարի հիմքում մեր միասնականության խնդիրն է դրված։ «Որպեսզի կարողանանք մեկ նվագախմբի, մեկ երաժշտության շուրջ համախմբել աշխարհով մեկ սփռված հայերին»,- ասաց Արմեն Ամիրյանը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանի խոսքով՝ շուրջ երկու տասնյակ երկրներից հայազգի արվեստագետների անուններն արդեն նվագախմբի երաժիշտների ցանկում են: «Նման կարճ ժամանակահատվածում տարբեր երկրներում ապրող հայ երաժիշտներին համախմբելը դժվար է, որովհետև յուրաքանչյուրն ունի իր ծրագրերը, սակայն  երբ լսում են գաղափարի մասին,  անպայման արձագանքում են: Նվագախմբի երաժիշտների հարցը շուրջ 70 տոկոսով լուծված է, այս պահին փորձում ենք լուծել մենակատարների հետ կապված խնդիրները»: Ինչպես վերը նշվեց համահայկական սիմֆոնիկ  նվագախմբի ստեղծման գաղափարի հիմքում դրված միասնության խնդիրը: Համահայկական միասնության գաղափարից է ծնվել  նաև որոշումը՝ նվագախումբը կղեկավարեն երեք դիրիժորներ՝ Էդուարդ Թոփչյանը, Սերգեյ Սմբատյանը և Կարեն Դուրգարյանը: «Համերգային ծրագրում կհնչեն բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, այդ թվում՝ Արամ Խաչատուրյան, Ավետ Տերտերյան, Էդուարդ Միրզոյան և այլն: Մենք նաև պատվեր ենք ձևավորել, որը կիրականացնի  մաեստրո Տիգրան Մանսուրյանը: Ստեղծագործությունը նվիրված կլինի ապրիլյան պատերազմի մեր հերոսներին: Ես կարծում եմ, որ հենց այդ հերոսականությամբ պետք է եզրափակել ապրիլ քսանչորսյան համերգը»,- ասում է մշակույթի նախարարը։ Ի դեպ՝ դեկտեմբերի 24- ին մշակույթի նախարարությունը հայտարարում է Շնորհակալության շաբաթ։ Մշակույթի նախարարությունը հայտարարում է նաև վիրտուալ տարածքում հայատառ գրելու շաբաթ: Նախարարության ֆեյսբուքյան էջի  համապատասխան  հատվածում մրցույթի մասնակիցները կարող են թողնել իրենց շնորհակալության հայատառ գրառումները: Լավագույն գրառման հեղինակը  կստանա  հայկական արտադրության «Արմֆոն» հեռախոս, որը, ըստ նախարարի,  հայատառ գրելուն հարմարեցված թերևս լավագույն հեռախոսն է:

Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է

Այսօր լրանում է հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 78-ամյակը: Նա ծնվել է 1939թ-ի հունվարի 27-ին Բեյրութում: Արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, ՀՀ ժողովրդական արտիստ է: Նրա ստեղծագործությունը XX դարի եվրոպական երաժշտության նվաճումների և հայ երաժշտարվեստի լավագույն ավանդույթների ինքնատիպ համադրումն է: 1947թ. Մանսուրյանների ընտանիքը տեղափոխվել է Հայաստան և 1956թ. վերջնականապես հաստատվել Երևանում: Երաժշտություն ուսանել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (1956-65թթ.): Զուգահեռ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորայում (1960-1965թթ.): Ավելի ուշ` 1967-86թթ., ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել կոնսերվատորիայում: 1986թ. Մանսուրյանին շնորհվել է երաժշտության պրոֆեսորի կոչում: 1992-1995թթ. հայ կոմպոզիտորը զբաղեցրել է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը: Բավական կարճ ժամանակահատվածում Մանսուրյանը դարձել է այն հայ առաջատար կոմպոզիտորներից մեկը, ով ստեղծագործական ամուր կապեր է հաստատել միջազգային ճանաչում ունեցող այնպիսի արվեստագետների և կոմպոզիտորների հետ, որոնց թվում են` Վալենտին Սիլվեստրովը, Ալֆրեդ Շնիտկեն, Սոֆիա Գաբայդուլինան, Անդրեյ Վոլկոնսկին, Էդիսոն Դենիսովը և ուրիշներ: Մանսուրյանի երաժշտական ոճը բնութագրվում է որպես հին հայկական ազգայինի և ժամանակակից եվրոպական մեթոդների համաձուլում: Մանսուրյանի ստեղծագործությունների ցանկը հագեցած է: 1989թ. գրել է «Սառցե թագուհին» պիեսի երաժշտությունը, ինչպես նաև ստեղծագործել է օրկեստրի և երգչախմբերի համար: Ունի բազմաթիվ դաշնամուրային, կամերային, վոկալ ստեղծագործություններ: Գրել է բազմաթիվ հայտնի ֆիլմերի երաժշտություններ` Փարաջանովի «Նռան գույնը», Միքայել Վարդանովի «Եվ այսպես ամեն օր», Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը», «Կտոր մը երկինք» և այլն:

Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մոսկվայում կհնչեցվի հայկական կինոերաժշտությունը

Մայիսի 14-ին Երաժշտության մոսկովյան միջազգային կենտրոնում հայկական կինոերաժշտության երեկո է։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ «Ռուսական ֆիլհարմոնիա» Մոսկվայի սիմֆոնիկ նվագախումբը (Симфонический оркестр Москвы “Русская филармония”) կներկայացնի հայկական ֆիլմերի մեղեդիներ։ «Մեր մանկության տանգոն» խորագիրը կրող երեկոյի հատուկ հյուրերն են լինելու Տիգրան Մանսուրյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Արմեն Ջիգարխանյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Արա Բաբաջանյանը, Նատալյա Բեսպալովան, հայտնի այլ արվեստագետներ։

Կայացավ Արտավազ Փելեշյանի գրքի շնորհանդեսը

Սկսվեց «Մենք», ավարտվեց «Կյանք» ֆիլմերով. Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կայացավ Արտավազ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գրքի շնորհանդեսը: Ռուսալեզու գիրքը հրատարակվել է մշակույթի նախարարության օժանդակությամբ:   «Պարզվում է, որ  ինչպիսի միջոցի էլ  Փելեշյանը դիմի, լինի դա կինո, թե՛ գրականություն, նույնպիսի  զարմանք ու հիացմունք է առաջացնում: Չես հասկանում՝ մարդը կարո՞ղ է այսքան հեռու գնալ, իսկ ստեղծած արվեստի հետքերով, դրա ճնշմամբ մտնել մարդկային մտքի ու տիեզերքի այդքան խոր շերտերը»,-մաեստրո Տիգրան Մանսուրյանը խոստովանեց՝ Փելեշյանի գիրքն ապշեցնող է: Շնորհանդեսին զարմանքի ու հիացմունքի բազմաթիվ խոսքեր հնչեցին, ոմանք անգամ դժվարացան փոխանցել գրքից ստացած տպավորություններն ու հույզերը: «Դուք ձեր վիճակից եք խոսում, բա  ես ի՞նչ ասեմ»,-ասաց Փելեշյանն ու զգուշացրեց.«Ինտերվյու չեմ տալու, դիահերձման չեմ մասնակցելու: Փորձեմ մի քանի խոսք ասել, բայց չգիտեմ՝ ինչի՞ց սկսեմ»: Փելեշյանը սկսեց նրանից, թե ինչպես շուրջ կես դար փուլ առ փուլ հավաքվեց ու ստեղծվեց «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը»՝ կինոյից շեղվելով ու գալով դեպի գիտությունը: «Սովետական տարիներին  «Գրական թերթում» մի բաժին կար՝ «Ծիծաղում են ֆիզիկոսները», որտեղ գիտնականները խոսում էին արվեստից, քննադատում, վերլուծում: Ես էլ մտածեցի՝ ինչո՞ւ չկա, օրինակ, «Ծիծաղում են լիրիկները» խորագիր, որպեսզի մենք էլ մեր հերթին խոսենք գիտության մասին»: Փելեշյանը խոսեց գիտության մասին, արդյունքում՝ գտավ այն, ինչ «Էնշտեյնը փնտրեց քառասուն տարի, բայց այդպես էլ չգտավ»: 79-ամյա կինոռեժիսորն այս գրքում ի մի է բերել դեռ դպրոցական տարիներից իր մեջ խտացած պատկերացումները կյանքի, մարդկային գոյի, տիեզերքի անսահմանության, բացատրություններ ունեցող ու չունեցող բնության զարմանահրաշ երևույթների մասին: «Հարյուրավոր ձևակերպումներ անգամ անկարող են ամբողջացնելու  փելեշյանական արվեստի ու մտածողության պատկերն ու գնահատականը: Նրա ինչպես ֆիլմերը, այնպես էլ գրքերը ժամանակագրությունն են ոչ միայն իր արվեստի, այլև մեր ժողովրդի ապրած կյանքի, առաջընթացի»,-ասաց նախարար Ամիրյանը՝ հույս հայտնելով, որ ապագայում կունենանք փելեշյանական նոր ֆիլմեր, նոր երևակայություն, նոր անսահմանություն: Իսկ հսկայական  միջոցներ պահանջող «Homo Sapiens»-ի  50 միլիոն դոլարի  որոնումները շարունակվում են. «Բայց նախարարության առաջիկա ծրագրերում նախ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը»  ռուսալեզու  գրքի հայերեն հրատարակությունն է»: «Սա ոչ թե կարդալու, բարձի տակ դնելու, այլ ուսումնասիրելու գիրք է». Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» գրքի վերաբերյալ  ռեժիսոր Հրանտ Վարդանյանի կարծիքն է: Նրա խոսքով. « Արտավազ Փելեշյանն անսասան լեռ է կինոարվեստում, որի գագաթից աշխարհն է երևում»: Իսկ գուցե նաև տիեզերքը՞…

Ծառատունկ՝ ի հիշատակ ապրիլյան հերոսների

Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պուրակում այսօր պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորները մշակույթի գործիչների հետ կազմակերպել էին ծառատունկ՝ ի հիշատակ իրենց զոհված մարտական ընկերների։ Տղաներն անցյալով չեն ուզում խոսել իրանց մարտական ընկերների մասին: Նրանք մեզ հետ են, մեր կողքին ու մտքերում` ասում են քառօրյա պատերազմի մասնակից տղաները։   Մաեստոր Տիգրան Մանսուրյանի ձեռքում փոքրիկ եղեևնու   ճյուղ է, պատրաստվում է այն    տնկել: Ասում է  որ  շատ ծառեր է տնկել, բայց սա ուրիշ զգացողությունը է: Ծառը տնկում է ապրիլյան պատերազմի մասնակից վիրավոր զինծառայող Դանիել Դավթյանի հետ: Իրեն հատուկ ծնողական քնքշանքով ասում է՝ Դանիել ջան,  դու Աստվածաշնչի  Դանիելն ես, որին չկարողացան առյուծներն ուտել։ Հետո արդեն զրուցում ենք Դանիելի հետ։ Պատմում է,  որ ապրիլի 3-ին վիրավորվել է Մատաղիսում։ Հենց այդ օրերին էլ հասկացել,  որ մեր ազգը հզոր է։ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պուրակում  էր  նաև  կոմպոզիտոր Արա Գևորգյանը։ Ապրիլյան դեպքերից մենք  պետք է շատ մեծ դասեր քաղենք ու զգոն լինենք՝ ասում է։ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը տղաներին ոչ միայն ծանոթ է, այլև մտերիմ ընկերն է։ Ասում է, ոչ միայն բոլորի անունները գիտի, այլև նրանց ընտանիքներում է եղել։  «Շատ երկար ամիսներ է արդեն այդ ընկերությունը մեզ կապում տղաների հետ, պարզ, մարդկային հարաբերություններ է ստեղծվել։ Ես ոչ միայն բոլորի անունները գիտեմ, այլև նրանց ընտանիքներում եմ եղել։ Արկադին, առհասարակ, եկավ, մեծ դժվարությամբ քայլելով, բայց ավելի մեծ նվեր, քան իր քայլելը Նոր տարուն, չունեի», — ասում է նա։ Ի դեպ՝ այս վիրավոր զինծառայողները վերականգնողական բուժումը ստանում են  թիվ մեկ կլինիկայում  ու այս պահին  դրամահավաք է ընթանում, վերականգնողական կենտրոն բացելու համար։ Զինվորական հաշմանդամների և վիրավոր զինվորների աջակցության խմբի անդամ Հայկուհի Մինասյանն ասում է, որ վերականգնողական բուժման ինստիտուտը թույլ կտա ունենալ ավելի քիչ հաշմանդամներ. ԵՊԲՀ ռեկոտոր Արմեն Մուրադյան էլ  պատմում է, որ կենտրոնը ոչ միայն բուժական աշխատանքներ է իրականացնելու, այլ նաև սոցիալիզացիայի խնդիր է լուծվելու:

«Եղիցի լույս»՝ Տիգրան Մանսուրյանին

«Ոսկե ծիրան» երեւանյան կինոփառատոնի շրջանակներում ավանդույթի համաձայն շնորհվում է Ամենայն հայոց կաթողիկոսի «Եղիցի լույս» մրցանակը։ Այս տարի մրցանակը շնորհվել է կոմպոզիտորն Տիգրան Մանսուրյանին, որի երաժշտությունը զարդարել է հայկականի շատ ֆիլմեր։ Այս պահին Մայր աթոռում տեղի է ունենում պարգեւատրման արարողությունը։

Համահայկական նվագախումբն արդեն իրողություն է

Հայազգի 90 պրոֆեսիոնալ երաժիշտներ, որոնցից շուրջ 70-ը՝ աշխարհի 20 այլ երկրներից։ Նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ և մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Համահայկական նվագախումբը ( All Armenian Orchestra ) դարձավ իրողություն: Երաժիշտները Երևանում են, միմյանց հետ ծանոթացել ու անցկացրել են առաջին փորձերը: Համահայկականի առաջին համերգը կկայանա ապրիլի 24-ին, Օպերային թատրոնի դահլիճում։ Աշխարհի տարբեր անկյուններից հայրենիքում համախմբված երաժիշտները կկատարեն բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:   Համահայկական նվագախումբը, որը, մաեստրո Թոփչյանի բնորոշմամբ, սկզբում թվում էր դժվար իրագործելի գաղափար, այսօր արդեն փորձեր է անում, իսկ երկու օր անց հանդես կգա Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին և հայության վերապրումին նվիրված համերգով: Աշխարհի 45 քաղաքներից Երևան ժամանած հայազգի պրոֆեսիոնալ երաժիշտներին միացել են հայաստանցի գործընկերները, և առաջիկա համերգին մոտ 90 հոգանոց նվագախմբով հանդես կգան բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով: Այդ օրը կհնչի նաև Տիգրան Մանսուրյանի՝ մշակույթի նախարարության պատվերով հատուկ Համահայկական նվագախմբի համար ստեղծած «Պոեմ հաղթանակի» ստեղծագործությունը՝ նվիրված ապրիլյան պատերազմի հերոսներին: <<Սիմֆոնիկ նվագախումբը սովորաբար տևական աշխատանք է պահանջում:  Այդուամենայնիվ, երկու-երեք օրվա փորձերի արդյունքում այսօր մենք լուրջ ձեռքբերումներ ունենք>>,- ասում է  Էդուարդ Թոփչյանը, որը Համահայկականի հինգ դիրիժորներից մեկն է: Նրանց թվում է նաև Կարեն Դուրգարյանը, որի համոզմամբ, Երևանում Համահայկական նվագախմբի ծնունդը շնորհավորելու իրական առիթ է։ «Նվագախումբը հավաքվեց Հայաստանում, և սա չափազանց կարևոր է: Դրսից եկած մեր բոլոր գործընկերները շատ ոգևորված են: Ոմանք առաջին անգամ են Հայաստանում: Նրանք ասում են, որ իրենց բախտ է վիճակվել գալ հայրենիք և միաժամանակ վայելել հայ գործընկերների հետ աշխատելու հաճույքը: Ես վստահ եմ՝ եթե այս նվագախումբը տարվա մեջ մի քանի անգամ համախմբվի, մենք կունենանք աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը, որը կծառայի «հայ» գաղափարին՝ ասելով, որ հայն ապրում է արվեստով, նա արվեստի մարդ է և դարեր շարունակ գոյատևել է շնորհիվ այն բանի, որ ունի հզոր մշակույթ»: «Սա ֆանտաստիկ նախագիծ է, որովհետև հավաքել է մեզ տարբեր երկրներից: Հանդիպել են մարդիկ, որոնք երկար տարիներ չեն շփվել: Բոլորս շատ հուզված ենք, շոյված »,- սա էլ նվագախմբի կոնցերտմայստեր Արմեն Մովսիսյանի կարծիքն է: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իր խոսքում նշեց, որ  նախագծում համախմբվել են աշխարհահռչակ երաժիշտներ, որոնցից յուրաքանչյուրն իր ապրած երկրում ունի մեծ համբավ ու ճանաչում, և այսօր նրանք հավաքվել են Երևանում գենետիկ արյան կանչով: «Առաջին իսկ փորձի ժամանակ ես լսեցի փառահեղ մի նվագախմբի հնչողություն, այնպիսի մի հնչողություն, ինչպիսին երկար տարիներ չէի լսել և ոչ մի տեղ: Չեմ կարող բացատրել, թե ինչով էր դա պայմանավորված։ Թերևս նրանով, որ երաժիշտները հավաքվել են արյան կանչով կամ միասնականության գաղափարով… Մենք ծրագրում ենք նվագախմբի հետագա համերգները հայաշատ տարբեր գաղօջախներում: Իսկ այսօր  համոզված եմ, որ մեր հայրենակիցներն այստեղից կհեռանան իրենց վերականգնված ու վերագտնված գենով, այն գենով, որը մշտարթուն է պահելու արտասահմանում ապրող ցանկացած հայի»,- ասաց Արմեն Ամիրյանը: Մենք գնում ենք դեպի վերածնունդ. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանի խոսքով՝ Համահայկական նվագախմբի գոյությունն արդեն ապացույց է, որ դժվարագույն պատմական ուղի անցած հայ ժողովուրդն ի զորու է ոտքի կանգնելու և առաջ նայելու:

«Անծանոթ Երևան»-ի հիշարժան ավարտը

Երևանի հին շենքերի, դրանց հեղինակների ու բնակիչների մասին պատմող հաղորդաշարը հրաժեշտ է տալիս հեռուստադիտողին: «Անծանոթ Երևանը» հաղորդաշարի հեղինակ Մարկ Գրիգորյանն իր ոչ պատահական հյուրերին երեկ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում էր համախմբել՝ ասելու, որ որոշել է ավարտել ճիշտ ժամանակին: Ավելի քան երկու տարի «Անծանոթ Երևանը» հաղորդաշարի շուրջ 70 թողարկումներում նա  բացահայտել է մեր մայրաքաղաքի անծանոթ անկյունները՝ հենց այդպես խոստովանելով իր սերը մեր հին ու բարի մայրաքաղաքին: Երեկ ամփոփելու ժամանակն էր:   300 հյուր, 300 երևանցի Մարկ Գրիգորյանի հեղինակային «Անծանոթ Երևանը» հաղորդաշարի ավելի քան 70 թողարկումներում պատմեցին, թե ինչպես են ապրել այս քաղաքում, պատմեցին հին Երևանի ու երևանցիների մասին` յուրաքանչյուր հաղորդման մեջ բացահայտելով մեր մայրաքաղաքի գողտրիկ մի անկյուն, շենք՝ իր առեղծվածային ու շատերին անծանոթ պատմություններով: Ավելի քան երկու տարի անծանոթ Երևանի մասին պատմող հաղորդումը հրաժեշտ է տալիս հեռուստադիտողին: Այդպես որոշել է հաղորդաշարի հեղինակը: Յոթանասուն հաղորդումների ընթացքում կուտակված հսկայածավալ նյութը կարող է դառնալ  20-իր դարի Երևանի պատմությունը ներկայացնող հետաքրքիր մի գիրք, բայց սա անհանգիստ լրագրողի՝ Մարկ Գրիգորյանի ապագայի պլաններում է: Երեկ իր հաղորդաշարի հերոսների՝ հին երևանցիների հետ միասին, նա ամփոփում ու հրաժեշտ էր տալիս «Անծանոթ Երևանին»: Հաղորդաշարի շրջանակում մաեստրո Երվանդ Երզնկայնը ևս առիթ ու հնարավորություն է ունեցել խոստովանելու իր սերը Երևանին, քաղաք, որն ըստ նրա որքան հին, նույնքան էլ երիտասարդ է, որովհետև մարդիկ, ովքեր մարմնավորում են Հին Երևանի պատկերն ու դիմագիծը, այսօր մեր կողքին են, ապրում ու արարում են մեր հին ու նոր մայրաքաղաքում: Եվս մեկ հին երևանցի՝ ռեժիսոր Հրանտ Վարդանյան: «Անծանոթ Երևանը» հաղորդաշարին հրաժեշտ է տալիս ափսոսանքի զգացումով: Քանդակագործ, նկարիչ-դիզայներ Արման Դավթյան, նույն ինքը՝ Նուռը: Համոզված է՝ Երևանի հանդեպ իր սերը, որը խոստովանել է նաև հաղորդաշարի ընթացքում, փոխադարձ է: «Մարկոսը և աշխատել գիտի, և իր աշխատանքը ամփոփել գիտի». Մաեստրո Տիգրան Մանսուրյանը հյուրերից, թերևս, միակն էր, որը շնորհավորեց «Անծանոթ Երևանը» հաղորդաշարի հեղինակին՝ ոչ թե հաղորդաշարի ավարտի, այլ արժանապատվորեն այն ամփոփելու առիթով, վստահ, որ իր հետագա նախաձեռնություններում ևս Մարկ Գրիգորյանը նույնքան հետաքրքիր ու արհեստավարժ է լինելու: Ինչ վերաբերում է Երևանին, մաեստրոն այն կարոտում է, կարոտում է ի՛ր Երևանին: Համեցեք, թութ ուտենք. Մաեստրո Մանսուրյանի սիրո ու երազանքի Երևանը: Մեկ ուրիշ հայտնի ու սիրված երևացու խոսքերով՝ Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք, Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:

Սարյանի տուն-թանգարանը նորից դարձել է մայրաքաղաքի ամենաակտիվ մշակութային օջախներից մեկը

Տարեկան 6 հազարի փոխարեն միայն կիսամյակում 16 հազար այցելու. Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում հիմնանորոգումից  հետո իրավիճակը կտրուկ փոխվել է: «Սարյանի թանգարանն այսօր իսկապես վերագտել է իր նախկին հրապույրն ու դարձել մայրաքաղաքի ամենաակտիվ մշակութային օջախներից մեկը»,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է Վարպետի ծոռնուհին՝ թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանը: Մարտիրոս Սարյանի հիմնանորոգված տուն-թանգարանն իր դռներն այցելուների առջև բացեց 2016-ի նոյեմբերին՝ ամրացված հիմքով, պատերով, միջոցառումների համար նախատեսված  առանձին դահլիճով, լրացուցիչ 4-րդ հարկով, ջրամատակարարման, ջրահեռացման, հոսանքի սնուցման նոր համակարգերով,  հենաշարժական խնդիրներ ունեցող այցելուների տեղաշարժն ապահովող հնարավորություններով: Նախկին բաց պատշգամբը վերածվել է գրադարանի: Այժմ այցելուների առջև բաց է նաև Վարպետի տան բնակելի հատվածը:Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանն ասում է, որ հիմնանորոգումից հետո իրավիճակն այստեղ կտրուկ փոխվել է:«Մարդիկ գալիս են  տեսնելու իրականացված փոխոխությունները: Իրոք ստեղծվել է թանգարանային մթնոլորտ: Մեր այցելուների մեծ մասը դպրոցականներն են, ուսանողները, պարզապես Սարյանի արվեստով հետաքրքրվողները: Շատերն իրենց արտասահմանցի հյուրերին սիրով թանգարան են բերում: Մեծ է զբոսաշրջիկների հոսքը՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպական երկրներից: Սարյանի թանգարանն այսօր իսկապես վերագտել է իր նախկին հրապույրն ու դարձել  մայրաքաղաքի ամենաակտիվ մշակութային օջախներից մեկը»: Եթե մինչև վերանորոգումը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի այցելուների թիվը  չէր գերազանցում տարեկան 6 հազարը, ապա 2017-ի միայն առաջին կիսամյակում այդ թիվը հատել է 16  հազարի սահմանը: Միայն «Թանգարանային գիշերվա» ընթացքում Սարյանի թանգարանն ունեցել է 8 հազար այցելու:Սարյանի թանգարանում սրճարան ունենալու և Վարպելի սիրելի այգին նաև այցելուների առջև բացելու գաղափարն այստեղ խմորումների փուլում է: Ինչպես նկատում է Սարյանի ծոռնուհին՝ դա միայն ժամանակի հարց է: Օրակարգում այժմ թանգարանում իրականացվելիք  աշնանային ծրագրերն են: «Սեպտեմբերի 21-ին մենք ծրագրում ենք համերգ՝ նվիրված Անկախության տոնին: Այդ առիթով կցուցադրվի նաև Հայկական ազգային դիվիզիային  նվիրված մեծ նկարը, որը Սարյանը ստեղծել է 1932 թվականին: Սեպտեմբերի 26-ին ծրագրում ենք գերմանական երաժշտության համերգ: Սեպտեմբերի 30-ին նախատեսված համերգը նվիրված է Ղազարոս Սարյանի ծննդյան օրվան: Կհնչեն նրան նվիրված ստեղծագործություններ, այդ թվում նաև Տիգրան Մանսուրյանի երկու նոր գործերը, որոնք մաեստրոն նվիրել է իր ուսուցչին»: Թանգարանի գիտական քարտուղար Ժաննա Մանուկյանից տեղեկացանք, որ նորաբաց 4-րդ հարկում սեպտեմբերի 16-ից կգործի «Սարյան» արվեստի ստուդիան: Նկարչությունից զատ այստեղ նաև կավագործություն, մետաքսի նկարչություն կուսումնասիրեն 5-65 տարեկանները: Նախապատրաստում են նաև նոր ծրագիր՝ «Սարյանի հետքերով դեպի հայկական եկեղեցիներ»: Ծրագրում կընդգրկվեն դպրոցականները։Թանգարանի այցելուների թվում մենք հանդիպեցինք ԱՄՆ-ից ժամանած Էլլադա Վարդանյանին՝ ամուսնու, դստեր և փոքրիկ թոռնիկի հետ: Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի նախկին դերասանուհին (Ֆրունզե Դովլաթյանի «Երկունք» ֆիլմում Սուսաննա Տերյանի դերակատարուհին) ասաց, որ 88-ին են հեռացել Հայաստանից, մինչ այդ երկար տարիներ ապրել են այստեղ, բայց երբևէ չի այցելել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, իսկ այսօր հուզմունքը պարզապես թույլ չի տալիս արտահայտելու թանգարանում ստացած տպավորությունները: Դերասանուհու՝ արվեստագիտություն ուսումնասիրող դուստրը խոստովանեց.«Շատ հաճելի է Արշիլ Գորկուց բացի ծանոթանալ նաև մեկ այլ այսպիսի մեծության հայ նկարչի գործերին՝ հենց Երևանում»:

Տիգրան Մանսուրյանին շնորհվեց Արթիկի պատվավոր քաղաքացու կոչում և քաղաքի մշակույթի կենտրոնը կոչվեց կոմպոզիտորի անունով

Արթիկի մշակույթի կենտրոնում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգային երեկոն, որի ժամանակ հնչեցին Իսահակյանի ու Չարենցի բանաստեղծությունների հիման գրված մանսուրյանական երգաշարերը:

Տիգրան Մանսուրյանն առաջադրված է «Գրեմմի»-ի երկու անվանակարգերում

Մեծանուն հայ կոմպոզիտոր, երաժիշտ Տիգրան Մանսուրյանը միանգամից երկու անվանակարգում առաջադրվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակին,  տեղեկանում ենք մրցանակաբաշխության պաշտոնական կայքից: Մանսուրյանի հեղինակած «Ռեքվիեմ»-ը ներկայացված է «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում: «Գրեմմի»-ին է առաջադրված նաև Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»: Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը և օրեր առաջ Լոնդոնում մահացած ռուս դասական երգիչ Դմիտրի Խվորոստովսկին եւս «Գրեմմի» մրցանակաբաշխության հավակնորդների շարքում են:

ՀՀ նախագահը, նրա տիկինը, Տիգրան Մանսուրյանը ներկա են գտնվել Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի 25-ամյակին նվիրված հոբելյանական համերգին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, կոմպոզիտոր, մաեստրո Տիգրան Մանսուրյանը մասնակցել են Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրամի 25-ամյակի համերգին:

Մեծ է Ձեր ավանդը ազգային մշակույթի զարգացման գործում․ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ Տիգրան Մանսուրյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 27-ին շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:

Տիգրան Մանսուրյանը՝ Իսահակյանով ու Չարենցով. համերգային ծրագիրն առաջիկայում կվայելեն Արթիկում ու Վանաձորում

Հոկտեմբերի 1-ին՝ Վանաձորում, հոկտեմբերի 2-ին՝ Արթիկի մշակույթի կենտրոնում. «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգային երեկոներին  կհնչեն Իսահակյանի ու Չարենցի բանաստեղծությունների հիման դրա գրված Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Համերգների պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի խոսքով,  վայրի  ընտրությունը պատահականություն չէր, այլ Մաեստրոյի ցանկությունը: Մանսուրյանի  մանկության տարիներն անցել են Արթիկում: Առաջին անգամ նա դաշնամուրին մոտեցել է Արթիկի մշակույթի տան դահլիճում: «1947-ին, երբ Բեյրութից եկանք, տեղավորվեցինք Արթիկում:Այստեղ ես առաջին անգամ «հանդիպեցի» դաշնամուրի հետ ու կապվեցի այդ գործիքին մոլեռանդորեն: Արթիկում երաժշտական դպրոց չկար: Նոտաներ իմացող միակ մարդը, որին կարող էի հարցեր ուղղել, նախկին մի զինվորական էր, որը հետս խոսել անգամ չէր ցանկանում:   Բանվորական ակումբում դրված այդ գործիքի հետ ինչ-որ անեի, միայնակ  պիտի անեի փաստորեն: Չապյանը, որը ակումբի ինքնագործ թատրոնի ռեժիսորն էր ու, որին հավանաբար շատ էի տանջել իմ փորձերով,  մի օր ասաց. «Տիգրա՛ն, Արթիկից Սայաթ Նովա դուրս չի գա, մի՛ չարչարվիր այդքան»: Գուցե Չապյանը ճիշտ էր. Սայաթ Նովա դուրս չեկավ, բայց «ուրիշ ինչ-որ մի բան», այնուամենայնիվ, դուրս եկավ»: «Որպես հայաստանցի ես ինձ համարում եմ հենց  արթիկցի և ուզում եմ այս քաղաքին վերադարձնել այն, ինչ տեսել, լսել ու վայելել եմ այստեղ: Ես մշտապես պարտք եմ այս քաղաքին ու նրա մարդկանց»,-ասում է Մանսուրյանը: Հոկտեմբերի 2-ին կայանալիք համերգին Արթիկի մշակույթի տունը պաշտոնապես կանվանակոչվի նրա անունով: Վանաձոր քաղաքի ընտրությունը ևս պատահական չէ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցած ասուլիսում Մաեստրոն ասաց, որ իր հոգու մեծ պարտքն է համարում համերգ ունենալ լոռեցիների համար և իր ընկերոջ` Հրանտ Մաթևոսյանի հիշատակին: Իսկ ինչու՞ Չարենց ու Իսահակյան, ծրագրի ընտրության վերաբերյալ հարցին անդրադառնալիս Տիգրան Մանսուրյանը հիշեց  երկու  Մեծերի  առաջին հանդիպման հետաքրքիր դրվագը. «Կարսում  Չարենցը առաջին անգամ հանդիպում է Իսահակյանին. հավանաբար կյանքում առաջին անգամ մեծ բանաստեղծ է տեսել՝ կենդանի, քայլող ու գնացել է հետևից:  Իսահակյանը բարկացած կանգնել, հետ է նայել ու իրեն հետապնդող «չար տղային»  մի ապտակ է հասցրել:  Իհարկե, Իսահակյանն այս պատմությունը մոռացել է, ու հետագայում, երբ հանդիպել են Վենետիկում, Չարենցը պատմել է Կարսում տեղի ունեցած այս դեպքը, իսկ Իսահակյանը  պատասխանել է.«Ուրեմն ես քեզ Վարպետի ապտակ եմ տվել, որով մկրտվել ես»: Այս երկու մեծերի միջև հետաքրքիր կապ է եղել»: Մաեստրոն նաև հավելում է.«Հայոց լեզուն իմ հոգու հայրենիքն է: Այսօր հայ  դասական պոեզիային վերադառնալու պահանջ կա :  Ես սիրում եմ հատկապես այն կոմպոզիտորներին, որոնք  հայ երաժշտության մեջ բերում են հայոց լեզու: Հայ դասական երաժշտության ու պոեզիայի հարաբերության ոլորտում լուրջ անելիք ունենք»: «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագրով համերգներն իրականացվում են մշակույթի նախարարության աջակցությամբ: Համերգաշարը հետագայում կհասնի Էջմիածին և Արցախ: «Լիահույս եմ, որ նման իրադարձություններն այլևս բացառիկ չեն լինի, կլինեն օրինաչափություն»,-ասում մշակույթի նախարար Արեմն Ամիրյանը: «Չափազանց շնորհակալ եմ մաեստրո Տիգրան Մանսուրյանին, որ արձագանքեց մեր որդեգրած քաղաքականությանը՝ մշակույթը պետք է գնա մարզեր: Մարզերին է, որ պետք է մշակութային հզոր ազդակներ փոխանցենք: Մենք քաջ գիտակցում ենք, որ համաշխարհային համբավ վայելող ցանկացած համերգասրահ կամ պրոդյուսերական կենտրոն կերազեր կազմակերպել ձեր համերգը: Եվ այսօր ձեր նման համաշխարհային մեծության աստղը,  թույլ տվեք հենց այդպես անվանել, որոշել է համերգներ տալ մեր մարզային քաղաքներում»: «Խորապես համոզված եմ, որ մշակութային ձեր հզոր ճառագայթներն ազգային ինքնության գիտակցությունն են արթնացնելու երիտասարդների մեջ, միաժամանակ  բացահայտելու են այն ստեղծարար միտքը,  որը, թերևս, թաքնված է շատերի մեջ»,-ասաց մշակույթի նախարարը՝ հույս հայտնելով, որ Իսահակյանի նշած՝ Վարպետի ապտակով բացմաթիվ երիտասարդներ «կմկրտվեն» հենց այդ համերգների ժամանակ:

Ընդունելություն՝ նվիրված «Գրեմմի»-ի թեկնածուներ Տիգրան Մանսուրյանին և Կոնստանտին Օրբելյանին

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրավերով Օպերային թատրոնի ճեմասրահում երեկ ընդունելություն էր: Առիթը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի և կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխությանը ներկայացնելը: Միջոցառմանը ներկա էին հանրապետության Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, մշակույթի ու քաղաքական գործիչներ: «Այսօր ուրախալի ու բացառիկ առիթ է մեր սրտի խոսքը, ջերմությունը, հարգանքն ու խոնարհումը փոխանցելու սիրելի մաեստրոներին՝ Տիգրան Մանսուրյանին և Կոնստանտին Օրբելյանին, մարդիկ, որոնք ճակատագրի բերումով ծնվել են արտասահմանում, բայց գիտակցությամբ ու հոգու կանչով վերադարձել են հայրենիք և զբաղվում են իրենց սիրելի գործով, ստեղծում և արարում են երաժշտության հրաշքը։ Աստված նրանց շռալորեն շնորհել է արվեստի գենը»։ «Գրեմմի»-ի թեկնածուներ Տիգրան Մանսուրյանին և Կոնստանտին Օրբելյանին նվիրված Օպերային թատրոնում կազմակերպված ընդունելությանն ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Գրեմմի»-ի արժանացած հայազգի արվեստագետների ցանկն ուսումնասիրելիս, ծնվեց խելահեղ մի գաղափար՝ երևանյան օպերային թատրոնի կամարների ներքո, հրաշալի մի համերգային նախագծում միավորել «Գրեմմի»-ի արժանացած բոլոր հայ երաժիշտներին՝ դրախտավայր Հայաստանից խաղաղության, սիրո պատգամ փոխանցելով աշխարհին»։ Նյու Յորքում 2օ18-ի հունվարի 28-ին կայանալիք «Գրեմմի»-ի 6օ-րդ հոբելյանական մրցանակաբաշխությանը  ներկայացված է Հայաստանը, այն էլ՝ երկու արվեստագետներով։ Դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հետ «Գրեմմի»-ի թեկնածու է «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում ներկայացված «Սվիրիդով. հեռացող Ռուսաստան» սկավառակի համար: Մարեստրոն ուրախ է, բայց նաև տխուր. սիրելի գործընկերոջ հետ ուրախությունը կիսելու հնարավորություն, ցավոք, չկա «Մրցանակաբաշխությանն առաջադրվելու լուրը ստացվեց այն օրը, երբ Մոսկվայում հրաժեշտ տվեցինք Դմիտրի Խվորոստովսկուն։ Չափազանց ցավալի մի իրավիճակ բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին, լսել էին նրա երգերը։ Այս ստեղծագործությունը Խվորոստովսկու համար չափազանց կարևոր էր, և ձայնագրությունն արվել է այն ժամանակ, երբ նա արդեն հիվանդ էր։ Ուրախ եմ, որ հասցրեցինք դա անել, և ստեղծագործությունը գնահատվեց մեր գործընկերների կողմից։ Հուսանք ու սպասենք, թե ինչ կլինի հունվարի 28-ին»: «Ուզում եմ շնորհավորել Կոնստանտին Օրբելյանին, որը Հայաստան գալով, բերեց նաև իրեն ուղղված այդ պարգևը, որն, այնուամենայնիվ, բոլորինս է, Օպերային թատրոնինն ու հայ երաժշտությանը»,-ասաց իր իսկ բնորոշմամբ՝ «Գրեմմի»-ի նախադռանը հայտնված երկրորդ թեկնածուն՝ Տիգրան Մանսուրյանը։  Նա «Գրեմմի»-ի նախադռանն է արդեն երկրորդ անգամ։ «Դա 2օօ4 թվականին էր, ես ներկայացված էի ալտահարուհի Քիմ Քաշքաշյանի հետ։ Եվ նա՛ չստացավ «Գրեմմի», և ե՛ս։ Դա հեշտությամբ կարող է պատահել նաև այս անգամ, չնայած ցանկալի է, որ լինի։ Քիմ Քաշքաշյանը «Գրեմմի»-ի արժանացավ մեկ այլ առիթով, ինչի համար շատ ուրախ եմ։ Եթե մեր թիմը ավելանա, լավ կլինի»: Տիգրան Մանսուրյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված  «Ռեքվիեմ»-ը ներկայացված է «Գրեմմի»-ի երկու անվանակարգերում՝ «Լավագույն երգչախմբային ներկայացում» և «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն»: Առաջիկա մրցանակաբաշխությանը մաեստրոներին հաջողություն մաղթեցին ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպանները, մյուսները մաղթանքներին միացան գինով ու շամպայնով  լցված բաժակներով: «Այժմ մեզ մնում է միավորել մեր սրտերն ու հոգիները և սպասել հունվարի 28-ին, «Գրեմմի»-ի 6օ-րդ մրցանակաբաշխությանը՝ հուսալով, որ մեր միավորված սրտերն ու ցանկությունները իրականություն կդարձնեն  երազանքը, որը կոչվում է՝ «Գրեմմի»-ի մրցանակը մեր սիրելի մաեստրոներին»,-ամփոփեց մշակույթի նախարարը։

Մշակույթի նախարարության աշխատակիցները Տիգրան Մանսուրյանի հոբելյանի առթիվ այցելել են կոմպոզիտորին

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը և նախարարության մի խումբ աշխատակիցներ, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մարտունի Կոստանդյանն ու սաներն ականավոր կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի 80-ամյակի կապակցությամբ այցելել են Մանսուրյանի տուն։

Դուք իրավամբ վաստակել եք համաժողովրդական սեր ու հարգանք. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին ծննդյան օրվա առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ռուսերեն

Член «Сасна црер» прекратил голодовку после встречи с композитором Тиграном Мансуряном

Народный артист Армении, известный композитор Тигран Мансурян в уголовно-исполнительном учреждении больнице для осужденных 8-го августа встретился с участником группы «Сасна црер» Ашотом Петросяном.

Предстоящие новости:28.04.2017

В Министерстве диаспоры Армении состоится встреча известного композитора Тиграна Мансуряна с сотрудниками министерства диаспоры Армении.

Президент Арцаха поздравил выдающегося композитора Тиграна Мансуряна с юбилеем

Президент Республики Арцах Бако Саакян направил в воскресенье поздравительное послание композитору, заслуженному деятелю искусств Республики Армения, народному артисту РА Тиграну Мансуряну в связи с его юбилеем

Юбилей знаменитого композитора Тиграна Мансуряна отпразднуют в Армении и Арцахе международным фестивалем

Фестиваль пройдет в первой половине сентября, в нем примут участие Государственный симфонический оркестр, а также солисты и музыканты, которые представляют творчество Мансуряна за рубежом

Անգլերեն