Եղանակը Երևանում

9°C

քամի: 1.5մ/վ; : 41%;

: 686 մմ

Եղանակը այլ քաղաքներում

Ընտրեք լեզուն

Նոյեմբերի 24-ից առաջ փոխարտգործնախարարը փակագծեր է բացում

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումները: Առավոտյան խորհրդարան էր գնացել արտաքին գործերի նախարարի տեղակալը: Նա ստիպված խոսել է ոչ միայն հաջորդ տարվա խնդիրներից, այլեւս անդրադարձել է նոյեմբերի 24-ի սպասելիքներին:   Հայկական եւ ԵՄ կողմերի բարձրաստիճան շրջանակների հստակ հավաստիացումներին հակառակ՝ հայկական վերլուծական շրջանակներում շարունակում են կասկածել, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում իրականություն կդառնա Հայաստանի եւ ԵՄ միջեւ կնքվելիք համաձայնագիրը: Հարցը կրկին շոշափվեց այսօր ԱԺ-ում։ Փոխարտգործնախարար Կարեն Նազարյանից բացատրություններ էր պահանջում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:   Այս դեպքում փոխարտգործնախարարը վկայակոչում է թե ՀՀ նախագահի, թե ԵՄ ղեկավարների հավաստիացումները: Ասում է՝ անգամ եվրոպացի գործընկներն են վստահեցնում, որ գործընթացն առաջ է շարժվում ըստ նախատեսված պլանի: Ստորագրմանը պատրաստի  փաստաթուղթը Կարեն Նազարյանը բնութագրեց իբրեւ շատ հավակնոտ: Փոխարտգործնախարարը փոխանցեց նաեւ բանակցությունների ընթացքի մանրամասները: Հասկանալու համար, թե իրականում ինչ կտա փաստաթղթի ստորագրումը Հայաստանին՝ ծանոթանանք, թե ինչ է նախատեսվում փաստաթղթով: Փաստաթղթից կետեր կրկին բացահայտեց փոխարտգործնախարարը: Վերջին կետը, սակայն, չի նշանակում, որ փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո լուծվելու է վիզաների ազատականացման հարցերը: Թյուրըմբռնումներից խուսափելու համար Կարեն Նազարյանը պարզաբանում է. Ի դեպ, հաջորդ տարի՝ 2018-ին  Հայաստանը Եվրոպական Միությունից եւ եվրոպական կառույցներից 70 միլիոն եվրոյի աջակցություն կստանա դրամաշնորհների եւ վարկային միջոցների տեսքով։ Այս հաշվարկներն ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ գլխավոր գանձապահ, ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նախատեսվում է, որ գումարի մի մասը՝ 11.5 միլիոն եվրոն բյուջետային աջակցություն է, իսկ 58.5 միլիոն եվրոն վարկային եւ դրամաշնորհային միջոցներ են: Այստեղ արդեն ընդդիմացավ ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցությունից Միքայել Մելքումյանը: Նշեմ, որ ընդհանուր առմամբ ՀՀ ԵՄ-ից աջակցություն կստանա 15 վարկային եւ 14 դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում: Բայց սրանով էլ դեռ չենք հասնելու արտաքին պարտքի վտանգավոր՝ 60 տոկոսանոց շեմին: Հայաստանի գլխավոր գանձապահը հավաստիացրեց, որ այս վարկերից եւ դրամաշնորհներից հետո անգամ արտաքին պարտքը չի անցնի 59 տոկոսի:

2016-ը` ՓՄՁ համար հարվածներով լի, ծանր տարի

2016թ. ՓՄՁ ոլորտի  համար հարվածներով լի, ծանր տարի էր` «Ռադիոլուրի» հետ զրույցում տարին այսպես է ամփոփել  ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Սամսոն Գրիգորյանն ու մատնանշել և ապրիլյան պատերազմը, և հուլիսյան դեպքերը: Ժողովրդի գնողունակությունը նվազել է, որն իր ուղիղ անդրադարձն է ունենում նաև առևտրի վրա՝ ասել է Գրիգորյանն ու նշել, որ մեր երկրում ՓՄՁ-ին  տրվող վարկերի տոկոսադրույքները բարձր են:  ՓՄՁ ներկայացուցչի կարծիքով,  Հայաստանում  վարկերի տոկոսադրույքները տասը տոկոսից ավելին չպետք է լինեն:  Վարկերի բարձր տոկոսադրույքներից դժգոհ են նաև գյուղացիները, ովքեր վերցրել, սակայն չեն կարողանում  մարել գյուղացիական վարկերը:  Երևանում այսօր այս թեմաներով քննարկում էր կազմակերպվել:     Հայաստանում ՓՄՁ- ները հիմնականում առևտրով են զբաղվում, ուստի, գնողունակության նվազմամբ պայմանավորված, խնդիրների պակաս չունեն՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է  ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Սամսոն Գրիգորյանն ու  որպես պատճառ նշում մարդկանց սոցիալական վիճակի վատթարացումը: Իսկ հիմնականում առևտրով զբաղվում են ոչ լավ օրից: Խնդիրների շարքում տարիներ շարունակ առաջին հորիզոնականներում  շրջանառու միջոցների անմատչելիությունն է, արդյունքում՝ ՓՄՁ-ների մեծ մասը քայլերն ուղղում  է  դեպի մոտակա բանկ, իսկ տրամադրվող վարկերի տոկոսադրույքները, մեղմ ասած,  հիասթափեցնող են: Վարկերի տոկոսադրույքներից ու ընդհանրապես  վարկային բեռից դժգոհ է  նաև Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ մյուս զրուցակիցս՝   Հայկազ Ասատրյանը, ով  արցունքն աչքերին նկատում է՝ տղան վարկերի պատճառով բռնեց Ռուսաստանի ճանապարհը: Ընտանիքով որոշեցին գյուղատնտեսությամբ զբաղվել՝ 1մլն 900 հազար դրամ վարկ վերցրեցին ու խաղողի այգի գնեցին:  Անցյալ տարվա խաղողի առատ բերքն ու  մթերման հետ կապված խնդիրները պատուհաս դարձան  այս ընտանիքի համար,  մթերման գինը նվազեց, «Վեդի Ալկո» ընկերությունն էլ ուշացումով վճարեց գումարը՝ մի քանի անգամ բողոքի ակցիաներ կազմակերպելուց հետո: Այժմ Ասատրյանը հայտնվել է վարկային վատ պատմություն ունեցողների ցանկում՝ դատական քաշքշուկների մեջ: Հայկազ Ասատրյանի ընտանիքի պատմության նման բազմաթիվ ընտանիքներ կան մեր շրջապատում: Բանկերն իրենց փաստարկներն են  բերում, տարբեր աղբյուրներ էլ փաստում են՝ վերցված գյուղվարկերի  90 տոկոսը չեն ծառայում նպատակիի:  ԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը, ներկայացնելով իրենց վերջին վերլուծության արդյունքները , որոնք  կատարել էին 300 ձեռնարկությունների շրջանում, ասում է, որ   հիմնական խնդիրների շարքում  կարևորվում է  ֆինանսական հասանելիության հարցը: Մակարյանը նաև ֆինանսական գրագիտության հարցն է կարևորում։ Իր ղեկավարած միությունը նաև առաջարկով է հանդես եկել «Գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող հաստատություննեի ուսանողները   ընտանեկան բիզնեսի ներքո  պրակտիկ գիտելիքները զարգացնելու համար նաև իրենց ծնողների հետ աժխատեն՝ ընտանեկան բիզնեսի շրջանակներում ՝  իրենց ֆերմայի, հողակտորի կամ այլ գոյւղատնտեսական նախագծի մեջ և իրենց կրթական տեսական գիտելիքը գործնականում կիրառեն իրենց բզիենսը վարելու նպատակով»: Բանկային ու  ընդհանրապես  վարկային քաշքշուկներից զերծ մնալու համար վարկառուներին մասնագետները հորդորում  են անպայման ծանոթանալ  վարկային պայմանագրերի, այնտեղ ամրագրված դրույթների հետ:

Ով բարձրաձայնում է Հյուսիս-հարավ ճանապարհի չարաշահումների մասին ազգի դավաճան է՝ ասում է ՊՈԱԿ- ղեկավարը

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ (18,7 կմ)  և Լանջիկ-Գյումրի (27,5 կմ) ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների մեկնարկն ազդարարվեց այսօր Երևան-Գյումրի մայրուղու Լանջիկ համայնքի մոտ։ Այն կնշանավորվի հիմնարկեքի արարողությամբ՝ կառուցվելիք ճանապարհի հիմքում խորհրդանշական պարկուճի տեղադրմամբ։    «Եթե ուզում ես հարուստ լինել, ապա պետք է լավ ճանապարհներ կառուցես»,-  չինական ասացվածքն է մեջբերում  Չինասատանի Ժողովրդական Հանրապետություն արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլուն, ով  մասանակցում էր  Հյուսիս- հարավ ճանապարհային միջացքի ներդրումային ծրագրի Տրանշ 3 – ի հիմնարկեքի արարողությանը: Նշենք, որ հայտարարված միջազգային մրցույթների արդյունքներով որպես նվազագույն գնային առաջարկ և տեխնիկապես բավարար գնահատված հայտ ներկայացրել էր չինական «Սիոնհիդրո Քորփորոյեշն» ընկերությունը: Վերջինիս հետ ստորագրվել է  Թալին- Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ- Գյումրի հատվածների 46.2 կմ ճանապարհի կառուցման կապալային պայմանագրերը՝ շուրջ 140 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով: Լսենք «Հյուսիս- հարավ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանին: Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է  բազմաշերտ ֆինանսավորման տարբերակով։ Այն բաժանված է առանձին տրանշների, որոնց շրջանակում կնքվել է  վարկային առանձին պայմանագրեր: «Հյուսիս- հարավ» ծրագրի 3-րդ տրանշը համաֆինասավորում է   Ասիական զարգացման և եվրոպական ներդրումային  բանկերի կողմից: Այդ հատվածի շինարարությունը  իրականացնելու համար  Եվրոպական միությունը  Հայաստանի կառավարությանը տրամադրել է  12 մլն եվրո: «Հայաստանը միշտ էլ հանդիսացել Ասիան ու Եվրոպան կապող օղակ, հետևաբար   Եվրամիությունը միշտ էլ պատրաստակամություն է հայտնում ներդրումներ կատարել Հայաստանում, այս պարագայում արդեն ճանապարաշինության ոլորտում»,- խորհրդանշական պարկուճի տեղադրումից հետո ասաց  Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նշենք, որ «Հյուսիս-հարավ» ճանապարահային միջացքի  ներդրումային  ծրագիրը խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխան 560 կմ երկարությամբ Մեղրի- Երևան- Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ՝ կրճատելով այն շուրջ 90 կմ– ով՝ հասցնելով մինչև 470 կմ-ի: Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հավաստիացրեց, որ 2018-ի ավարտին կունենանք առաջին կարգի ճանապարհահատված: «Ամեն ինչ արվում է, որ մինչև Սև ծով ունենանք առաջին կարգի ճանապարհ, այսօր բանակցում ենք նաև Վրաստանի Հանրապետության հետ, որպեսզի Բավրայից մինչև Սև ծով ճանապարհի շինարարության համար նրանք ևս գումարներ տրամադրեն»,- ասում է նախարարը։ Անդրադառնալով առաջին տրանշի ժամանակ բարձրաձայնված չարաշահումների մասին հրապարակումներին՝ Բեգլարյանը նշեց, որ իրականացվում է երկկողմ վերահսկողություն, ինչի պարագայում չարաշահումներ չեն լինի: Իսկ «Հյուսիս- հարավ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանի մեկնաբանությունը շատ կտրուկ էր։ «Ով բարձրաձայնում է Հյուսիս-հարավ ճանապարհի  չարաշահումների մասին  ազգի դավաճան  է»։    

Կառավարությունը Բյուջե 2016- ի համար ԱԺ- ից ստացել է 322 առաջարկություն

«Ճարտարագիտական համալսարանի բազայի հիման վրա նոր՝ երրորդ սերնդի տեխնոլոգիական համալսարան կստեղծվի»,- կառավարության այսօրվա նիստի սկզբում  հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ տեղեկացնելով, որ օրերս Տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն արձագանքել է ՏՏ զարգացման աջակցող խորհրդի վերջին նիստի արդյունքներով ձևավորված աշխատանքային խմբի մոտեցմանը: Գործադիրի ղեկավարը գերատեսչություններին հանձնարարել է, միջազգային փորձագետների ներգարվմամբ, միության ու գերատեսչությունների մասնագետների հետ մանրամասն ուսումնասիրել ծրագիրը:   Հաջորդ տարվա գլխավոր  ֆինանսական փաստաթղթի՝  «Պետական բյուջեի մասին\ օրենքի նախագծի շուրջ կառավարությունը ԱԺ-ից  322 առաջարկություն է  ստացել: Առաջարկներով հանդես են եկել   մշտական հանձնաժողովները, խմբակցություններն ու անհատ պատգամավորները:  Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի տեղեկացմամբ` հարցադրումների հիմնական մասը վերաբերում է ֆինանսական հատկացումներին էր վերաբերում:  Առաջարկվել է  բյուջեի  եկամուտներն ավելացնել 15 մլր, ծախսերը՝   14,3 մլրդ դրամով: Լրացուցիչ ծախսեր են առաջարկվել  գրեթե բոլոր ոլորտներում՝ առողջապահություն, կրթություն, մշակույթ, գիտություն, տնտեսության ճյուղեր, տրանսպորտ, ճանապարհային տնտեսություն։ Կառավարությունն  ամբողջությամբ կամ մասնակի  բավարարել է առաջարկությունների 18,5 տոկոսը:  Կառավարությունն ինքն էլ է առաջարկել որոշ փոփոխություններ, մասնավորապես՝ փոխարժեքի հետ կապված  Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի փոխանցմամբ, ԱՄՆ մեկ դոլարը հաշվարկվել է  473,4 դրամ, մեկ եվրոն՝  520,83 դրամ: Արտահանողներին ԱԱՀ  գումարը  վերադարձնելու նպատակով, կառավարությունը  ևս 10 մլրդ դրամ հատկացրեց: 28,7 մլրդ դրամ արդեն վճարվել է, հայտարարեց ֆինանսների նախարարը՝ տեղեկացնելով, որ 38 մլրդ դրամ էլ վերադարձվել է 2014թ:   Վարչապետն առաջարկեց նախ տրամադրել  հինգ մրդ դրամը, հետո նաև՝ դեկտեմբերի վերջին՝ գումարի կեսը: «Ալյանս» ազատ տնտեսական գոտում «Բարձր ջերմաստիճանաային բյուրեղներ» ընկերությանը   շահագործողի թույլտվություն տրվեց:  Հայաստանում արհեստական շափյուղա կարտադրվի, առաջին տարվա ընթացքում  նախատեսվում է  75 մլն դրամի արտադրանք  արտահանել, ստեղծել 25 նոր աշխատեղ, իսկ  հինգերորդ տարում 60 աշխատատեղ կգործի,  1 մլրդ 300 մլն դրամի արտադրանք կարտահանվի: Հայաստանից արհեստական շափյուղան կարտահանվի   ՌԴ, Չինաստան,  ԵՄ:  Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի  2,16 մլրդ դրամ։ Հաջորդ տարի գարնանը կսկսվեն Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման աշխատանքները: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի ՝ տեղեկացմամբ՝ ծրագրի իրականացման համար «ԼԻԴԻԱՆ  ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ընկերության ֆինանսական ու ներդրումային խմբերը 325 մլն դոլարի ներդրումներ իրականացնելու հանձնառություն է ստանձնել: Ֆինանսական հատկացումներ կտրամադրեն նաև Միջազգայյն ֆինանսական կորպորացիան և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը: Ընդհանուրն առմամբ՝ նախատեսված է  460-480 մլն դոլարի ներդրում կատարել։ «Տարեկան 12 -14 տոննա ոսկի կարտադրվի Հայաստանում, արդյունավետ կդառնա նաև ոսկու ձուլակտորների արտադրությունը։ Շինարարության մեջ զբաղված է լինելու մոտ 1500 մարդ։ Նախարարը հայտարարեց նաև, որ, ԱՎԾ  տվյալների համաձայն,  ՀՀ օտարերկրյա ներդրումների աճ է գրանցվել, ընդ որում՝ բոլոր ուղղություններով:  «Կարծում եմ, որ այս  ծրագիրը 2016-2017թթ մեծ տնտեսական ակտիվություն կբերի»,- ասաց վարչապետը։ Կառավարությունն   այսօր հաստատեց   հերթական վարկային նախագիծը։ Վերականգնման վարկերի բանկը  (KfW) «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III» ծրագրի 2-րդ փուլի  համար կտրամադրի 83 մլն եվրո։ Ծրագրի շրջանակներում տրամադրվելիք վարկային միջոցները օգտագործվելու են Դդմաշենում ենթակայանի կառուցման, էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ էլեկտրացանցերի վերականգնման և վերակառուցման, սարքավորումների և մեքենաների շահագործման համար։ Վարկը տրամադրվում է 15 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ, տարեկան տոկոսադրույքը ֆիքսվելու է ստորագրման օրը: Կառավարությունը  պետական աջակցություն կտրամադրի  օգոստոսի 22 –ին և հոկտեմբերի 4 ին  Արմավիրի  մարզի  12 համայնքներում կարկտահարությունից տուժած բնակիչներին: Այդ նպատակով Արմավիրի մարզպետարանին շուրջ  97 մլն դրամ հատկացվեց:   37 մլն դրամով էլ Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքի ճանապարհների քարաթափման հետևանքները կվերացվեն:

Ինչպես զարգացնել ՓՄՁ ոլորտը Հայաստանում

Հոկտեմեբրի 15-ին ու 16-ին Երևանում Վերակառուցամն ու Զարգացման Եվրոպական բանկը  կազմակերպելու է  «ֆինանսական ներդրումների նախապատրաստում»  թեմայով դասընթացը: Այն տնտեսվարողներին  խորհրդատվություն է տրամադրելու, աջակցելու է  ֆինանսական ներդրումային միջոցառումների անցակցմանը: Նման դասընթաց կազմակերպվել  է  նաև անցյալ տարի: Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Լյուդովիկ Չեխանովսիկն հայտարարել է,որ փոքր ու միջին բիզնեսին աջակցելու  նպատակով հաջորդ տարվանից  Վերակառուցամն ու Զարգացման Եվրոպական բանկի միջոցով  սկսելու են իրականացնել նախագծերի մի ամբողջ  փաթեթ: Հիմնականում խորհրդատվական ծառայություններ են մատուցվելու:  Թե ՎԶԵԲ-ի, և թե ԵՄ-ի ակնկալիքները Հայաստանից բավականին շատ են: Անհանգստացնող հարցեր, այդուհանդերձ, կան, բիզնես միջավայրից դժգոհություններ են  ստացել՝ իշխանությունները ոչ բարյացկամ դրսևորում են ցուցաբերում տնտեսվարողների նկատմամբ: Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ղեկավարն այսօր անդրադարձել է  նաև Հայաստանի տնտեսական աճի  կանխատեսումների փոփոխություններին. Ի դեպ, տարեսզկբին  հայտարարված չորս տոկոս տնտեսական անկման փոխարեն, մեկից երեք տոկոս տնտեսական աճ են կանխատեսում:   Չնայած Հայաստանի՝ տնտեսական վեկտորի փոփոխությանը, Եվրամիությունը շարունակում է  աջակցել  Հայաստանին: Հաջորդ տարի օրինակ, ԵՄ պատրաստվում է մի շարք ծրագրեր կյանքի կոչել, աջակցությունը լինելու է  գործընկերների՝ Վերակառուցման ու Զարգացման Եվրոպական բանկի ու  գերմանական ընկերությունների միջոցով:  Տնտեսական ուղղության փոփոխությունը ոչ միայն  չի անհանգստացնում եվրոպացիներին  , այլ նաև մեծ են ակնկալիքները  Հայաստանի՝  ԵՏՄ-ի անդամակցությունից:  Հայաստանում Վերակառուցման ու Զարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը կարծում  է, որ դեռ   շուտ է անդամակցության  արդյունքներն ամփոփել: Նաև նկատում  է՝ Հայաստանի համար նոր հնարավորություններ  են բացվել հատկապես գյուղատնտեսության ոլորտում՝ վերամշակման ճյուղում, տեքստիլ արդյունաբերությունում: Որևէ մեկը չի կասկածում,  որ ԵՏՄ-ն նոր հնարավորություն է, սակայն, կարևոր է,  թե որքան արագ է լուծվելու տարանցիկ երկիր լինելու հարցը: Մարկ Դևիսը 2015թ տնտեսական տարին հետաքրքիր է համարում, հիշեցնում՝ եթե ՌԴ-ից եկող տրանսֆերտներն անցյալ տարի ՀՆԱ-ի 18 տոկոսն էին կազմում, այս տարի՝ 14 տոկոս են, իսկ սա ազդում է  քաղաքացիների գնողունակության վրա: Ըստ Հայաստանում Վերակառուցման ու Զարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավարի՝ «Ռուսաստանի համար չորս տոկոս անկում ենք կանխատեսում, սակայն, Հայաստանի մասով մեր կանխատեսումները փոխվել են: Տարեսկզբին կարծում էինք, որ 1,5 տոկոս տնտեսական անկում է  գրանցվելու, սակայն, այժմ, համադրելով վիճակագրական տվյալները, 1-ից  3 տոկոս տնտեսական աճ ենք կանխատեսում»: Հայ տնտեսվարողներին, վարկային կազմակերպություններին, եվրոպացի փորձագետները  ցանկանում են ,  այսպես ասենք գիտելիքներով զինել ու նրանց առաջարկել օգտվել մասնավոր կապիտալի ներդրման հնարավորություններից: Հոկտեմբերի 15-ին ու 16-ին Երևանում Վերակառուցման և Զարգազման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Հայաստանում ՓՄՁ-ների Ֆինանսավորման ու Զարգացման Խումբը և Եվրոպական Միությունը, որպես տեղական բիզնես-խորհրդատվական ծառայությունների կայուն ենթակառուցվածքի զարգացման աջակցության շարունակություն, ՎԶԵԲ-ի Երևանյան գրասենյակի ղեկավարի հետ համատեղ նախաձեռնել են «Ֆինանսական ներդրումների նախապատրաստում» թեմայով արդեն երկրորդ հատուկ մշակված դասընթացը: Եվրոպացիննրը նաև գիտեն՝ հայ ձեռնարկատերերը սիրում են   ինքնուրույն են աշխատել, սա հայկական առանձնահատկություն չէ, այսպես է բոլոր երկրներում: Սակայն, տնտեսվարողները  նաև պետք է հասկանան՝ բիզնեսում հաջությունների հասնելու համար պետք է նաև սեփականատեր- գործընկեր ունենալ:  Հայաստանում ԵՄ պատվիրակութայն միջազգային համագործակցության պատասխանատու Լյուդովիկ Չեխանովսկին չի կասկածում՝ մասնավոր կապիտալի ծավալների մեծացման հարցում հաջողություններ ունենալու են: Մտահոգություններ, սակայն, ունեն՝ բիզնես միջավայրից դժգոհություններ են  ստացել՝ իշխանությունները ոչ բարյացկամ դրսևորում են ցուցաբերում տնտեսվարողների նկատմամբ:  «Ուզում ենք պատշաճ կերպով զարգացնել ՓՄՁ ոլորտը Հայաստանում»,- Հայտարարում է  Հայաստանում ԵՄ պատվիրակութայն միջազգային համագործակցության պատասխանատուն: Հավելեմ նաև, որ Հայաստանում Վերակառուցման ու Զարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսի տեղակցմամբ,  որ նոյեմբեր-դեկտեմբերին հաստատելու են հաջորդ երեք տարիների համար  նախանշված ծրագրերը, բայց դրանք հիմնականում երեք ուղղությամբ են լինելու՝ խորացնել ու արդիականացնել մասնավոր սեկտորը հատուկ շեշտադրությամբ, երկրորդ՝ զարգացնել տեղական կապիտալի շուկան ու տեղական արժույթով ֆինանսավորումը, երրորդ՝ պետական ծառայությունների մատուցման առևտրայնացում։ Այլ մանրամասները, առայժմ չեն հաղորդվում:

Պեկինում կայացել են հայ-չինական բարձր մակարդակի բանակցությունները

Պետական այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ: Հանդիպման ավարտին բանակցությունների արդյունքներով Հայաստանի և Չինաստանի նախագահները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագիր: Ստորագրվել են նաև երկու երկրների միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր: Մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև` քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» պայմանագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից արտոնյալ վարկի տրամադրման մասին» շրջանակային համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչման մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև` զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի նախարարության միջև Հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի շրջանակներում Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման մասին» հուշագիր, «Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասարակական անվտանգության նախարարության միջև հանցագործությունների կանխարգելման և բացահայտման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական բանկի միջև հայկական դրամ/չինական յուան երկկողմանի SWAP կարգավորումների մասին» համաձայնագիր, «ՀՀ կառավարության` ի դեմս Ֆինանսների նախարարության, որպես վարկառու, և Չինաստանի ներմուծման-արտահանման բանկի, որպես վարկատու, միջև մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ծրագիր՝ կառավարության արտոնյալ պայմաններով» վարկային համաձայնագիր, «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Չինաստանի ազգային էներգետիկայի կազմակերպության միջև ատոմային էներգիայի ծրագրերում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Մինչ Նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումը, Նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան հյուրընկալվել է ՉԺՀ մայրաքաղաքի առաջադեմ կրթօջախներից մեկում՝ շուրջ 290 տարվա պատմություն ունեցող Պեկինի թիվ 2 միջնակարգ դպրոցում: Այն կազմավորվել է 1724 թվականին Ցին կայսրության օրոք կառուցված դպրոցի հիման վրա: Դպրոցը համարվում է Պեկինի խոշորագույն և տեխնիկապես հագեցած դպրոցներից մեկը: Կրթական այս հաստատության շրջանավարտների շուրջ 95 տոկոսը ընդունվում է երկրի լավագույն ԲՈՒՀ-երը: Դպրոցն ակտիվորեն իրականացնում է նաև միջազգային համագործակցության ծրագրեր, այդ թվում՝ աշակերտների փոխանակման ծրագրեր մի շարք երկրների հետ: Հանրապետության Նախագահը շրջել է կրթական հաստատությունում, զրուցել դասավանդող անձնակազմի հետ, ծանոթացել դպրոցի առօրյային և ուսումնական ծրագրերին, որից հետո գրառում է կատարել դպրոցի պատվավոր հյուրերի գրքում. «Ուրախ եմ հյուրընկալվել ՉԺՀ մայրաքաղաքի առաջադեմ կրթօջախներից մեկում: Վստահ եմ, որ այստեղ կրթություն ստացող չինացի ժողովրդի մատաղ սերնդի ներկայացուցիչները շարունակելու են Չինաստանի տպավորիչ և հիացմունքի արժանի հաջողությունների և ձեռքբերումների շարքը, որոնց ես վկա եմ դարձել Չինաստան կատարած իմ յուրաքանչյուր այցի ժամանակ: Կարծում եմ՝ Ձեր դպրոցի փորձը հնարավոր կլինի օգտագործել նաև իմ նախաձեռնությամբ Հայաստանում կառուցվելիք չինարեն լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցի գործունեության ընթացքում: Մեր չինացի բարեկամների օգնությամբ ստեղծվելիք այդ կրթօջախը կդառնա հայ-չինական համագործակցության կարևոր առհավատչյա: Վստահ եմ, որ հազարամյակների պատմություն ունեցող մեր երկու ժողովուրդները բարեկամության և խաղաղության մթնոլորտում զարգացնելու և ամրապնդելու են իրենց կապերն ու համագործակցությունը՝ իրականացնելով ապագայի իրենց տեսլականները»,-գրել է Նախագահ Սարգսյանը: Ի պատիվ պետական այցով Չինաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի անունից այսօր կտրվի պաշտոնական ճաշ:   Համատեղ հռչակագիր Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության, հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին 2015 թվականի մարտի 24-28-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինի հրավերով պետական այցով Չինաստանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։ Երկու պետությունների ղեկավարները ջերմ, բարեկամական և փոխվստահության մթնոլորտում անցկացրեցին մտքերի հանգամանալից փոխանակում՝ հայ-չինական հարաբերությունների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային քաղաքականության արդիական հարցերի վերաբերյալ։ Ձեռք բերվեց փոխըմբռնում հարցերի լայն շրջանակի շուրջ։ Հայաստանի Հանրապետությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր) բարձր գնահատեցին երկկողմ համագործակցության նկատելի հաջողությունները, որոնք ձեռք են բերվել բոլոր ոլորտներում՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հետո, եկան այն եզրակացության, որ Հայաստանի և Չինաստանի բարեկամական համագործակցությունը ոչ միայն համապատասխանում է երկու երկրների և ժողովուրդների արմատական և երկարաժամկետ շահերին, այլև նպաստում է երկու երկրների համատեղ զարգացմանն ու բարգավաճմանը՝ ի նպաստ տարածաշրջանային խաղաղության և կայունության։ Ելնելով երկկողմ բարեկամական համագործակցության հետագա զարգացման ընդհանուր ձգտումից, ինչպես նաև գիտակցելով երկու երկրների միջև տարբեր բնագավառներում համագործակցության հետագա խորացման օբյեկտիվ անհրաժեշտությունը՝ Կողմերը հայտարարում են հետևյալի մասին. 1. Կողմերը այսուհետ ևս կշարունակեն զարգացնել փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխադարձ շահերի հիման վրա ձևավորված հարաբերությունները և, հետևելով 1996 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների հիմունքների մասին» համատեղ կոմյունիկեի և 2004 թվականի սեպտեմբերի 27-ի՝ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համատեղ հռչակագրի դրույթներին, հետևողականորեն իրականացնել երկկողմ համագործակցության ընդլայնման ուղեգիծը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում՝ հայ-չինական հարաբերությունների բարեկամական համագործակցության շարունակական խորացման և զարգացման նպատակով՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։ 2. Կողմերը համարում են, որ հայ-չինական հարաբերությունների առողջ և կայուն զարգացման քաղաքական հիմքն են կազմում երկու երկրների առանցքային շահերին և մտահոգություններին առնչվող հարցերի շուրջ փոխադարձ համաձայնությունը և աջակցությունը։ Հայկական կողմը հաստատում է մեկ Չինաստանի քաղաքականությանն իր աջակցությունը, հանդես է գալիս որևէ ձևով «Թայվանի անկախության» դեմ, վերահաստատում է, որ Թայվանի հետ որևէ պաշտոնական կապ չի հաստատում, աջակցում է Թայվանյան նեղուցի երկու ափերի միջև հարաբերությունների խաղաղ զարգացմանը, ինչպես նաև երկրի միավորմանն ուղղված՝ Չինաստանի կառավարության բոլոր ջանքերին՝ համարելով, որ Թայվանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անքակտելի մասն է, իսկ թայվանյան հարցը՝ Չինաստանի ներքին գործը։ Չինական կողմը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման օգտին` ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական նպատակների ու սկզբունքների և միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի համաձայն։ Կողմերը կրկին հայտարարում են, որ չեն մասնակցում որևէ միությունների կամ դաշինքների, որոնք ուղղված են Կողմերից որևէ մեկի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության դեմ, չեն ձեռնարկում ցանկացած նման գործողություն, ներառյալ՝ երրորդ կողմի հետ նման պայմանագրերի կնքումը, թույլ չեն տալիս իրենց տարածքում այնպիսի կազմակերպությունների և խմբավորումների ստեղծում, որոնք վնաս են հասցնում մյուս Կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը, ավելին՝ արգելում են դրանց գործունեությունը իրենց տարածքում։ Կողմերը լիովին սատարում են սեփական իրողություններից ելնելով երկու երկրների ժողովուրդներից յուրաքանչյուրի ընտրած զարգացման ճանապարհը, հաստատում են աջակցությունը մյուս Կողմի ջանքերին` ուղղված պետական անկախության, ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության ամրապնդմանը, սոցիալ-քաղաքական կայունության ապահովմանը և ազգային տնտեսության զարգացմանը։ 3. Կողմերը միակարծիք են, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում առաջատար դեր է խաղում բարձր մակարդակի կապերի ամրապնդումը, համաձայն են հետագայում ևս ակտիվացնել երկու երկրների ղեկավարների փոխադարձ այցերը, ընդլայնել կառավարությունների, օրենսդիր մարմինների, կուսակցությունների, բանակների և հասարակական միավորումների միջև կապերն ու համագործակցությունը, անցկացնել պետական կառավարման փորձի փոխանակում, ընդլայնել երկկողմ հարաբերությունների խորացմանը նպաստող ուղիներն ու խողովակները։ 4. […]

Հայաստանն ու Եվրոպական ներդրումային բանկն ստորագրել են էլեկտրահաղորդման ցացի մասին համաձայնագրեր

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ  կառավարությունում ստորագրվել է երեք փաստաթուղթ՝ «Կովկասյան էլեկտրա­հա­ղորդման ցանց» ծրագրի 10 մլն եվրո ծավալով վարկային համաձայնա­գիրը, որն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, «Կովկասյան էլեկտրահա­ղորդման ցանց» ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, որն ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ԵՆԲ փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, KfW զարգացման բանկի էներգետիկայի և տրանսպորտի ծրագրերի ղեկավար Յան Բլումը, ինչպես նաև «Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի հիմնադրամին Հայաստանի անդամակցության մասին» ներդրման համաձայնագիրը: Վերջինն ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և ՎԶԵԲ-ի (EBRD) կողմից E5P հիմնադրամի ղեկավար Անդրես Լանդը: Վարչապետ Աբրահամյանը ողջունել է փաստաթղթերի ստորագրումը և վստահություն հայտնել, որ դրանք իրենց նշանակալի դերն ու ավանդը կունենան թե Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում, թե Հայաս­տանի տնտեսության զարգացման գործում:

Հայ- ավստրիական հարաբերությունների կառուցողական քննարկում. ՀՀ նախագահի այցը Վիեննա

Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ավստրիայի Հանրապետություն: Այսօր առավոտյան կայացել են Հայաստանի և Ավստրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի և Հայնց Ֆիշերի առանձնազրույցը, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ-ավստրիական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր։ Մասնավորապես՝ երկու երկրների նախագահներն ստորագրել են Ավստրիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների և գործընկերության մասին հռչակագիրը, ապա նախագահների մասնակցությամբ ստորագրվել են «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ավստրիայի Հանրապետության գիտության, հետազոտությունների և էկոնոմիկայի դաշնային նախարարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին համատեղ գործողությունների ծրագիրը», «ՀՀ կառավարության և ԱՀ կառավարության միջև օդային տրանսպորտի մասին համաձայնագիրը»: Այցի շրջանակներում ստորագրվել է նաև երկու համաձայնագիր՝ «Արտահանման վարկային համաձայնագիր «Արամ Խաչատրյան» ֆիլհարմոնիկ համերգասրահի վերազինում» ծրագրի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Ֆինանսների նախարարության և «Էռստեե բանկի միջև» և ևս երկու համաձայնագիր «ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական «Վագներ Բիռո» ընկերության միջև՝ սարքավորումների մատակարարման մասին»։ Հայաստանի և Ավստրիայի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մեծարգո՛ պարոն Նախագահ, Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Կրկին շնորհակալություն եմ հայտնում Ավստրիայի Նախագահ պարոն Ֆիշերին պաշտոնական այցով Ավստրիայում հյուրընկալվելու հրավերի և, իհարկե, ջերմ ընդունելության համար: Այն փաստը, որ վերջին երկու տարվա ընթացքում սա մեր երրորդ երկկողմ հանդիպումն է, ինքնին խոսուն է: Մեր բանակցությունների օրակարգը հագեցած էր. կառուցողական քննարկում ունեցանք ինչպես հայ-ավստրիական հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ: Վերահաստատեցինք բարձր մակարդակի երկխոսությունը շարունակելու, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-ավստրիական համագործակցությունը խորացնելու փոխադարձ ցանկությունը: Մեզ համար Ավստրիան բարեկամ պետություն է և վստահելի գործընկեր և հենց այդ ոգով են զարգացել Հայաստանի և Ավստրիայի 22-ամյա միջպետական հարաբերությունները: Քաղաքական կանոնավոր երկխոսություն, առևտրատնտեսական զարգացող համագործակցություն, մշակութային և կրթական բազմաթիվ ծրագրեր, Ավստրիայի կողմից արդյունավետորեն իրականացվող օժանդակության ծրագրեր, փոխշահավետ գործակցություն միջազգային կառույցներում, պարբերաբար հարստացվող իրավապայմանագրային դաշտ՝ սա է մեր կառուցողական համագործակցության արդյունքը, որի բազմապատկման համար պատրաստ ենք շարունակելու հետևողական աշխատանքը, և այդ նպատակին են ուղղված նաև այս այցի ընթացքում ձեր ներկայությամբ ստորագրված համաձայնագրերը: Այցիս առաջնային նպատակներից է երկկողմ համագործակցության տնտեսական ուղղության խթանումը, և վաղը մենք նախագահ Ֆիշերի հետ կբացենք հայ-ավստրիական տնտեսական համագործակցության համաժողովը: Ակնկալում ենք, որ այն կծառայի գործարարների միջև երկխոսության ծավալմանն ու նոր համատեղ ծրագրերի իրականացմանը: Համագործակցության լավ հնարավորություններ ենք տեսնում Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շրջանակներում, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում Հայաստանի կառավարության կողմից իրականցվող սոցիալական քաղաքականության կատարելագործման համար: Պարոն Ֆիշերի հետ անդրադարձանք ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարներին, և ես վերահաստատեցի Հայաստանի հանձնառությունը շարունակելու ԵՄ հետ վերջին տարիներին ծավալված արդյունավետ համագործակցությունը, որի շնորհիվ Հայաստանն ունի առավել ժողովրդավարական կառույցներ, բաց շուկայական տնտեսություն, համեմատաբար լավ կառավարում, բարենպաստ գործարար միջավայր: Ես ներկայացրեցի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման մեր տեսլականը և խնդրեցի պարոն նախագահին օժանդակելու մեզ այս հարցում: Նախագահ Ֆիշերի հետ, իհարկե, քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի այսօրվա բանակցային գործընթացը, և ես վստահ եմ խորապես կրկին քննարկելու ենք: Այստեղ՝ Վիեննայում է գտնվում նաև ԵԱՀԿ կենտրոնակայանը, մի կազմակերպություն, որ տարիներ ի վեր ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում: Վերահաստատեցի այս խնդիրը՝ Ղարաբաղի խնդիրը, բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու մեր հանձնառությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում, որը խնդրի մանրամասներին լավագույնս տիրապետող միջազգային կառույցն է: Այցի արդյունքներով մեր համատեղ հայտարարությամբ ամրագրված է, որ Ավստրիան՝ որպես բարեկամ երկիր, որը հետաքրքրված է մեր տարածաշրջանում խաղաղությամբ, միջազգային հարաբերություններում իր բարձր համբավին և չեզոք պետության կարգավիճակին համահունչ շարունակում է աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա: Անշուշտ, Ավստրիայի հետ հարաբերություններում անհնարին է չանդրադառնալ մեր ժողովուրդների պատմամշակութային կապերին: Մենք շնորհակալ ենք Ավստրիայի կառավարությանը, ժողովրդին՝ մեր համայնքի նկատմամբ դրսևորած բարեհաճ վերաբերմունքի համար, և այդ բարեհաճ վերաբերմունքի արդյունքում է նաև, որ Վիեննան դարձել է հայագիտության և հայապահպանության կենտրոններից մեկը՝ ի դեմս Մխիթարյան միաբանության: Եվ պատահական չէ, պարոն նախագահ, որ Ֆրանց Վերֆելը ծնվել է հենց Ավստրիայում»։

Կանայք բիզնեսում ավելի թափանցիկ են, ազնիվ ու պատասխանատու. ցույց են տվել վերլուծության արդյունքները

Աիդա Ավետիսյան «Ռադիոլուր» Հայաստանի գործատուների հանրապետական միությունն այսօր  կազմակերպել էր Կանանց ձեռնարկատիրության 2-րդ ազգային կոնֆերանս «ՀՀ-ում  կանանց ձեռնարկատիրության զարգացումը» խորագրով: Կոնֆերանսում ներկայացվել են ձեռնարկատիրության ոլորտում Հայաստանի գործատուների հանրապետական միության կողմից իրականացված վերլուծության արդյունքները, բացահայտել կին ձեռնարկատերերի կարիքները, ներգրավվածությունը բիզնեսում: Վերլուծության արդյունքներով՝ կանանց ներգրավածությունը բիզնեսում նախորդ տարիների համեմատ աճել է: Կանանց պոտենցիալը մեր հանրապետությունում քիչ է օգտագործվում, կարծում է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը, որի   2009 թվականին կատարած  վերլուծությունները ցույց են տվել, որ կանանց ներգրավվածությունը բիզնեսում քիչ է` մոտ 729 հոգի, իսկ այս հինգ տարիների ընթացքում փոփոխությունների, ձեռնարկատեր կանանց նկատմամբ հետաքրքրության և ուշադրության  արդյունքում նրանց թիվն այսօր հասնում է մոտ 1200-ի: ՄԵր կանանց հետաքրքրության դաշտը լայնածավալ է` դիզայն, սեղանի և հարսանյաց սրահների ձևավորում, քաղցրավենիքի արտադրություն, անշարժ գույք: Հիմնականում նրանք քիչ թիվ են կազմում արդյունաբերության և տուրիզմի  ոլորտներում, այսօր  Կանանց ձեռնարկատիրության 2-րդ ազգային կոնֆերանսի ժամանակ նշեց  Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Կառույցի վերլուծությունները  ցույց են  տվել, որ մեր օրենսդրությունը կանանց և տղամարդկանց համար սահմանում է հավասար իրավունքներ: Սակայն միակ խնդիրը կրթական, առողջապահական  և այլ  ոլորտներում գործող  օրենքների գենդերային տեսանկյունից ուսումնասիրված չլինելն է: «Կանայք տարբերություն են նկատում գործատուների մոտ, նրանց  աշխատավարձը 40 տոկոսով կարող է տարբերվել տղամարդկանց նույնատիպ  աշխատանքի դիմաց վճարից: Բացի այդ՝ կանայք կարծում են, որ իրենց հանդեպ պետք է ուղղված լինեն ավելի առանձնահատուկ ծրագրեր վարկավորման, բիզնեսի խթանման, խորհրդատվությունների համար»,- ասում է Մակարյանը։ Հայաստանի գործատուների միությունը կոնֆերանսին ներկայացրել է  ձեռնարկատեր կանանց աջակցող ծրագրեր, որոնց մեջ են մտնում երաշխիքային ֆոնդերի ստեղծումը, բիզնեսը ճիշտ կառավարելու համար վարկավորման  խորհրդատվությունը: Այսինքն՝ փորձառու կին ձեռնարկատերերը կարող են իրենց փորձը  փոխանցել սկսնակ ձեռնարկատերերին: Քաղաքական կյանքում նույնպես մեր կանանց ներգրավվածությունը քիչ է: Բիզնեսում կանայք ավելի թափանցիկ են, ազնիվ ու պատասխանատու, անկեղծացավ Գագիկ Մակարյանը և ավելացրեց, որ ձեռնարկատեր կանանց առջև ծառացած անլուծելի խնդիրներից է իրենց սեփականությունն ուրիշի անվանումով գրանցելը, սակայն միության նախագահը հուսով է, որ խնդիրը ժամանակի ընթացքում կլուծվի: Փոքր և միջին ձեռնարկությունները   Ասիական բանկի հետ համատեղ իրականցնում են  կանանց ձեռնարկատիրության զարգացման ծրագիր` նրանց գործարար գիտելիքների խորացման, խորհրդատվություն և այլ ուղղություններով: Հիմնականում ձեռնարկատեր կանանց  հուզում է այսօրվա վարկային քաղաքականությունը,  անընդհատ փոփոխությունների ենթարկվող օրենքներն ու  հարկային վարչարարությունը Փոքր և միջին բիզնեսում մեր կանայք մրցունակ են,  կարծում է անշարժ գույքի գործակալության հիմնադիր տնօրեն, կանանց ֆորում հասարակական կազմակերպության նախագահ  Լիլիթ Ավետիսյանը: Վերջինիս խոսքով` ձեռնարկատեր կանանց համար խնդիրներ միշտ կան, սակայն նախորդ տարիների համեմատ վիճակն այժմ բարվոք է: Ըստ նրա` ձեռնարկատեր կանանց աջակցելու համար անհրաժեշտ են հարկային փոփոխություններ իրականացնել։

Արարատի նորանշանակ մարզպետը կապրի աշխատավարձով

Հասմիկ Դիլանյան «Ռադիոլուր» Վերջին օրերին մամուլում ակտիվորեն քննարկվում էր Արարատի արդեն նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի  պաշտոնանկության հարցը: Մինչև երեկ իր նոր պաշտոնի մասին լուրերը հերքում էր նաև արդեն նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Վերջինս կառավարության որոշմամբ այսօր նշանակվել է Արարատի մարզպետ: Արամայիս Գրիգորյանը կառավարության նիստից հետո հայտարարել է, որ արդեն երկու տարի է, ինչ դուրս է եկել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունից: Արարատի մարզում և ոչ միայն, հայտնի է, որ Ավշարի պահածոների գործարանը հենց Արամայիս Գրիգորյանին է պատկանում: Այսօր, սակայն, նա    հայտարարել է, որ ինքը բիզնեսով  չի զբաղվում, խոստացել է՝ ապրելու է պետութունից ստացած աշխատավարձով։ Կառավարության այսօրվա նիստի օրակարգի առաջին ու վերջին հարցերն Արարատի  հին ու նոր մարզպետներին էին վերաբերում։ Նախ՝ նիստի ամենասկզբում և առաջին հարցով կառավարության քննարկմանը դրվեց Արարատի  արդեն նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի՝ սեփական դիմումի համաձայն, աշխատանքից ազատվելու հարցը: Եվ քանի որ կառավարության որևէ անդամ  որևէ հարց չուներ հրաժարականի հետ կապված, ուստի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց. «Մենք որոշումը ընդունում ենք, ես այդ որոշումը հիմա ստորագրում եմ, և խնդրում եմ Վիգեն Սարգսյանին , որպեսզի սա անմիջապես առաքվի հանրապետության նախագահին»։ Կառավարության նիստի ավարտին արդեն վարչապետը հայտարարեց, որ նախագահը ստորագրել է Էդիկ Բարսեղյանի  հրաժարականի դիմումը, ուստի կառավարությունը Արարատի նոր մարզպետ նշանակեց Արամայիս Գրիգորյանին: Վերջինս, հիշեցնենք, 2008-2009թթ ՀՅԴ քվոտայով զբաղեցնում էր գյուղատնտեսության նախարարի պաշտոնը: Մինչ այդ՝ 2003 թ. մայիսի 25-ին Գրիգորյանը ԱԺ պատգամավոր էր  ընտրվել թիվ 25 ընտրատարածքից, իսկ  2007 թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ Տիգրան Սարգսյանը կառավարության անդամներին հիշեցրեց , որ  նրանք Արամայիս Գրիգորյանին շատ լավ ճանաչում են, աշխատել են նրա հետ, գիտեն մասնագիտական կարողություններն ու մարդկային հատկանիշները: Վարչապետն առաջարկեց հարցեր ուղղել նորանշանակ մարզպետին, սակայն կառավարության որևէ անդամ հարց չուներ Արամայիս Գրիգորյանին: Փոխարենը՝ նորանշանակա մարզպետին հարցեր ունեին լրագրողները: «Քաղաքական առումով ես կուսակցության մեջ չեմ, իսկ ՀՀ-ում բոլորն էլ մեկը մյուսի ընկերներն են»,- ասաց նորանշանակ մարզպետը՝ հստակեցնելով, որ արդեն երկու տարի ՀՅԴ-անդամ չէ։ Նա նշեց, որ այս կուսակցության մեջ շատ լավ ընկերներ ունի, որոնց հետ նորմալ հարաբերություններ ունի։ «Նախկին մարզպետի հետ լավ հարաբերություններ ունեմ, միասին կարողացել ենք կոնկրետ աշխատանքեր իրականացնել, նախկին մարզպետը հարգարժան, պրոֆեսինոալ մարդ է,- ասաց նորանշանակ մարզպետը։ – Եթե լինեն  հրատապ հարցեր, առաջին հերթին դրանցով կզբաղվեմ։ Այսօր առաջին օրն է աշխատանքի գնալու», հստակեցրեց Արամայիս Գրիգորյանը։ Ի դեպ՝ Արարատի նորանշանակ մարզպետը հայտարարեց, որ ինքը բիզնեսով  չի զբաղվում, խոստացավ՝ ապրելու է  աշխատավարձով։ Կառավարության նիստի   օրակարգի մյուս հարցերի մասին: Հերթական վարկային՝ 20 մլն դոլար արժեքով պորտֆելը,  որը տրամադրել է Ասիական  զարգացման բանկը, արդեն Հայաստանում է և ուղղվելու է փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը: ՓՄՁ-ներին աջակցելու  հերթական ծրագիրը կիրականացվի երեք տարվա ընթացքում, գումարը Ասիական զարգացման բանկին կվերադարձվի  քսան տարվա ընթացքում։ Պատրաստի բիզնես ծրագրեր ունեցողները կարող են դիմել միանգամից բանկ՝ վարկավորման համար, իսկ նոր ծրագրեր կազմելու հարցում աջակցում է Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը։ Կառավարությունը  «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացրեց  60 մլն դրամ՝ Հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վարկանիշավորման ծրագրով նախատեսված աշխատանքները կատարելու նպատակով : Անդրադառնալով հարցին` վարչապետն ասաց, որ   առաջին անգամ ներդրվում է  այնպիսի համակարգ, որը հնարավորություն է տալու խթանել բուհերի մրցակցությունը:  «Հիմա պետք է մտածենք նաև, որ պետական պաշտոնատար անձինք բուհերի խորհուրդներից դուրս գան, հակառակ դեպքում մենք չենք կարող անցնել միջազգային չափանիշներին: Այդ բարեփոխմանը ևս մենք պետք է անդրադառնանք»,- նշեց վարչապետը։ Եվ վերջում՝ մի ուշագրավ նախագծի մասին։ 2012 թ.-ին լրացել է հայ աշուղական արվեստի մեծագույն երգչի Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակը։ Վրաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովի աջակցությամբ  այն ընդգրկվել է Հռչակավոր մարդկանց և հայտնի իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2012-2013 թթ. օրացույցում։ Սայաթ-Նովայի հոբելյանը անցկացվում է ոչ միայն Հայաստանում, այլև մեր տարածաշրջանի այլ հարևան երկրներում։ Հաշվի առնելով նշված հոբելյանի ինչպես մշակութային,այնպես էլ ազգային և միջազգային նշանակությունը՝ «Սայաթ-Նովա» մշակութային միությունը կազմակերպում է մեծ գործչի 300-ամյակին նվիրված միջոցառումների շարք, որոնց իրականացման համար ՅՈՒՆԵՍԿՕ-ն տրամադրել է  6 մլն 154 հազ դրամ։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն առաջարկեց հաստատել Սայաթ Նովայի 300-ամյակին նվիրված միջազգային փառատոն ծրագրի արտաբյուջետային միջոցների ծախսման 2013թ նախահաշիվը: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մեկ օր ժամանակ խնդրեց՝ պարզվեց՝ նախարարը փաստաթղթից տեղյակ չէ։