Weather in Yerevan

9°C

wnd: 1.5m/s; hum: 41%;

prs: 686 mm

Weather in other towns

Choose language

Ara Nranyan

Today's citations

In armenian

ՎՊ-ն այս տարի վերջին անգամ կդիմի խորհրդարանին

Հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ օրակարգում պետք է ընդգրկվեր Վերահսկիչ պալատի 2018 թվականի աշխատանքային ծրագրի հաստատման հարցը: Այն, սակայն, արժանացել է բացասական եզրակացության ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովում: Ինչ ծրագիրն էր նախատեսում իրականացնել կառույցը, ստուգումներ որտեղ, եւ ինչու՝ ՎՊ-ի համար անակնկալ ձեւով ծրագիրն արժանացավ բացասական եզրակացության: «Ռադիոլուրը» փորձում է բացել որոշ փակագծեր: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի կազմում կան պատգամավորներ, ովքեր տնտեսական հստակ շահեր ունեն այս կամ այն ոլորտում: Այդ հանձնաժողովի կազմում են, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանը,  Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյանը, Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՎՊ նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը: Սակայն իրականում նրանց գործունեության հետ չէր կապված ՎՊ-ի հաջորդ տարվա ծրագրին բացասական եզրակացություն տալը: Դեռ հոկտեմբերի վերջին ՎՊ խորհուրդը հաստատել էր ծրագիրը, թե որտեղ են հաջորդ տարի ուսումնասիրություններ կատարելու՝ ասում է ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանը: Ավելի հստակ, ՎՊ-ը հաջորդ տարվա համար ստուգումներ էր նախատեսել աշխատանքի եւ սոցիալական հարցերի, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, արտակարգ իրավիճակների, բնապահպանության, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություններում, կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում եւ ԵԱՏՄ աշխատանքի հետ կապված: Այս թվարկման մեջ կա ուշագրավ մի նրբություն: ՎՊ նախագահ Լեւոն Յոլյանը նախատեսել է ուսումնասիրել նույն Լեւոն Յոլյանի աշխատանքը էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար եղած ժամանակ։ Որքանով այն անաչառ կլիներ՝ մնում է միայն կանխատեսել: Իսկ ինչ ծրագրով կառաջնորդվի կառույցը գլխադասային հանձնաժողովից բացասական եզրակացություն ստանալուց հետո դեռեւս հստակ չէ: Ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի անդամներից միայն մեկն էր կողմ քվեարկել ծրագրի հաստատմանը, մնացածը՝ դեմ էին: Հիմնավորում են, որ Սահմանադրության փոփոխություններից հետո՝ ապրիլից, ՎՊ-ն այլեւս չի կարողանա իրականացնել վերահսկողական ֆունկցիա: Այս կառույցին ապրիլից գալիս է փոխարինելու Հաշվեքննիչ պալատը: Ժամանակին աղմկահարույց բացահայտումներով աչքի ընկած ՎՊ-ը արդյո՞ք արդեն վերածվել է ձեւական կառույցի «Ռադիոլուրը» փորձեց ճշտել ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանից: Եթե առաջիկա աշխատանքային ծրագիրը խորհրդարանում դեռ չի հաջողվում հաստատել, ապա արդեն կատարած ուսումնասիրությունների հաշվետվությունը ԱԺ առայժմ չի ներկայացվել: Հայտնի է, որ ստուգումներ են իրականացվել եւ դեռ շարունակվում են սոցապ, առողջապահության, տրանսպորտի եւ կապի նախարարություններում, ասում են՝ հայտնաբերվել են լուրջ չարաշահումներ: Ինչի մասին է խոսքը՝ Արա Նռանյանը հրաժարվում է բացահայտել: Հիմնավորում է՝ օրենքն է արգելում  հայտարարություններ անել մինչեւ հաշվետվությունների պատրաստ լինելը: Նշենք, որ ՎՊ-ը այս տարի վերջին անգամ է դիմում խորհրդարանին իր աշխատանքային ծրագիրը հաստատելու համար: 2018-ից հետո, երբ կառույցը վերածվի Հաշվեքննիչ պալատի, նախատեսվում է, որ լինելու է անկախ կառույց: Այսինքն՝ եթե այժմ ԱԺ-ն է հաստատում Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը, ապա այսուհետ այն հաստատելու է Հաշվեքննիչ պալատը` ինքնուրույն: